24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Խոստում, որ անհնար է պահել ամուսնության մեջ

Ընկերություն, աջակցություն, մտերմություն, ընտանիք, ընդհանուր հետաքրքրություն՝ ահա պատճառները, որոնք մեզ դրդում են ամուսնության: Սրանք նաև պատճառներն են, թե ինչու Աստված ստեղծեց ընտանիքը:

Սակայն խնդիրն այն է, որ շատերն ամուսնանում են՝ պարզապես երջանիկ լինելու ակնկալիքով, այլ ոչ թե աջակցելու, մտերմություն հաստատելու, ընտանեկան երջանկության պատասխանատվությունը վերցնելու համար:

Ես, համենայն դեպս, ամուսնացել եմ բացառապես երջանկության որոնումներով: Ինձ ճիշտ հասկացեք. մնացած ոչինչ ինձ չէր հետաքրքրում: Իմ կինը, այն ժամանակ՝ ապագա կինը, իմ ամենամտերիմ ընկերն էր: Մենք ամուսնացանք՝ հետևելով մեր կոչմանը, որը մեզ ոգեշնչում էր անցկացնել մնացած օրերը միասին:

Մենք ուզում էինք երեխաներ ունենալ: Սակայն վերոնշյալներից ոչ մեկն էլ գլխավոր պատճառ չէր մեր ամուսնության համար:

Միլիոնավոր մարդիկ ամուսնանում են երջանկության որոնումներով:

Առաջին հայացքից սա անմեղ պատճառ է, անգամ՝ ռոմանտիկ: Բայց բարդությունն այն է, որ երջանկությունն առողջ հարաբերությունների արդյունք է, այն պարզապես ինքն իրեն երկնքից չի ընկնում ամուսնացողների վրա: Եվ այն չի կարող ամուսնության նպատակը լինել:

Եդեմի պարտեզում այսպես չի եղել, որ Աստված նայեր Ադամին ու ասեր. «Ինչո՞ւ եք տրտմած: Ի՞նչ արագ բուժում կարելի է անել: Այո՛, ես գիտեմ, Ադամին հարազատ հոգի է պետք, մեկ այլ մարդ, ով կլրացնի շփման պակասը: Ստեղծեմ օգնական նրա համար, ով կիրականացնի նրա ամեն սպասումները»: Միայն Աստված կարող է իրականացնել մեր ամեն սպասումները, ամեն փափագները, միայն Նա կարող է լրացնել մեր միայնակությունը՝ ներքին միայնակությունը, և անհրաժեշտ պատասխաններ տալ:

Ամուսնության իմաստն ընդամենը մեզ պակասող մասնիկը գտնելը չէ: Ամուսնության նշանակությունն իրար օգնելու մեջ է: Ամուսնությունն այն է, երբ կինն ու տղամարդը որոշում են միաբանել իրենց ջանքերն ընդհանուր նպատակին հասնելու համար: Նրանք լավագույնն են տեսնում իրար մեջ, նրանք մեկը մյուսի մեջ տեսնում են մարդու, ում արարել է Աստված, և մեկ մեկու օգնում են հասնելու իրենց նպատակին:

Կինը կամ ամուսինը չի կարող փոխարինել Աստծուն:

Կարիք չկա ամուսնության ուխտի մեջ մտնել միայն այն պատճառով, որ ձեզ թվում է, թե «նա է այն միակը, ում դուք փնտրում էիք»: Հավատացեք, դա այդպես չէ: Չկա այդպիսի հասկացություն: Ամուսնացեք, եթե պատճառը պարզապես այն է, որ դուք հավատում եք այն կոչմանը, որ Տերն ունի այդ մարդու՝ ձեր ընտրյալի համար, և նույնպես ցանկանում եք մասնակցել դրան: Երբ դուք հստակորեն գիտակցում եք, որ ճանապարհը երկար ու բարդ է լինելու, սակայն դուք չեք ցանկանում բաց թողնել այդ ընթացքի վայրկյանն անգամ:

Իմ կինն օգնում է ինձ ավելի լավը դառնալ: Նա քաջալերում է ինձ լավագույնն անելու: Նա ոգեշնչում է ինձ, որ ես լիակատար կերպով իրագործեմ իմ ողջ ներուժը, դառնամ մեկը, ով Աստված է նախատեսել, որ լինեմ:

Նա օգնում է ինձ նաև բացահայտել իմ մեջ այն, ինչ Պողոսն անվանում է «մարմնի գործեր»՝ տգեղ, գարշելի մեկին, ով չի ցանկանում փոխվել: Նա մերկացնում է իմ եսասիրությունը և հպարտությունը:

Հենց սա է պատճառը, որ ամուսնությունը խոնարհեցնում է մեզ: Հեշտ է լինել ամեն ինչում լավը, երբ «բոժոժի մեջ ես ապրում»: Բավական է ամուսնանալ, և ի հայտ են գալիս իրական գույները: Քեզ ասես ճզմեն՝ ինչպես սպունգը: Ամենը, ինչ կար քո ներսում, դուրս է գալիս, լինի դա լավ, թե՝ վատ:

Ներսումս ամեն բան շուռ է գալիս, երբ ամուսնության արարողությանը փեսան ասում է. «Խոստանում եմ, որ ես քեզ երջանիկ կդարձնեմ»: Ես ուզում եմ այդ պահին տեղիցս վեր կենալ ու ողջ ձայնով գոռալ՝ «Դա խոստում է, որ անհնար է պահել: Դա պարզապես անհնար է: Ախր դու Աստված չես»:

Զարմանալի չէ, որ բաժանությունների ժամանակ ամենատարածված արդարացումը սա է. «Ես արժանի եմ երջանիկ լինելու»: Եթե դուք հույս ունեք, որ ձեր կողակիցը կերջանկացնի ձեզ, հուսահատությունն անխուսափելի է, դա պարզապես ժամանակի հարց է: Մեր վճռականությունը երջանկություն գտնելու հարցում իր արմատով սխալական է. «Ես արժանի եմ երջանկության»:

Ողջ կյանքը պարգև է Աստծուց, մեր Արարչից: Մենք համարում ենք, որ իրավունք ունենք կյանքի, ազատության և երջանկության որոնման, բայց Աստված ոչինչ մեզ պարտական չէ: Ինչպես նաև՝ ձեզ ոչինչ պարտական չէ ձեր կյանքի ուղեկիցը: Այդ ամենը պարգև է:

Սա դուք պետք է գիտակցեք նախքան ամուսնությունը:

Եթե ամուսնությունը սկսում եք երջանկության որոնումներից, ձեզ չի սպասում ոչինչ՝ բացի հուսահատությունից: Ինձ ճիշտ հասկացեք: Ամուսնությունն անհավանական ճամփորդություն է: Սակայն այն չի ապահովում դրախտ երկրի վրա:

Ամուսնությունը երկու ոչ կատարյալ մարդիկ են, ովքեր միաբանվում են մեկ նպատակով՝ Աստծուց իրենց տրված կոչումն իրականացնելու:

Թող ամուսնությունն ամուսնություն լինի, իսկ Աստված՝ Աստված: Թող ամուսնությունը ստեղծվի ընկերության, աջակցության, երեխաներով լի տան և ընդհանուր հետաքրքրությունների որոնումներով: Իսկ Աստված թող լինի կյանքի աղբյուրը:

Եվ իհարկե, սա չի նշանակում, որ ամուսնության մեջ դուք ձեռք չեք բերի երջանկություն: Ես այն գտել եմ:

Ահա այն դասը, որ ես առել եմ ամուսնության վերջին մի քանի տարիներից. իմ կյանքի աղբյուրն Աստված է և ոչ իմ կինը: Նա մի զարմանահրաշ պարգև է, ում ես արժանի եմ, բայց նա Հիսուսը չէ: Երբ դուք գիտակցեք սա, հենց այդ գիտակցումը վերջնական վրձնահարված կլինի ձեր կյանքի գեղեցիկ կտավի վրա:

Ջոն Մարկ Կոմեր

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ