18 Հուլիսի, Հինգշաբթի, 2019

Գենետիկորեն փոփոխված ապրանքներ վտանգավորության իրական պատկերը՝ մասնագետի դիտարկմամբ

Վերջին շրջանում բավականին հաճախ է քննարկվում գենետիկորեն փոփոխված ապրանքների (ԳՓԱ) եւ նրանց վնասակարության հարցը: Հատկապես ուշագրավ է ԱՄՆ -ի եւ Եվրամիության միջեւ ծավալված սկանդալային բնույթ կրող վեճերը: Եվրոմիության դժգոհությունն են առաջացրել ԱՄՆ -ից ներմուծվող ԳՓԱ -ների ծավալների մեծացումը, որոնք, ի դեպ, ԱՄՆ-ում արգելված չեն եւ իրացվում են ներքին շուկայում: ԳՓԱ-ների եւ նրանցից պատրաստվող ապրանքատեսակների հիմնական արտադրող պետություններն են ԱՄՆ-ն, Չինաստանը, Ավստրալիան, Կանադան, իսկ հիմնական ներկրողները` ԱՄՆ, Եվրոմիությունը, Ռուսաստանը: 2000 թ -ից սկսած, 13 պետություններ իրականացնում են ԳՓԱ -ներիարտադրություն, որը կազմում է նրանց ընդհանուր արտադրության 68% -ը:Ինֆորմացիոն աղբյուրներում բերված իրարամերժ տեղեկատվությունը բնակչության մեջ ձեւավորել է խուճապային մթնոլորտ, որն, ավելի շուտ, ճշգրիտ ինֆորմացիայի բացակայության եւ ապատեղեկացվածության արդյունք է, քան` հակառակը:Ի՞նչ են ԳՓԱ -ները, արդյոք նրանք վտանգավոր են մարդու առողջության եւ էկոլոգիայի համար:

Քաղաքակրթությունների զարգացումն ընթանում է գլոբալացման ուղով` առաջացնելով նաեւ նորանոր խնդիրներ: Երկրագնդի բնակչության թիվն արդեն 7 միլիարդ է եւ առաջիկա 50 տարում այնկկրկնապատկվի: Առաջնային խնդիր է դառնում բնակչությանը սննդով ապահովելու հարցը: Ծառացած խնդրի լուծման համար կարեւոր եւ հեռանկարային են գիտական` կենսատեխնոլոգիական, ուղղությունների կատարելագործումը, հատկապես գենային ինժիներիայի զարգացումը:

Շնորհիվ գիտատեխնիկական աննախադեպ առաջընթացի, վերջին 100-ամյակի ընթացքում մարդու կերակրացանկը կտրուկ փոխվել է: Փաստացի, հասարակության ուրբանիզացված մասի արդեն 3-4-րդ սերունդը սնվում է ոչ այն սննդով, որով սնվում էին 1000-ամյակներ շարունակ: Գյուղապրանքները, մինչեւ սպառողին հասնելը, անցնում են մի շարք արտադրական վերամշակումներ, հավելվում են քիմիական արդյունաբերության մի շարք պրոդուկտներով (գունանյութեր, կոնսերվանտեր, համային ուժեղացուցիչներ եւ այլն), որոնց նպատակն է լավացնել ապրանքատեսակի համային չափանիշները եւ երկարացնել պահպանման ժամկետը: Քիմիական վերամշակման ճանապարհով փայտից ստանում են էթիլ սպիրտ, սննդային արժեք չունեցող ճարպերից (նավթից եւս)` մարգարին, իսկ երշիկեղենը պատրաստվում է սոյայի, օսլայի, ցելյուլոզի եւ գունանյութերի համակցությամբ: Սննդատեսակների պահածոյացման եւ ժամկետի երկարացման համար կիրառվում են կոնսերվանտներ, որոնք խիստ վտանգավոր են մարդու առողջության համար (ունեն ուռուցք առաջացնող եւ հակաբակտերյալ հատկություններ – առաջացնում են դիսբակտերիոզ): ԳՓԱ-ները մոդայի վերջին ճիչն են եւ սննդային այսբերգի միայն տեսանելի մասը, դրա համար էլ դարձել են տեղեկատվության ամենաքննարկվող խնդիրը, իսկ մնացածը «մանրուքներ են»:

Գենետիկորեն փոփոխված ապրանքները հնարավորություն են տալիս մարդկության առջեւ ծառացած խնդիրների մի ստվար հատվածի լուծման, որն ունի ինչպես կողմնակիցներ, այնպես էլ քննադատողներ: Կողմնակիցների շարքերում են ԳՓԱ արտադրողները, արտադրող եւ արտահանող պետությունները, կենսատեխնոլոգները եւ գենետիկները (հատկապես ԳՓԱ-ների հետ աշխատող մասնագետները), իսկ քննադատողները` բնական ծագումով ապրանքատեսակներ արտադրողներ, որոնք մրցակցային առումով տուժում են, բժիշկների եւ էկոլոգների որոշ շրջանակներ, կրոնական կազմակերպություններ, որոնք խստիվ դեմ են «աստծո գործերում» մարդու խառնվելուն:

Էկոլոգները մատնանշում են, որ ԳՓ – բույսերը կարող են փոխել երկրագնդի էկոլոգիական պատկերը, սակայն մարդկությունն արդեն իր գոյությամբ եւ գործունէությամբ փոխել է այն, եւ սա ընդամենը կաթիլ է տակառի մեջ: Մասնավորապես, մատնանշվում է ԳՓ – եգիպտացորենը, որն ընդունակ է սպանելու վնասատու միջատներին, միաժամանակ սպանում է նաեւ օգտակար միջատներին, մեղուներին: ԳՓ – բույսերը կարող են խաչասերվել իրենց վայրի ազգակիցների հետ եւ փոխանցել փոփոխված հատկանիշները նրանց: Նկատվել են ալերգիաների դեպքեր ԳՓԱ-ների նկատմամբ, օրինակ ԳՓ -գետնանուշից (արախիս) եւ պոմիդորից:

Բայց հիմնական շեշտը դրվում է գենետիկական վտանգի վրա: Ենթադրվում է, որ տրանսգենային ապրանքների մեջ ներդրված օտարածին գեները մարդու մարսողական համակարգով կարող են փոխանցվել մարդուն, եւ մարդը կենթարկվի մուտացիայի` կվտանգվի մարդկային գենոֆոնդը:

Արդյոք այս ամենը ռեա՞լ է, ո՞րն է այս իրարամերժ տեղեկատվության մեջ ճշմարիտը, ի՞նչ են իրենցից ներկայացնում ԳՓԱ – ները եւ ինչո՞վ են սպառնում մարդկությանը:

Գենետիկորեն փոփոխված ապրանքներ (ԳՓԱ) տերմինը օգտագործվում է լաբորատոր պայմաններում գենետիկական փոփոխությունների ենթարկված օրգանիզմները մատնանշելու համար: Գենային ինժեներիայի ժամանակակից մեթոդները թույլ են տալիս անմիջականորեն արագ եւ ուղղորդված կերպով իրականացնել գենետիկական փոփոխություններ: Գենետիկական փոփոխությունները նպատակ ունեն բարելավելու ապրանքի որակը, բարձրացնելու սննդային արժեքը, ուժեղացնելու օրգանիզմների կայունությունը անբարենպաստ պայմանների ու վնասատուների նկատմամբ, օժտելու նոր օգտակար հատկանիշերով եւ այլն: Նախկինում նույն նպատակներին հասնելու համար կիրառվում էին մուտագենեզի, սելեկցիայի եւ կենսատեխնոլոգիական այլ մեթոդներ, որոնք ավելի ժամանակատար էին եւ պատահական բնույթ էին կրում:

Գենային ինժիներիայի ժամանակակից մեթոդներից է մոլեկուլային կլոնավորման մեթոդը, որտեղ օգտագործվում են պլազմիդներ, վիրուսներ (ֆագեր), տրանսպոզոններ` որպես օտարածին ԴՆԹ -ի տեղափոխիչներ (վեկտոր) թիրախ հանդիսացող օրգանիզմի ԴՆԹ -ի կազմի մեջ ներմուծելու նպատակով: Պլազմիդներ: Բակտերաներում, բացի հիմնական` ժառանգական ԴՆԹ-ից, կարող են պարունակվել ոչ քրոմոսոմային ԴՆԹ -ի օղակաձեւ հատվածներ, որոնք ընդունակ են ներգրավվել քրոմոսոմային ԴՆԹ-ի մեջ եւ մասնակցել կենսասինթեզի պրոցեսներին: Պլազմիդները կարող են փոխանակվել մոտ ազգակից բակտերիաների միջեւ` փոխանցելով իրենց մեջ պարունակվող գենետիկական ինֆորմացիան:

Վիրուսներ եւ ֆագեր: Ցանկացած օրգանիզմ բնության մեջ ունի իրեն առանձնահատուկ վիրուսների տեսականի, որոնց նկատմամբ ընկալունակ կարող են լինել նաեւ նրան մոտ ազգակից տեսակները: Վիրուսային ԴՆԹ -ն կարող է ներառվել թիրախ հանդիսացող օրգանիզմի քրոմոսոմային ԴՆԹ -ի կազմի մեջ (պրովիրուս, պրոֆագ) եւ մասնակցել կենսասինթեզի պրոցեսներին:

Տրանսպոզոններ: Սա ԴՆԹ -ի շղթայի հաջորդականություն է, որը կարող է խցկվել (ներառվել) գենոմի զանազան մասերում, միառժամանակ անց կարող են դուրս գալ եւ ներառվել գենոմի այլ հատվածում կամ այլ քրոմոսոմի մեջ («թռչկոտել»): Տրանսպոզոնները, ի տարբերություն մյուսների, չափերով շատ փոքր են:

Նշված ԴՆԹ -ի հատվածների տարատեսակների ներգրավվելը հիմնական` քրոմոսոմային ԴՆԹ -ի մեջ կոչվում է ռեկոմբինացիա (սայտ-սպեցիֆիկ ռեկոմբինացիա): Ռեկոմբինացիայի ժամանակ ներգրավվող ԴՆԹ -ի հատվածը կորցնելով ինքնուրույնությունը անցնում է քրոմոսոմային ԴՆԹ -ի ենթակայության տակ (վիրուսի դեպքում կարող է տեղի ունենալ նաեւ հակառակը` քրոմոսոմային ԴՆԹ-ն կարող է կորցնել ինքնուրույնությունը):

Մոլեկուլային կլոնավորման նպատակով սինթեզվում կամ այլ օրգանիզմից ստանում են անհրաժեշտ գենետիկական ինֆորմացիա կրող ԴՆԹ -ի հատված: Այն ներմուծում են պլազմիդի, վիրուսի կամ տրանսպոզոնի կազմի մեջ, ստանալով հիբրիդային մոլեկուլ` կրող (վեկտոր): Կրողը ներմուծվում է թիրախ հանդիսացող բջջի մեջ, եւ եթե տեղի է ունենում գեների ռեկոմբինացիա` տրանսֆորմացիա (փոխանցում), ապա այս, հիբրիդային ԴՆԹ պարունակող, բջջի սերունդը լինում է միասեռ եւ հանդիսանում է կլոն: Կլոնը կրում է ծնողական բջջի բոլոր հատկանիշները գումարած ներմուծված ԴՆԹ -ի գենետիկական հատկանիշները, որը եւ պահանջվում էր ստանալ:

Ինչպես արդեն նշվել էր, ԳՓԱ -ների հակառակորդները շեշտում են ռեկոմբինացված գեների(վեկտորների) վտանգավորության մասին: Կենսաբանական եւ կենսաքիմիական բավարար գիտելիքներ ունենալու դեպքում պարզ է դառնում, որ սա անհիմն առասպել է: Մարդը սնվում է կենդանական ծագում ունեցող սննդով, որի բջիջների պարտադիր բաղադրիչն են քրոմոսոմային ԴՆԹ -ն, ռիբոսոմային ԴՆԹ -ն, պլազմիդները եւ տրանսպոզոնները: ԴՆԹ –ն, սննդի միջոցով անցնելով մարդու աղեստամոքսային համակարգ, թթվի եւ ֆերմենտների ազդեցությամբ շատ արագ քայքայվում է մինչեւ մոնոնուկլեոտիդների (փոքր մոլեկուլային միավորների), որից հետո միայն կարող է մարսվել` թափանցել աղիների լորձաթաղանթի բջջապատի միջով: ԴՆԹ -ի նույնիսկ ամենափոքր շղթաները (3-4նուկլեոտիդ) անկարող են ներթափանցել աղիներով, հետեւաբար գենային վարակման այսուղին բացառվում է: Բացի դրանից, պլազմիդների եւ վիրուսների կառուցվածքն այնպիսին է, որ նրանք կարող են փոխանցվել եւ ներազդել միայն մոտ ազգակից տեսակների միջեւ: Հետեւաբար, նույնիսկմարդու արյան մեջ նրանց թափանցումը վտանգ չի կարող հանդիսանալ. բուսական եւ բակտերիալ ծագում ունեցող վեկտորների ռեկոմբինացիան մարդկային քրոմոսոմների հետ բացառվում է:

Ալլերգիաների առումով ցանկացած սննդատեսակի նկատմամբ կգտնվեն մարդիկ, որոնց իմունային համակարգը թույլ է եւ չի բացառվում, որ ԳՓԱ -ների նկատմամբ որոշ մարդկանց կամ մեծամասնության մոտ կարող են լինել ալլերգիկ ռեակցիաներ: Հետեւաբար պետք է նախապես տարվեն բժշկական համապատասխան հետազոտություններ, մինչեւ ԳՓԱ -ի շուկա հանելը:

Մոլեկուլային կլոնավորման մեթոդը լայն կիրառություն է ստացել միկրոբիոլոգիայում: Եթե բակտերիալ բջջի նկատմամբ իրականացվում է օտարածին ԴՆԹ -ի էքսպրեսիա (ներմուծում), դա թույլ է տալիս միկրոբիոլոգիական ճանապարհով ստանալ բակտերիաներին ոչ հատկանշական միացություններ, օրինակ մարդկային հորմոններ եւ ֆերմենտներ: Պանրագործության մեջ օգտագործվող հորթի ռենին ֆերմենտի գենը մտցվել է բակտերիայի մեջ եւ հիմա ռենինը ստացվում է արդյունաբերական եղանակով: Դեղարդյունաբերության մեջ լայն տարածում են ստացել հակաբիոտիկների, ամինաթթուների, մարդկային հորմոնների եւ ինսուլինի արդյունաբերական ճանապարհով ստացման եղանակները:Մասնավորապես, շաքարախտի բուժման նպատակով նախկինում օգտագործվող տավարիկամ խոզի լյարդից ստացված ինսուլինի փոխարեն, ներկայումս ամբողջապես օգտագործվումէ բակտերիաներից ստացված մարդկային ինսուլինը, որի գենը ներմուծվել է մոլեկուլայինկլոնավորման մեթոդով:

Մոլեկուլային կլոնավորման մեթոդի օգնությամբ ստացվել են բանջարաբոստանային եւ պտղատու ԳՓ -կուլտուրաներ, որոնք բնօրինակի համեմատ օժտված են մի շարք առավելություններով: Մեթոդը թույլ է տալիս մի բույսի հատկանիշները տեղափոխել մեկ այլ կուլտուրայի մեջ, բակտերիաների կամ կենդանիների գեները պատվաստել բույսերին: Նշենք մի շարք օրինակներ.

– կարտոֆիլի վնասատու Կոլորադյան բզեզը չունի ոչ մի բնական թշնամի, նրա վրա չեն ազդում թունաքիմիկատները եւ պայքարի մյուս միջոցները: Ստացվել է ԳՓ -կարտոֆիլ, որի մեջ մտցվել է բակտերիաներից վերցվաժ խիտին քայքայող ֆերմենտի գենը (խիտինը միջատների կմախքի հիմնական բաղադրիչնէ): Միջատը սնվելով ԳՓ -կարտոֆիլի տերեւներով իսկույն սատկում է, մինչդեռ մարդու եւ ողնաշարավոր կենդանիների համար այն անվնաս է:

– նույն կերպ ԳՓ -եգիպտացորենի մեջ մտցվել է Bacillus thuringiensis բակտերիայի ինսեկտիցիդ (միջատասպան) արտադրող գենը;

– ստեղծվել են ԳՓ -կուլտորաներ, որոնք կայուն են վիրուսների, սնկերի, բակտերիաների նկատմամբ, ցրտադիմացկուն եւ երաշտադիմացկուն են, ունեն բարձր բերքատվություն եւ որակային բարձր հատկանիշներ;

– ԳՓ -պոմիդորը կարելի է 15 C -ում պահել խակ վիճակում 6 ամիս շարունակ, բարձր ջերմաստիճանում այն արագ հասունանում, կարմրում է եւ ստանում շուկայական տեսք` երկարում է պահպանման ու տեղափոխման ժամկետը;

– ստեղծվել են ԳՓ -ծառեր, որոնք ոչնչացնում են արդյունաբերական թափոնները եւ հողը մաքրում են ծանր մետաղներից;

– ԳՓ -բրինձը, սոյան, կարտոֆիլը լայնորեն օգտագործվում են սննդարդյունաբերության մեջ` սոյայի կաթ, երշիկեղեն, վիտամինացված բրնձի հաց, չիփսեր եւ այլն:

Կենդանիներից, ստացվել են ԳՓ – ձկնատեսակներ, որոնք սննդային արժեք չեն ներկայացնում եւ չեն օգտագործվում: Գյուղատնտեսական կենդանիների ԳՓ տեսակներ դեռեւս չկան` պայմանավորված գիտության ներկայիս մակարդակով, բայց սննդի շուկայի ապագան ԳՓ -մսամթերքներինն է: Հեռանկարում` ԳՓ գյուղատնտեսական կենդանիները կարող են օժտվել հիվանդություններինկատմամբ կայուն իմունիտետով, աճի արագությամբ եւ բարձր մթերատվությամբ (պայմանավորված աճի հորմոնների գեներով):

Մի բան ակնհայտ է, ԳՓԱ -ները արդեն մեր առօրյա սննդի մասն են, եւ մենք չենք կարող հսկել եւ կանխարգելել նրա օգտագործումը: Հայաստանի (եւ ոչ միայն) օրենսդրության մեջ չկան ԳՓԱ -ների արտադրությունը, իրացումը եւ ներմուծումը կարգավորող օրենքներ, չկան կանոններ եւ չափանշվածք (ստանդարտ): Երկիր ներմուծվող ապրանքները չեն ստուգվում ԳՓ լինելու առումով: Նույն կարգավիճակում են բոլոր երկրները, թեեւ համապատասխան չափանշվածքներ եւ ԳՓԱ -ների ստուգման ժամանակաշրջան մշակելու փորձեր նրանց կողմից իրականացվում են, Եվրոմիությունը վարում է չստուգված ԳՓԱ -ներ չներմուծելու քաղաքականություն:

Ելքը

Մի շարք միջազգային կազմակերպություններ փորձում են մշակել կանոններ եւ չափանշվածքներ, կատարել փորձարկումներ եւ ստուգումներ, մշակել համապատասխան օրենքներ: Իսկ մինչ այդ, անհրաժեշտ է օրենք, որը կպարտադրի արտադրվող եւ ներմուծվող ապրանքների վրա նշել նրանց բաղադրիչների ծագումը եւ աղբյուրները (ԳՓԱ -ների, քիմիական բաղադրիչների եւ հավելնյութերի պարունակելն ու ծագումը), որպեսզի սպառողը սեփական ընտրության հնարավորություն ունենա: Դա անհրաժեշտ է նաեւ առողջապահության տեսանկյունից. եթե իսկապես ԳՓԱ -ների երկարատեւ օգտագործումը բաթսական ազդեցություն ունենա` ալերգիաներ, խրոնիկ թունավորումներ, «մուտացիաներ» եւս, ապա հետեւելով հիվանդի սննդակարգին, կարելի կլինի պարզել ԳՓԱ -ների վտանգավորության իրական պատկերը:

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոնի» գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Վահագն Հակոբյան

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ