23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

21-րդ դարի հիվանդություն. անպատասխանատվություն

Ինչո՞ւ ենք վախենում պատասխանատվություն վերցնել մեր գործերի համար: Այսօր մենք ապրում ենք «անպատասխանատվության» աշխարհում: Մարդիկ ավելի ու ավելի անպատասխանատու են դառնում, և այսօր դժվար է գտնել մեկին, ում կկարողանանք վստահել:

Ցավոք սրտի այսպես է ամենուր՝ տանը, դրսում, համալսարաններում, անգամ՝ եկեղեցում: Մարդիկ չեն ցանկանում նվիրվել մի գործի, և դժվար է նրանցից ստանալ պատասխանատու վերաբերմունք:

Աշխատելով երիտասարդության հետ, գտնվելով ծառայության մեջ` նկատում եմ, որ մարդիկ վախենում են վերցնել պատասխանատվություն: Նրանք ունեն բավականաչափ գաղափարներ, սակայն վախենում են դրանք կյանքի կոչել: Ի՞նչն է պատճառը:

Ինչո՞ւ է մեզ համար այդքան դժվար մեր գաղափարներն իրականացնելը, և դրանք այդպես էլ մնում են որպես սաղմեր՝ չհասնելով իրենց կյանքի սկզբին:

Այս հարցի պատասխանը գնում է մարդկության արարման ու գոյության խորքերը, երբ առաջին մարդիկ ստեղծվեցին երկրի վրա: Մեղսագործությունն այնքան ուժգին ազդեց մարդկանց վրա, որ նրանք ուրացան Աստծուն և զրկվեցին հավիտենական կյանքից ու օրհնություններից:

Ծննդոցի այս պատմության մեջ արդեն տեսնում ենք, թե ինչու են մարդիկ վախենում պատասխանատվություն վերցնել, կամ էլ գցում են դրանք ուրիշների վրա: Այն բանի համար, որ մեղքը մտավ աշխարհ՝ միայն Ադամը չէր մեղավոր, Եվան նույնպես մեղքի իր բաժինն ուներ: Նրանք երկուսն էլ իրենց հերթին մեղքը գցում էին մեկը մյուսի վրա:

Երբ Աստված հարցրեց Ադամին. «Արդյոք այն ծառիցը, որի համար քեզ պատվիրեցի, որ նրանից չուտես, կերա՞ր»: Ադամը պատասխանեց. «Այն կինը, որ ինձ տվեցիր, նա տվեց ինձ այն ծառիցը, և ես կերա»:

Նա Եվային նույն հարցը տվեց. «Դա ի՞նչ ես արել»: Եվան ասաց. «Օձն ինձ խաբեց, և ես կերա»:

Այս պատմությունից երևում է, թե ինչու ենք մենք այդչափ անպատասխանատու, ինչու ենք վախենում ընդունել մեր սխալները: Ադամն իր կնոջն է մեղադրում, իսկ հետո հենց Իրեն՝ Աստծուն, որ Նա տվել էր Եվային իրեն: Եվ իհարկե, Եվան լսելով դա՝ նույնպես պաշտպանվում է՝ արդարացնելով իրեն ու պատասխանատվությունն իր վրայից գցելով: Նա չընդունեց իր մեղքը, բայց մեղադրեց ամեն ինչում օձին, որը փորձեց իրեն:

Այսօր նույնն է կատարվում, անգամ դարեր անց աշխարհն ու մարդիկ չեն փոխվել: Ինչպես գրում է իմաստուն Սողոմոնը. «Ինչ եղել էր, նա էլ կլինի, և ինչ որ արված էր, նա էլ կարվի: Եվ արեգակի տակին բնավ նոր բան չկա»: Սա նշանակում է, որ մեզնից ամեն մեկի մեջ մնացել է այդ անպատասխանատվության հետքը:

Եվ ի ուրախություն մեզ՝ կա մի կատարյալ օրինակ, նվիրվածության ու պատասխանատու վարվելաձևի օրինակ՝ Հիսուս Քրիստոսը, Ով եկավ այս աշխարհ մարդկանց ծառայելու համար, իսկ հետո՝ մահանալու նրանց մեղքերի համար: Նա առանց մեղքի ապրեց ու մեղք չճանաչեց: Նա երբեք ոչ ոքի չմոռացավ, չուրացավ, այլ եղավ կատարյալ ու պատասխանատու, նվիրված Իր ծառայությանը:

Աստվածաշունչն ասում է. «Մենք բաց երեսով Տիրոջ փառքն ինչպես հայելու մեջ տեսնելով՝ նույն պատկերի նման կերպարանափոխվում ենք փառքից դեպի փառք»:

Եվ ի՞նչը կարող է լինել այսօր պատճառը մեր նվիրվածության. Քրիստոսի հանդեպ անկեղծ սերը: Սերը զորություն է, որով մենք կարող ենք հարթել մեր ամեն արատներն ու բացթողումները, այն ծածկում է, երբեք չի դադարում, չի նախանձում …

Սիրեք Քրիստոսին, ծառայեք մարդկանց և մեկ օր կբացահայտեք, որ հաղթել եք ձեր անպատասխանատվությունը:

Կոնստանտին Կուդելկո

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ