19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քլինթոնը պետք է կրի մեղքի իր բաժինը հայ զինվորների սպանության համար. Հ. Սասունյան

Արյունալի գործողությունների ողբերգական շարքը կրկնվում է հայ-ադրբեջանական սահմանին մարդկային մեծ կորստի գնով: Ամեն անգամ, երբ ղարաբաղյան հակամարտության նպատակով բարձրաստիճան պաշտոնյանների այցելություններ կամ միջազգային հանդիպումներ են պլանավորվում, Ադրբեջանն անպայման հարձակումներ է իրականացնում հայ սահմանապահների վրա, ինչի հետեւանքով գրանցվում են բազմաթիվ զոհեր:

Ադրբեջանի ղեկավարները հույս ունեն, որ նման թշնամական գործողություններով միջնորդ երկրների ուշադրությունը կհրավիրեն հակամարտության կարգավորման հրատապության վրա՝ ճնշում գործադրելով Հայաստանի ղեկավարության վրա, որպեսզի վերջինս Արցախի հարցում տարածքային զիջումների գնա:

Անցյալ շաբաթ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այցելեց կովկասյան հանրապետություններ: Երեւան ժամանելու օրն ադրբեջանական ուժերը հարձակում գործեցին հայկական երկու դիրքերի վրա, ինչի հետեւանքով երեք զինծառայող զոհվեց, շատերն էլ վիրավորվեցին: Հաջորդ օրերին գրանցվեցին ադրբեջանական այլ հարձակումներ, որոնք ստիպեցին հայերին հակահարված տալ, ինչի հետեւանքով հիմնականում ադրբեջանական կողմը կրեց տասնյակ կորուստներ:

Հայերն ակնկալում էին, որ առաջին հարձակումից հետո պետքարտուղար Քլինթոնը խստորեն կդատապարտի Ադրբեջանին: Անկասկած, Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունը հաշվարկված էր այնպես, որ այն համընկնի Քլինթոնի՝ Հայաստան կատարած այցի հետ: Սակայն պետքարտուղարը կոչ արեց երկու պետություններին զերծ մնալ ռազմական գործողություններից՝ ընդգծելով, որ ղարաբաղյան հակամարտությունը “կարելի է լուծել բացառապես խաղաղ միջոցներով”: Քլինթոնի անընդունելի հայտարարությունը ագրեսորներին հավասարեցրեց զոհերի հետ: Ավելին, չդատապարտելով ադրբեջանական հարձակումները` նա իրոք քաջալերեց Ադրբեջանին, որպեսզի հավելյալ ագրեսիվ գործողությունների դիմի Հայաստանի դեմ:

Քանի որ բոլորը քաջատեղյակ են, որ Ադրբեջանը նմանատիպ հարձակումները պլանավորում է այնպես, որ դրանք համընկնեն բարձրաստիճան պաշտոնյաների՝ տարածաշրջան այցի հետ, ապա մինչեւ ճանապարհ ընկնելը պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պետք է զգուշացրած լիներ Ադրբեջանին, որ վերջինս զերծ մնա որեւէ թշնամական գործողություններից տարածաշրջանում իր գտնվելու ընթացքում:

Պետական դեպարտամենտը պետք է Ադրբեջանի կառավարությանը խորհուրդ տված լիներ, որ Քլինթոնի այցի ընթացքում հրադադարի ցանկացած խախտում անձնական վիրավորանք կհամարվեր հատկապես պետքարտուղարի համար`չթողնելով նրան այլ ընտրություն, քան չեղյալ հայտարարեր իր` Բաքու այցը: Նույնիսկ եթե նախապես նման զգուշացում չտրվեր, այնուամենայնիվ հարձակումներից հետո Քլինթոնը պետք է հրաժարվեր Բաքու իր այցից: Ցավոք, քարտուղարն ադրբեջանական նավթը հայկական արյունից բարձր գնահատեց: Իր այս քայլերով նա վնաս հասցրեց ԱՄՆ-ի միջազգային հեղինակությանը եւ բարոյական կերպարին:

Քանի որ սա կարող է լինել Քլինթոնի տարածաշրջան վերջին այցը (տարեվերջին նա հեռանում է պետական ծառայությունից), ցավալի է, որ նա իր հետեւում կթողնի բռնության եւ հակամարտության, այլ ոչ թե խաղաղության եւ հաշտեցման ժառանգություն: ԱՄՆ պետքարտուղարը հավանաբար եկել էր Երեւան եւ Բաքու` խրախուսելու ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, սակայն տարածաշրջանում նա առաջացրեց ավելի անկայունություն, քան նախկինում:

Մեկ այլ գործոն, որը խրախուսեց ադրբեջանական հարձակումները 1994-ից ի վեր զինադադարի խախտմանը հայերի կողմից ոչ արժանի հակահարված տալն էր: Պարզապես կրակ արձակելով` հայերը չէին կարողանա զսպել ադրբեջանական ագրեսիան: Պետք է ձեռնարկվեին այլ քայլեր հասկացնելու ալիեւյան վարչակազմին, որ հրադադարի խախտումը թանկ կնստի նրանց վրա:  Պատասխան կրակ արձակելու փոխարեն հայերը պետք է չեզոքացնեին հարձակումներ նախաձեռնող ադրբեջանական ռազմական դիրքերը:

Չնայած ոմանք մտավախություն ունեն, որ հայերի կողմից ավելի ուժեղ հակազդեցությունը կհանգեցնի լայնատարած բախումների, այնուամենայնիվ նման մտահոգություններն անտեղի են, քանի որ Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմ մղելու, ինչպես փաստում է ռազմական փորձագետների մեծ մասը: Վաղաժամ պատերազմ սկսելու դեպքում լուրջ վտանգ կա, որ ադրբեջանցիները կկորցնեն հավելյալ տարածքներ եւ կունենան հսկայական տնտեսական կորուստներ:

Ադրբեջանական հետագա ագրեսիան կանխելու եւ հայկական կողմի զոհերի թիվը նվազեցնելու նպատակով, ստորեւ ներկայացված են յոթ առաջարկներ, որոնք կարող է նախաձեռնել Հայաստանը, եթե Ադրբեջանը շարունակի խախտել հրադադարի ռեժիմը`

–հակահարված տալ`  նշանակետ բռնելով Ադրբեջանի նավթի արդյունաբերության վրա, ոչնչացնելով գազատար եւ նավթատար խողովակները: Լավագույն պաշտպանությունը լավ հարձակումն է:

— ձեռնարկել քայլեր՝ ադրբեջանական դիպուկահարներին չեզոքացնելու ուղղությամբ, ովքեր պարբերաբար նշանակետ են բռնում Հայաստանի սահմանապահների եւ մոտակա գյուղերի խաղաղ բնակչության վրա:

— յուրաքանչյուր հարձակումից հետո անորոշ ժամանակով դադարեցնել բանակցությունները Ադրբեջանի հետ: Չի կարելի խոսել խաղաղության մասին եւ միեւնույն ժամանակ կռվել:

— պահանջել բոլոր երկրներից զերծ մնալ Ադրբեջանին զինամթերք վաճառելուց:

— հորդորել ՀԱՊԿ-ին (հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն)՝ պաշտպանական դաշինքին, որի կազմում մտնում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկիստանը, որպեսզի նրանք զգուշացնեն Ադրբեջանին, որ Հայաստանի վրա հետագա ցանկացած հարձակման դեպքում, ՀԱՊԿ-ի անդամ երկրները հավաքական ռազմական հակահարված կտան:

— հայտարարել, որ Ղարաբաղի հակամարտության հարցերում Ադրբեջանին Թուրքիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը համարվում է թշնամական արարք եւ ուստի հետ վերցնել հայ-թուրքական արձանագրություններից Հայաստանի ստորագրությունը:

— ճանաչել Արցախի Հանրապետությունը որպես անկախ պետություն եւ հրավիրել այլ երկրներին վարվել նույն կերպ:

Հարութ Սասունյան`
“Կալիֆորնիա Կուրիեր” թերթի խմբագիր

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ