29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Կոնյակի գործարանի մոտ տեղի ունեցած կրակոցի մանրամասները. նախագահականում հերքում են

image_60

“Ժողովուրդ”-ն այսօր տեղեկացրել էր, որ  նոյեմբերի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել “Զվարթնոց” օդանավակայանի ճանապարհին։ Թերթը, մասնավորապես գրել էր, որ մի տղամարդ կրակել է Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների ուղղությամբ։ Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը (Կրակեմ Հրաչ) թերթի հետ զրույցում հաստատել է լուրը։

“Մեր աշխատակիցները երեկ՝գիշեր, օդանավակայան գնալու ճանապարհին՝ Կոնյակի գործարանի ճանապարհի վրա են եղել, եւ մի համընթաց մեքենա է եկել, որի միջից կրակել են մեր մեքենայի վրա՝ մեր ծառայության մեքենայի։ Պարզվել է, որ այդ վարորդը Էջմիածնի բնակիչ է, որը հենց մեքենայի միջից կրակել է մեր մեքենայի ուղղությամբ։ Ոստիկանությունը տեղյակ է, եւ շատ օպերատիվ էլ աշխատել են, իսկ հանցագործն էլ արդեն հայտնաբերվել է”,–թերթին ասել էր ՊՊԾ պետը։

Տեղի ունեցածի վերաբերյալ ՀՀ նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանը news.am-ին ասել է.“Որեւէ միջադեպ Հայաստանի նախագահի թիկնազորի կամ նախագահին սպասարկող ավտոմեքենաների հետ տեղի չի ունեցել”: Պատահարը, նրա խոսքով,  տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի թիկնազորի հետ որեւէ առնչություն չունեցող “Նիվա” մակնիշի ավտոմեքենայի հետ, որը ՀՀ ՊՊԾ-ում օգտագործվում է ընթացիկ աշխատանքների համար:

Միջադեպի կապակցությամբ ՀՀ ոստիկանությունից հայտնում են.

“Նոյեմբերի 21-ին, ժամը 1-ի սահմաններում,  անհայտ անձը Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայում, Վաղարշ Վաղարշյանի անվան թիվ  80 դպրոցին հարող հատվածում,  “Օպել  Վեկտրա” մակնիշի ավտոմեքենայով դեպի Հրազդանի կիրճ ընթանալիս, մոտ 5 մետր հեռավորությունից  կրակոց է արձակել  իր  երթեւեկելի գոտով ընթացող “ՎԱԶ 2121” մակնիշի ավտոմեքենայի վարորդի ուղղությամբ, սակայն գնդակը դիպչելով ավտոմեքենայի դիմապակուն՝  անդրադարձ է կատարել:

“Օպել Վեկտրա”-ն հայտնաբերվել է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին հարող տարածքում: Մեքենայում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 2 փամփուշտ, նույն տրամաչափի պարկուճ, վարորդի՝  Աշոտ Կ.-ի փաստաթղթերը: Դեպքի վայրի զննությամբ՝ Ծովակալ Իսակովի  պողոտայի 2 հասցեին հարող տարածքում, հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի մեկ պարկուճ:

Փաստի առթիվ  նոյեմբերի 21-ին ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի  1-ին մասով եւ 235 հոդվածի  1-ին մասով:

Նոյեմբերի 21-ին նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման է ենթարկվել Էջմիածին քաղաքի բնակիչ, 1963 թ. ծնված Աշոտ Կ.-ն, ում ձախ ոտքի շրջանում  հայտնաբերվել է հրազենային վնասվածք,  եւ բժշկական օգնություն ստանալու  նպատակով նրան տեղափոխել են “Մալաթիա” բժշկական կենտրոն: Աշոտ Կ.-ն հայտնել է, որ չի հիշում՝  ինչ է տեղի ունեցել իր հետ: Նույն օրը  նրա ձերբակալելու մասին որոշում է կայացվել:

Նոյեմբերի 22-ին  Աշոտ Կ.-ի կինը ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացրել “Մակարով” ատրճանակ՝  հայտարարելով, որ հայտնաբերել է  իրենց տան մոտ, փողոցում դրված աղբամանի մեջ:

Աշոտ Կ.-ն ցուցմունք է տվել, որ  նոյեմբերի 20-ին ինքը  օղի է խմել ծնողների շիրիմի մոտ, հետո որոշել է գալ Երեւան: Ճանապարհին  իր ավտոմեքենայով վթարի է ենթարկվել և դիմել փախուստի: Հասնելով Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ՝ նկատել է մի ավտոմեքենա, որն իրեն նախազգուշացնող ազդանշան է տվել: Նրան վախեցնելու նպատակով՝ նստելատեղի կողային հատվածից  վերցրել է  ապօրինի պահվող “Մակարով” ատրճանակը եւ մեկ անգամ օդ կրակել: Հետո փորձել է ատրճանակը դնել նստելատեղի ձախ հատվածում, որի ժամանակ պատահամամբ  կրակել է իր ձախ ոտքին ու ստացել հրազենային վնասվածք: Դրանից հետո եւս 4-5 րոպե վարելով՝ մեքենան թողել է փողոցում ու տաքսիով գնացել տուն:

Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատաձգաբանական  եւ դատաքիմիական  համալիր փորձաքննություններ: Նախաքննությունը  շարունակվում է:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ