20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մերժողները հայտնվելու են ոչ բարվոք վիճակում /վիդեո/

Henaran.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադառնում է սահմանադրական բարեփոխումներին, կառավարման խորհրդարանական մոդելի ընդունման դեպքում Ազգային ժողովին տրվող լծակներին, ընթացող քննարկումներին ու դրանք մերժող քաղաքական ուժերին:

-Պարո՛ն Մինասյան, սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումները բուռն շարունակվում են, և եթե դրանք ընդունվեն, ապա Ազգային ժողովը բավական ուժեղ լծակներ է ունենում, ուժեղ դեր, արդյոք մեր խորհրդարանը պատրա՞ստ է դրան:

-Նախ ասեմ, որ բարեփոխումները՝ փուլային իրենց ենթադրությամբ, դեռևս չեն մտել այնպիսի քննարկումների ժամանակաշրջան, երբ որ բուն բարեփոխումների տեքստը կքննարկվի, քննարկվում է միայն հայեցակարգի մակարդակով: Նախագահի կողմից հավանության է արժանացել հայեցակարգը, որտեղ հստակ ամրագրված է, որ անցում պետք է կատարվի կառավարման խորհրդարանական համակարգին, բայց քանի դեռ տեքստերը լիարժեք մշակված չեն, հրապարակված չեն, խոսել բարեփոխումների դրական կամ բացասական հնարավոր ելքի մասին դեռ վաղ է:

Այնուամենայնիվ, նաև մեր առաջարկների հաշվառմամբ եթե իրականացվեն սահմանադրական փոփոխությունները, և հանրությունը այո ասի այդ փոփոխություններին, նշանակում է՝ մենք անցում ենք կատարելու կառավարման խորհրդարանական ձևին, ընդ որում անցումը, մեր պատկերացմամբ, կատարվելու է 2017 թվականի՝ Ազգային ժողովի նախանշված ընտրություններից հետո: Մինչ ընտրությունները, սակայն, անհրաժեշտ է, որ սահմանադրական փոփոխություններից հետո ընդունվի նոր Ընտրական օրենսգիրքն՝ իր նոր պահանջներով, կարգավորման նոր համակարգերով, որոնք փոխելու են նաև Ազգային ժողովի ընտրությունների որակը: Այլ կերպ ասած՝ հնարավորինս փոքրացվելու է ընտրակեղծիքների և ոչ օրինական եղանակներով ընտրությունների անցկացման տեսակը: Սա նշանակում է, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները ԱԺ-ի նոր քաղաքական պատկեր պետք է հաղորդեն՝ այդ թվում և քաղաքական ուժերի դերի մեծացման, և թե նաև սահմանադրական հիմնարար մոտեցումները ներառող բիզնեսի և քաղաքականության տարանջատման տեսակետից: 

Ազգային ժողովն այս դեպքում, ստանձնելով նոր լիազորություններն, ունի նաև անցումային փուլ, քանի որ կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու դեպքում միայն 18 թվականից հետո է, որ խորհրդարանն ամբողջական իր լիազորությունների տիրույթում է լինելու:

-Ինչպիսի՞ արտաքին և ներքին ռեսուրսներից կարող  է օգտվել Ազգային ժողովը՝ այդ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար: 

-Կան բազմաթիվ ռեսուրսներ, սակայն սկզբունքային մի քանի խնդիրներ կան: Տեսեք՝ երբ մենք խոսում ենք Ազգային ժողովին առհասարակ դերակատարություն վերապահելու մասին, շատ կարևոր է միջազգային փորձի ուսումնասիրությունը և այդ տեսակետից միջազգային լավագույն փորձի ներդրումը Հայաստանում: Պետք է ասեմ, որ թե սահմանադրական փոփոխությունների, թե տեխնիկական աջակցության առումով մեծածավալ գործ իրականացնում են թե եվրոպական կառույցները, նրանց աջակցող հիմնադրամները, և թե նաև ԱՄՆ օժանդակության գործակալությունը՝ USAid, որն իսկապես մեծ աջակցություն ցուցաբերել է հատկապես պառլամենտի վեևրահսկողական գործառույթների իրականացման հարցում՝ թե բյուջետային գրասենյակի կազմավորման հարցում, թե նաև բյուջեի նկատմամբ պառլամենտի վերահսկողության հարցում ոչ ֆինանսական ցուցանիշների մշակման տեսակետից: Բայց այդ աշխատանքները դեռ կիսատ են, ու այս տեսակետից շատ կարևոր է, որ դրանք շարունակեն գործել, որպեսզի մենք կարողանանք սահմանդրական փոփոխությունների հիման վրա ԱԺ-ի նոր դերակատարության համաձայն արտաքին այս ռեսուրսը ճիշտ օգտագործել:

-Ձեր քաղաքական ուժը կողմ է սահմանադրական բարեփոխումներին. խորհրդարանական քննարկումների առումով ինչպես եք իրականացնելու դրանք, որպեսզի և արդյունավետ լինի, և Ձեր քաղաքական ուժի թիրախին համապատասխանի:

-Մենք ի սկզբանե երկու հստակ դիրքորոշում ենք արտահայտել՝ այո, երկրում անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ, երկրորդ՝ դրանք պետք է միտված լինեն ոչ թե ձևական կամ ոչ համակարգային էական փոփոխությունների, այլ ամբողջական համակարգային վերանայումների, որպեսզի անձնակենտրոնությունից մենք անցում կատարենք երկրի համակարգային կառավարման խնդիրներին: Այդ տեսակետից մեր երկու մոտեցումները պահպանելով հանդերձ՝ մենք բովանդակային պահանջներ ենք առաջադրել և դրանց մեջ սպասում ու ակնկալում ենք, որ քաղաքական ուժերը կմտնեն քննարկման մեջ: Ցավալիորեն, երկար ժամանակ առանձին քաղաքական ուժեր, որոնք պահանջում էին բովանդակային փոփոխություններ սահմանադրական մակարդակում, ինչ-որ պահի հրաժարվեցին որևէ բովանդակային քննարկմանը մասնակցելուց՝ պատճառաբանելով, որ նախաձեռնությունը, որ իրականացնում է իշխանությունը, սեփական վերարտադրության համար է: 

Մենք այստեղ հանդես եկանք շատ պարզ բանաձևով, հետևյալով, որ եթե անգամ իշխանությունը նման ցանկություն ունի, ապա քաղաքական ուժերը պետք է միավորվեն այնպիսի բովանդակային պահանջներ առաջադրելու մեջ, որպեսզի այդ ցանկությունը նվազեցվի կամ իսպառ վերանա: Եվ երկրորդ՝ որևէ քաղաքական ուժ չի կարող արգելել գործող Սահմանադրության շրջանակներում սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու իրավասությամբ օժտված հանրապետության նախագահին իր այդ լիազորությունը չիրացնել: Սա նույնն է, թե հակասահմանադրական վարքագիծ պարտադրել գործող նախագահին. չէ՞ որ այսօրվա Սահմանադրությամբ կարգավորումների շրջանակներում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախաձեռնության երկու սուբյեկտ կա՝ նախագահ և պառլամենտ:

Եթե պառլամենտական քաղաքական ուժն ունի ցանկություն իր մոդելը պարտադրելու, այլընտրանքային նախագիծ առաջադրելու, նա կարող է դա իրացնել: Բայց Սահմանադրությունից դուրս գործողություններ իրականացնել, այն է պարտադրել այս սուբյեկտներից մեկին, որ դու իրավունք չունես նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ, հակառակ դեպքում ես ապստամբության կգնամ, սա արդեն սահմանադրական նորմերի կոպտագույն խախտում է: Այլ բան, որ քննարկումների ընթացքում ներկայացվեն փաստարկված հիմնավորումներ, ներկայացվի այլընտրանք, կամ եթե չի անցնում այդ այլընտրանքը, հանրության մոտ սահմանադրական փոփոխությունների իրականացման դեպքում իրականացնել դեմ քարոզ: Սա է ճանապարհը, այլ ճանապարհներ չկան, մնացած ճանապարհները Սահմանադրությունից դուրս են:

Մյուս կողմից մենք ակնկալում ենք, որ մեր մոտեցումները, որ աստիճանաբար տեղ են գտնում նաև հանրության լայն շրջանակներում, հնարավորություն կտան ավելի արդյունավետ քննարկում կազմակերպելու՝ ի շահ պետության և երկրի կառավարման, այլ ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի շահից բխող մոտեցումներով: Երբ մենք խոսում ենք սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության, կառավարման խորհրդարանական մոդելի, տեղական ինքնակառավարման համակարգի ամբողջական փոփոխության, քաղաքացիների և մարդու հիմնարար իրավուքնների և ազատությունների դատական ու ոչ դատական երաշիքների ապահովման մասին, մենք խոսում ենք քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվ ընդգրման մասին երկրի պետական կառավարման գործում, այս բոլորը խոսում է այն մասին, որ մենք ունենք հնարավորություն ակտիվ քննարկումների միջոցով հասնել այն բանին, որ հանրությունն ու քաղաքական ուժերի մեծամասնությունը միավորվեն այս գաղափարների շուրջ: 

Մերժողները հայտնվելու են ոչ բարվոք վիճակում, որովհետև այլ բան է, երբ որ դու հիմնավորապես մերժում ես, այլ՝ երբ ձևական առումով ասում ես՝ չեմ ուզում քննարկել: Մենք մերժում ենք երկրորդ տարբերակը, մենք ընդունում ենք առաջինը՝ մասնակցել բովանդակային քննարկմանև և հասնել արդյունքի:

Եվ վերջին դիտարկումը՝ մեր տեսակետից սկզբունքային նշանակություն ունի կոնսոլիդացիա արտահայտությունը, որը նաև Վենետիկի հանձնաժողովի բանձևի մեջ է ներառված: Սա սկզբունքային հարց է այն առումով, որ արդյոք կոնսոլիդացիա ասելով մենք պետք է հասկանանք քաղաքական ուժերի գումար, թե համոզված կողմերի ու դեմերի ամբողջականություն: Մեր պատկերացմամբ՝ դա հենց երկրորդը պետք է լինի, անգամ եթե նույնիսկ երկու-երեք քաղաքական ուժ կա, որ համոզված է այդ բարեփոխումների կարևորության հարցում, իսկ մնացած ուժերի մեծ մասը պարզապես դեմ է արտահայտվում դեմ արտահայտվելու համար, ոչ թե բովանդակային, ապա այս դեպքում կոնսոլիդացիան բարեփոխումների ուղղությամբ շատ ավելի մեծ է, քան թե հակառակը:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ