19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հաղթահարվեց մեքենաների ներմուծման նախաճգնաժամային մակարդակը

Անցած տարի վերջապես հաղթահարվեց ավտոմեքենաների ներմուծման նախաճգնաժամային մակարդակը։ Դրա համար պահանջվեց առնվազն վեց տարի։

Հայաստան բերված տրանսպորտային միջոցների քանակը 2014թ. ավելացել է 11,5 տոկոսով։ Գրանցվել է ներմուծման ռեկորդային մակարդակ։ Առաջին անգամ այն անցել է 46 հազարի սահմանը։ Ավտոմեքենաների ներմուծման պիկը Հայաստանում գրանցվել էր 2008թ., երբ ներկրումը ընդհուպ մոտեցավ 42 հազարի։ Տնտեսական ճգնաժամի հետեւանքով 2009թ. այն կտրուկ կրճատվեց եւ միայն 2014թ. հաջողվեց հաղթահարել նախաճգնաժամային մակարդակը։

Չնայած արձանագրված ռեկորդային քանակին, այնուհանդերձ անցած տարվա վերջին նկատվել է Հայաստան ներմուծված տրանսպորտային միջոցների թվի կրճատում։ Մասնավորապես չորրորդ եռամսյակում 2,4 հազարով ավելի քիչ ավտոմեքենա է ներկրվել, քան 2013թ. նույն ժամանակահատվածում։

Տարեվերջին փոփոխություններ են տեղի ունեցել նաեւ տրանսպորտային միջոցների ներմուծման կառուցվածքում։ Կտրուկ ակտիվացել են ներկրումները ռուսական շուկայից։ Միայն տարեվերջի երեք ամիսներին այստեղից ավելի շատ ռուսական արտադրության տրանսպորտային միջոց է բերվել Հայաստան, քան նախորդ երեք եռամսյակների ընթացքում։ Ընդհանուր առմամբ ներկրված 1881 ավտոմեքենաներից 1023-ը բաժին է ընկել այդ ժամանակահատվածին։

 Այսպիսի կտրուկ փոփոխությունը պայմանավորվել է  հիմնականում Ռուսաստանի արժութային շուկայում տեղի ունեցող դրսեւորումներով, որոնց հետեւանքով արձանագրվեց ազգային արժույթի ավելի քան կրկնակի անկում։ Փոխարենը դրան համարժեք չթանկացան տրանսպորտային միջոցները, ինչը նպաստավոր դարձրեց դրանց ներկրումը Հայաստանը։

Դա ակնհայտ երեւում է նաեւ ներմուծված մեքենաների մաքսային արժեքներից։ Եթե տարեսկզբի ինը ամիսներին բերված 858 մեքենաների մաքսային արժեքը կազմել էր 906 միլիոն, ապա տարեվերջի երեք ամիսներին բերված 1023-ինը՝ եղել է 441 մլն դրամ։

Ռուսական շուկայից տրանսպորտային միջոցների ներկրման ակտիվություն է նկատվում նաեւ այս տարվա ընթացքում։ Որքանո՞վ դա կշարունակվի առաջիկայում, դժվար է ասել, որովհետեւ այն կախված է տարբեր գործոններից, այդ թվում՝ ռուբլու վարքագծից։

Վ.ՔՈՉԱՐՅԱՆ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ