19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նախորդների սխալներից մինչեւ ստվերային տնտեսություն. Օսկանյան-վարչապետ հարցուպատասխանից

Կառավարության ծրագրի ներկայացումից հետո պատգամավորները հարցեր ուղղեցին վարչապետ Տիգրան Սարգսյանին: “Եթե չլիներ 2009-ին ՀՀ կառավարության հմուտ քաղաքականությունը, Ձեր գնահատմամբ, ՀՀ տնտեսության անկումն ինչպիսի՞ն կլիներ, եթե կառավարությունը սխալ քայլեր աներ` քսա՞ն, քսանհի՞նգ, մենք ունենք տասնչորս տոկոս”,-հետաքրքրվեց ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը եւ հավելեց, որ կառավարությունն այդ անկումը, բացի տնտեսական ճգնաժամից, բացատրում է նաեւ այն տնտեսությամբ, որը ժառանգել է, այսինքն, համարում է , որ նախորդները ճիշտ քաղաքականություն չեն վարել :

Վարդան Օսկանյանը վարչապետին հարց ուղղեց նաեւ ստվերային տնտեսության եւ հարկեր-ՀՆԱ հարաբերակցության վերաբերյալ: “Այսօր, ամենահամեստ գնահատականներով, Հայաստանի տնտեսության ստվերային մասը երեսուն տոկոս է, իսկ դուք ընդամենը  0,2 -ից  0,4  տոկոս ուզում եք հավաքագրել ինչ-որ նոր հարկ”,-ասաց Վարդան Օսկանյանը եւ հետաքրքրվեց, թե արդյոք վարչապետը հակասություն չի տեսնում այս տվյալների եւ խոստացված բարեփոխումների միջեւ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նախ նշեց, որ սա այն հարցն է, որը մշտապես եղել է բանավեճի առարկա: “Այո, կարող էինք խուսափել, եթե շինարարութունը ՀՆԱ-ի մեջ չունենար այդպիսի մեծ տեսակարար կշիռ”,-ասաց Տիգրան Սարգսյանը:  Վարչապետը նշեց, որ շինարարության ոլորտում տարեկան յոթ հարյուր միլիոն դոլարի ներդորւմներ են եղել:  Այս հանգամանքը խոչընդոտել է տնտեսության մյուս ճյուղերի զարգացումը: “Սա էր հիմնական պատճառը, որ անկումը մեծ էր, այսինքն, մեր տնտեսության դիվերսիֆիկացիայի մակարդակը ցածր էր եւ տասնչորս տոկոսանոց անկման մեջ տաս ու կեսը շինարարության ոլորտն էր, ընդ որում, երկուս ու կեսը կազմում էին անուղղակի հարկերը”:

Վարչապետը նշեց նաեւ , որ շինարարության ոլորտն էլ դիվերսիֆիկացված չէր, քանի որ հիմնականում էլիտար շինարարություն էր գնում:

“Երբեւիցե մենք այս  խնդրի մեղքը ուրիշի վրա չենք բարդել, որովհետեւ մենք ապահովել ենք քաղաքական իշխանության շարունակականությունը եւ  մենք ենք պատասխանատու իրավիճակի համար: Եթե Դուք ասում եք նախորդներին, ապա նախորդների մեջ մենք ի նկատի ունենք մեզ: Կարծում եմ այդ քաղաքական շեշտադրումը կարեւոր է, մենք որեւէ մեկին չենք մեղադրում, այլ ասում ենք, թե ինչ հիմնախնդիրներ կան, որոնց համար մենք պատասխանատու ենք ”,-հայտարարեց Տիգրան Սարգսյանը:

Նա հիմնախնդիրների թվում նշեց, որ, Հայաստանում դեռեւս չի ապահովվում արդարացի եւ հավասար բիզնես -միջավայր, ինչը տնտեսության զարգացման լրջագույն խոչընդոտ է: “Հենց այս ռիսկով է պայմանավորված կառավարության հաջողումը կամ ձախողումը: Եթե մենք չկարողացանք խոշոր բիզնեսիին, որը  շարունակաբար  չարաշահում է իր գերիշխող դիրքը շուկայում, բերել հավասար դաշտ, այս բոլոր ծրագրերը կտապալվեն”,-շարունակեց վարչապետը: Տիգրան Սարգսյանը նշեց, որ կառավարությունը սահմանել է այդ գործիքները` օրենսդրական փոփոխությունները, կառավարության գործողությունները, պատժամիջոցները, ՏՄՊՊՀ-ին նոր լիազորույթուններ տրամադրելը եւ քաղաքական կամքի դրսեւորումը:

Տիգրան Սարգսյանը շեշտեց, որ ամենակարեւոր գործիքը հրապարակայնությունն է, եւ պարբերաբար հանրությանն են ներկայացվելու փաստերը: “Մաքսիմալ հրապարակայնություն ենք ապահովելու, այդ առումով առաջին քայլերն արդեն իրականացվել են”-նկատեց նա:

Տիիգրան Սարգսյանը նշեց, որն այս միջոցառումների իրականացումից հետո ստվերային տնտեսության ծավալները կնվազեն, եւ կավելանա հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը:

Արձագանքելով վարչապետի պատասխանին, Վարդան Օսկանյանն ասաց, որ երկու ձեռքով կողմ է, բայց կարծում է, որ ստվերային տնտեսույթան կրճատման ցուցանիշները պետք է ավելի բարձր լինեին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ