19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Մեզ սպասում են ծանր, ցավոտ լուծումներ․ պայմանագրեր պետք է ստորագրվեն և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ»․ Լևոն Տեր-Պետրոսյան

Մեզ սպասում են ծանր լուծումներ, ցավոտ լուծումներ, պայմանագրեր պետք է ստորագրվեն և՛ Ադրբեջանի հետ, և՛ Թուրքիայի հետ։ Դա ոչ մեկի քիմքին հաճո չի լինելու։ Բայց կա մի պահ, երբ այլընտրանք չկա։ Եթե չի ստորագրվում որևէ փաստաթուղթ, եթե հաշտություն չի կնքվում այս երկու հարևանների հետ, որոնք գիտեք՝ ինչքան են մեզ սիրում, մենք այլևս այդ 70 տարվա իրողությունը չենք կարող վերականգնել, և նորից պետք է քարը քարի վրա պետություն կառուցենք, պետք է աշխատենք, շենացնենք այս երկիրը»,-Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը։
Առաջին նախագահը նկատեց՝ ինչպես ինքը, այնպես էլ հասարակությունը, ընդդիմությունը, քաղաքագետները, քաղտեխնոլոգները ինֆորմացիա չունեն, թե իրականում ինչ պրոցեսներ են գնում․ «Այդ ինֆորմացիային տիրապետում է միայն Նիկոլ Փաշինյանը։ Գուցե Նիկոլն է և մի երկու-երեք հոգի, որ ամբողջ ճշմարտությունը գիտեն, որ գիտեն, թե ՌԴ-ն իրենց ինչ է առաջարկում, Թուրքիան ինչ է առաջարկում, ԱՄՆ-ը ինչ խորհուրդներ է տալիս։ Հիմա ես կլինեմ, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, անգամ՝ Վեհափառը, մենք այդ ինֆորմացիային չենք տիրապետում։ Որպեսզի լուծումներ գտնենք, պետք է փոխվստահություն առաջացնենք։ Այո, այդ հանդիպումները պետք է կոնֆիդենցիալ լինեն, ոչ մի ճիշտ կամ կեղծ արտահոսք չպետք է լինի, որ գործը գլուխ գա։ Իմ առաջարկի բուն իմաստն այն է, որ ընդդիմության մեծագույն մասը կարծում է, որ եթե Նիկոլից կարողանան ազատվել, ապա մենք կարող ենք խուսափել այդպիսի ցավոտ լուծումներից։ Սա միամտություն է։ Ով էլ գա՝ նույնը, գուցե, ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու»։

Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքով՝ պետք է ինֆորմացիային տիրապետեն, որպեսզի հասկանան՝ կա՞ արդյոք ավելի լավ լուծում․ «Ես գիտեմ, որ բոլոր լուծումներն էլ վատ են լինելու մեզ համար։ Ես տեսնում եմ խնդիր՝ այդ բոլոր վատ լուծումներից ընտրել ամենաքիչ ցավալին։ Սա է մեր ակնկալիքը՝ ամենաքիչ ցավալի լուծումը։ Իսկ դա հասկանալու համար մենք պետք է տիրապետենք այդ ինֆորմացիային, որի միակ տերը Փաշինյանն է, ուրիշ ոչ ոք։ Ավելին ասեմ՝ Փաշինյանն էլ է վախենում ստորագրել այդ փաստաթուղթը, որովհետև դուք շատ լավ գիտեք՝ ինչ փաստաթուղթ էլ ստորագրի, պետք է ասեն դավաճան, թուրք։ Այդպես է 100 տոկոսով։ Իմ կարծիքով՝ մենք Փաշինյանին նույնիսկ ձեռք ենք մեկնում, եթե միասին ենք ընտրում այն ամենաքիչ ցավալի տարբերակը, դրանով մենք պատասխանատվություն ենք ստանձնում այդ պայմանագրերի համար․ ես պատրաստ եմ դրան։ Իսկ այսպիսի բան հաջողացնելու համար երկու կողմից բացարձակ անկեղծություն է պահանջվում։ Շատ մարդիկ կան, իրենց թվում է՝ հենց Փաշինյանից ազատվեն՝ իրենք նախագահ կդառնան։ Ես հայտնի դեմքերից բացի, ամեն օր մեկը մի հատ տրիբունա է տեղադրում փողոցում, իրեն երևակայում է Հայաստանի հաջորդ ղեկավար»։
Դիտարկմանը՝ առնվազն երկու բան, որ Հայաստանից ուզում են, հայտնի է՝ Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում և Հայաստանից միջանցք տալ, նա արձագանքեց, որ չի ուզում մանրամասների մեջ մտնել․ «Դրա մասին այնքան են խոսել։ Դա կարելի է ասել, բայց կհաջողի, թե ոչ, ով գիտի։ Դատարակ խոսակցություններ են դրանք»։
Նա շեշտեց՝ աշխարհում չկան երկու հարևան պետություններ, որ հաշտության պայմանագրեր չունեն։

Դիտարկմանը՝ բայց դա հաշտության պայմանագիր չէ, դուրս է գալիս՝ կապիտուլյացիայի պայմանագիր, նա արձագանքեց․ «Այո, մեզնից ավելի հզոր երկրներն են կապիտուլյացիայի ենթարկվել։ Ես առաջինն եմ ասել, որ Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել։ Այո, ի՞նչ է եղել, Ճապոնիա՞ն չի նվաստացել, չի՞ կապիտուլացվել, ի՞նչ է եղել այստեղ։ Սա մեր ցանկությունը չի եղել, հանգամանքներն են բերել դրան։ Մեր հակառակորդների ագրեսիվությունը, մեր իշխանությունների սխալները, որոնք հանգեցրել են այս վիճակին։ Եթե ես սխալ գործել եմ, ոչ այս ուղղությամբ։ Ընդհակառակը, ես առաջինն էի, որ ասում էի՝ միակ ճանապարհը սա է»։

Լրագրողը նկատեց՝ Ձեզ մեղադրում են, որ մինչև վերջ չտարաք։
«Իսկ ո՞վ չթողեց, որ չտարա։ Այս սրահում մենք հանդիպել ենք, ես բացատրել եմ՝ եթե ես ուրիշ բան անեի, Հայաստանում քաղաքացիական պատերազմ էր սկսվելու։ Մանավանդ, մի տարր էլ կար, որ կարող էր հավասարակշռել, բայց իր առաքելությունը չկատարեց՝ դա մեր մտավորականությունն էր»,-արձագանքեց Լևոն Տեր-Պետրոսյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ