19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նոր հնարավորություններ Հայաստան-Իրան հարաբերությունների համար

Ապրիլի 2-ին Իրանի և «վեցյակի» միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք նախատեսում են Իրանի նկատմամբ պատժամիջոցների դադարեցում, նոր իրավիճակ են ստեղծել մեր տարածաշրջանում: Եվ այս համատեքստում ավելի քան արդիական է Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը: Հայաստանն ու Իրանը հետաքրքրված են մի քանի ոլորտներում համագործակցությամբ, որոնցից առաջնայիններից մեկը Կառավարության օրակարգում ներառված հարավային երկաթուղու (հայտնի՝ նաև Հայաստան-Իրան երկաթուղի անվանումով) կառուցումն է:

Ծրագրի մեկնարկը տրվել է դեռևս 2013 թ. հունվարի 18-ին՝ ՀՀ Տրանսպորտի կապի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Ռասիա ՖԶԷ» ընկերության միջև կնքված կոնցեսիոն պայմանագրով, որով նախատեսվում է, որ «Ռասիա ՖԶԷ» ընկերությունը կիրականացնի «Հայաստանի հարավային երկաթուղու» ֆինանսավորումը, նախագծումը, կառուցումը և 30 տարով շահագործումը:

3.2 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրի իրագործելիության ուսումնասիրության շուրջ կապալառուի կողմից աշխատանքները մեկնարկել էին դեռևս 2012թ. դեկտեմբերին և տևեցին շուրջ 1.5 տարի: Այն մշակելու նպատակով  «Ռասիա ՖԶԷ» ընկերությունը ներգրավել է միջազգային  ասպարեզում  երկաթուղիների,  արագընթաց ճանապարհների, ճանապարհային կոնստրուկցիաների կառուցմամբ մասնագիտացած և մեծ փորձ ունեցող «Չինաստանի հաղորդակցային ընկերությանը» (CCC-Co.ltd): Ըստ վերջինիս կողմից ներկայացված արդյունքների՝ Գագարին-Ագարակ 305 կմ-անոց երկաթուղու բեռնափոխադրումների տարեկան թողունակությունը կլինի 25 մլն տոննա, իսկ ուղևորափոխադրումներինը՝ 1.1 մլն ուղևոր:

Սա բավականին լուրջ ցուցանիշ է, ինչի շնորհիվ «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագիրը, որպես  «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի առանցքային օղակ, կարող է դառնալ Սև ծովի նավահանգիստներից  դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ կատարվող փոխադրումների ոչ միայն ամենակարճ, այլև տնտեսապես առավել շահավետ ուղի:

Այս համոզմունքն է հայտնել նաև ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին՝ ընդգծելով  ծրագրի իրագործման կարևորությունը ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի համար՝  շեշտելով, որ այն կարող է մեծապես նպաստել Սև ծովի նավահանգիստներից դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ կատարվող ապրանքաշրջանառության աճին: Դեսպանը նաև հաստատել է իրանական կողմի պատրաստակամությունը՝ նշելով, որ երկաթուղու շինարարարական աշխատանքների մեկնարկին զուգահեռ՝ իրանական կողմը ձեռնամուխ կլինի իր հատվածում երկաթգծի կառուցմանը:

Երկաթուղու կառուցման ծրագրի շուրջ տարբեր երկրների և կազմակերպությունների կողմից հետաքրքրություններն ակտիվացել են հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում, երբ Կառավարությունը պետական բարձր մակարդակով հանդիպումներ և գործուն քայլեր ձեռնարկեց այս ռազմավարական ծրագիրը կյանքի կոչելու համար:

Դեռևս 2014 թ. հուլիսի 17-ին ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ հանդիպման ընթացքում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսը նշել էր, որ ՎԶԵԲ-ը, համագործակցելով ներդրումային այլ բանկերի հետ, պատրաստակամ է ներդրումներ կատարել այս ծրագրում: Նման հնարավորությունը մոտ մեկ ամիս առաջ քննարկվել է նաև Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԴ) փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերիի և նրա գլխավորած պատվիրակության հետ Կառավարության ներկայացուցիչների հանդիպման ընթացքում:

Ծրագրի մասին դրական է արտահայտվել նաև ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսը՝ նշելով, որ կապի և հեռահաղորդակցության ոլորտում Հայաստանը վերջին տարիներին լուրջ ձեռքբերումներ ունի՝ վստահություն հայտնելով այդ ոլորտում մեր երկրի մասնագետները դեռ շատ հաջողությունների կհասնեն:

Հյուսիս-հարավ տրանսպորտային կապի ստեղծումը, մասնավորապես՝ երկաթուղու կառուցումն այսօր Հայաստանի տնտեսական զարգացմանն ուղղված ռազմավարական նշանակության առաջնահերթ ծրագրերից ու կարևոր ձեռքբերումներից մեկն է, որի իրագործումը կարող է ոչ միայն Հայաստանին՝ որպես տարանցիկ երկրի նոր տնտեսական հնարավորություններ ընձեռել և նոր շուկաներ բացել հայկական արտադրանքի համար: Սա նաև կարող է լավ խթան հանդիսանալ հայ-չինական համագործակցության ակտիվացման տեսանկյունից, քանի որ Չինաստանը նույնպես հետաքրքրված է այս ծրագրով, ինչի արդյունքում էականորեն կավելանա նաև բեռնափոխադրումների ծավալը:

Այդ իսկ պատճառով անչափ կարևոր է, որպեսզի Կառավարությունը շարունակի ակտիվորեն զբաղվել այս ծրագրի իրականացմամբ: Ներկա տնտեսական դժվարությունների համատեքստում կենսական նշանակություն ունի նման ռազմավարական ծրագրերի իրականացումը, ինչն ավելի իրատեսական է դառնում տարածաշրջանային վերջին զարգացումների համատեքստում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ