25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կյանքը՝ Աստծո հոգատար ափի մեջ

Ինչո՞ւ ուրեմն մտահոգվել վաղվա մասին։ Վաղվա մտահոգությունը վաղվա՛ն թողեք։ Յուրաքանչյուր օրվա նեղություն ինքնին բավարար է»։ Մատթեոս 6:34

Տիրոջ հոգատարությունը սահմաններ չունի։ Երբեմն մենք չենք գիտակցում՝ մեզ հետ պատահած այս կամ այն իրադարձության հետևում ով է կանգնած, երբ այդտեղ Տերն է։

Հաճախ պատահում է այնպես, որ թվում է՝ շատ վատ բան է պատահել մեզ հետ։ Անարդարացի, անիմաստ մի բան, որը կարող էր չլինել, պե՛տք է չլիներ։ Ախր մենք այդպես չէինք պատկերացրել, այդպես չէինք պլանավորել, այդպես չէինք ցանկացել․․․ Եվ միայն ժամանակի հետ ենք հասկանում, որ պատահածը մեր նվերն էր, ընծան, որն ուրիշ ոչ մեկը չէր կարող մեզ տալ՝ Աստծուց բացի։

Ամիսներ առաջ իմանում եմ, որ պիտի դուրս գամ իմ վարձակալած բնակարանից։ Այդ տանը ես ապրել էի բավական երկար, սիրում էի տան ամեն հատվածը, որոնք զարդարել էի իմ պատրաստած խեցեղենով, իմ գրքերով, ծաղիկներով։ Տունն իմ աշխարհն էր՝ եթե կարճ պատմեմ։ Հենց տան ներսում իմ արվեստանոցն էր, որտեղ ստեղծագործում էի ու վայելում կյանքը։ Իմ տան տերը, որը շատ բարեխիղճ մարդ է, երբեք չէր թանկացրել բնակարանի վարձը, ինչպես արել էին շատերը վերջին մեկ տարվա մեջ։ Խիղճն ու սիրտը կորցրած մարդիկ։ Բայց ստացվել էր այնպես, որ տունն իրեն ևս իսկապես պետք էր, ուստի պայմանավորվում ենք, որ մարտին կազատեմ բնակարանը։

Ամիսներ առաջ այս լուրն իսկապես լուրջ հարված էր ինձ համար։

Շուտով առհասարակ պիտի տեղափոխվեմ երկրից, ու դրանից առաջ տեղափոխվել իմ սիրած ու փայփայած տանից՝ մեծ ու չբուժվող վերքի պես էր։ Չէի պատկերացնում՝ ինչպես եմ կազմակերպելու տեղափոխությունս, ինչպես պիտի հրաժեշտ տամ բազմաթիվ իրերի, ինչպես պիտի քանդեմ ու նորից հավաքեմ իմ աշխարհը։

Հետո գալիս է ապաքինման փուլը։ Կամաց-կամաց սկսում եմ ֆիլտրել տարբեր իրեր ու որոշել դրանց ճակատագիրը, սկսում եմ նվիրել, մի մասը՝ վաճառել, տունը՝ թեթևացնել։ Այդպես թեթևացնել նաև ինձ։

Պատրաստվել թռիչքի, նոր կյանքի, նոր իրականության։ Հետո գալիս է այն երանելի գիտակցումը, որ միայն ու միայն այս կերպ ես կարող էի թողնել իմ այստեղի կյանքն ու տեղափոխվել ԱՄՆ՝ ամուսնուս մոտ։ Միայն այս կերպ ես կարող էի հրաժեշտ տալ իմ աշխարհին Հայաստանում։ Եվ քանի որ Տերը գիտեր դա և գիտեր, որ ինձ ժամանակ է պետք տանից կտրվելու համար, ինձ տրվում է ամբողջ երեք ամիս։ Ասում եմ՝ հոգատարությունը սահմաններ չի ճանաչում։ Եվ միշտ չէ, որ մենք հասկանում ու տեսնում ենք դա։ Սկզբում ինձ թվում էր, որ շատ անարդարացի ու անիմաստ է Հայաստանից գնալուց ընդամենը երկու ամիս առաջ տանից տեղափոխվելու սթրեսն ապրել, իսկ հիմա վստահ եմ՝ չլիներ սա, ինձ տասն անգամ ավելի դժվար էր լինելու, ավելի ցավոտ, ավելի անմխիթար։ Իսկ հիմա շնորհակալությանս զգացումն անվերջ է։

Ինչպես ասացի՝ տան մեջ էր իմ արվեստանոցը, ու մինչև ԱՄՆ տեղափոխվելն ինձ տարածք էր անհրաժեշտ ստեղծագործական կյանքս շարունակելու համար, քանի որ բնակվելու տեղ ունեի։ Երկար չեմ փնտրում, գիտեի, որ չնայած Երևանում տարածք գտնելու դժվարություններին, ամեն ինչ պիտի մեկ-երկու օրում լուծեմ։

Ամուսինս ասում էր. «Ախր, անհնար է մեկ-երկու օրում տարածք գտնել, համբերի՛ր, կստացվի ամեն բան»։ Բայց ես չէի կարող համբերել՝ տեսնելու այն, ինչ պահել էր Տերն ինձ համար։ Պահել էր՝ չնայած բոլոր դժվարություններին, խոչընդոտներին, անհարթություններին։ Եթե կյանքի իմ այս շրջանում ինձնից մեն մի խորհուրդ հարցնեին, որը կտայի անխտիր բոլոր մարդկանց, դա կլիներ հետևյալը․ «Երբեմն-երբեմն անվճար արեք այն, ինչի դիմաց կարող եք մեծ գումարներ վերցնել, օգնե՛ք մարդկանց ձեր հմտությունների սահմաններում, արեք դա անշահախնդիր։ Որովհետև այն դռները, որոնք բացում է անշահախնդիր, առանց գումարի աշխատանքը, ուրիշ ոչինչ չի կարող բացել»: Ես ասածիս ճշմարտացիության մեջ հազար անգամ եմ համոզվել, հազարմեկերորդ անգամ միայն վերջերս, երբ արվեստանոցիս համար տարածք էի փնտրում։ Ի վերջո տարածքը գտա այնտեղ, որտեղ ցանել էի անշահախնդիր օգնության սերմեր։

Երջանիկ էի, գոհունակ, շնորհակալ։ Նորից ունենալու եմ արվեստանոց, ստեղծելու եմ և ստեղծագործելու, նորից ժպտալու եմ երկնքին ու Աստծուն։ Որովհետև երբ Տերը մի բան հեռացնում է մեզնից, հեռացնում է հենց մե՛զ համար, որ մոտեցնի մեզ ա՛յն իրականությանը, ինչի մասին վախեցել ենք անգամ երազել։ Տիրոջ հոգատարությունը, իսկապես, սահմաններ չունի։ Ամեն։

Անժելա ՊՈՂՈՍՅԱՆ

Qahana.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ