19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Մեր աչքից վրիպում է մի շատ կարևոր բան. Ադրբեջանն արդեն ԵՏՄ նիստին է մասնակցում». Նարինե Մեհրաբյան

ՀՀԿ խորհրդի անդամ Նարինե Մեհրաբյանի կարծիքով՝ երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու և հաջողության հասնելու համար անհրաժեշտ են կարող և ցանկացող մարդիկ, ովքեր կուզենան փոխել պատմության անիվը, հեռու մնալ այս վարկաբեկող իրավիճակից և վերականգնել Հայաստանի երբեմնի տեղը, որն ունեցել ենք միջազգային հարթակներում:

«Ճիշտ է՝ ներկայումս շատ ավելի լարված է արտաքին քաղաքական աշխարհը, քան եղել է որոշ ժամանակ առաջ, բայց այնուամենայնիվ, մենք ունեինք բոլոր նախադրյալները՝ գոնե պահպանել եղածը և երկարաժամկետ պլանում դրական արդյունքներ ապահովել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Անդրադառնալով Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև-Շառլ Միշել հանդիպմանը՝ նա ընդգծեց, որ այս հանդիպումները պետք է ՄԽ հովանու ներքո անցկացվեին. «Չպետք է թույլ տրվեր գոնե հայկական կողմից, որպեսզի այդ միջազգային մանդատ ունեցող կառույցը իսպառ վերանար, իսկ Ադրբեջանը նշում է, որ այդ կառույցն այլևս հուղարկավորված է և երբևէ վերադարձ այդ կառույցի գործունեությանը չի լինելու: Վերանալով Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարությունից՝ մենք իրապես տեսնում ենք, որ այդ կառույցը դադարեցրել է իր գործունեությունը, մենք իրապես տեսնում ենք, որ ԵԱՀԿ ՄԽ-ն՝ որպես այդպիսին, գոնե առժամանակ սառեցրել է իր գործունեությունը»:

 

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից համանախագահի փոփոխությունն էական չէ այն պատճառով, որ այս ժամանակահատվածում համանախագահների հովանու ներքո ոչ մի էական գործընթաց չի եղել. «Այսինքն՝ դա գուցե քաղաքական նպատակ հետապնդող, կառույցի գործունեությունը չմահացնելու, այլ սառեցնելու շարժ է, բայց մեր շահերից բխում էր այդ ձևաչափի պահպանումը: Հայկական կողմը կարող էր այս պահին, ելնելով ՄԽ գործունեության սառեցումից, չշտապել: Ես չեմ հասկանում այս շտապողականության նպատակը: Ես հասկանում եմ թուրքական կամ ադրբեջանական կողմի շտապողականությունը, քանի որ իրենք տեսնում են այս պահին մի իրավիճակ, երբ կարողանում են իրենց համար ցանկալի արդյունքներ գրանցել, բայց մեզ համար չեմ հասկանում այս շտապողականության նպատակահարմարությունը»: 

Դիտարկմանը՝ իշխանություններն ասում են՝ պետք է կոնֆլիկտն արագ հանգուցալուծել և խաղաղության դարաշրջան հաստատել, նա արձագանքեց. «Վստահ եմ, որ բոլորն էլ գիտակցում են՝ արագ նման միջազգային մակարդակի հարցեր լուծելն իրատեսական չէ կամ լինում է այնպիսի կորուստների և չհաշվարկված քայլերի գնով, որոնք գուցե որոշ ժամանակ անց շատ ավելի ծանր հետևանքներ ունենան, քան մենք գիտակցում ենք: Նույն Թուրքիայի հետ կապված մեր հասարակության մեջ սոցիալական խնդիրներն այնչափ կարծրացած են, որ թուրքական կապիտալի ներհոսքը գուցե որոշ մարդկանց մոտ սոցիալական ապահովության զգացում արթնացնի, բայց մենք հասկանում ենք, որ այդ կապիտալի ներհոսքի դիմաց, ինչպես Վրաստանի որոշ քաղաքների դեպքում է եղել, կարող ենք գույքային և նաև աշխատանքային շուկայի պարտավորվածությունների առաջ կանգնել»:

Նարինե Մեհրաբյանն ընդգծեց, որ այս ընթացքում բազմաթիվ կորսված հնարավորություններ են եղել՝ բարձրաձայնելու հայկական շահերը. «Նույն Բերձորի, Աղավնոյի և Սուսի հետ կապված իրադարձությունների ժամանակ հնարավոր էր միջազգային լրատվական համախումբ հրավիրել, աշխարհի բոլոր ծայրերից մոտ 10-12 լրագրող՝ արաբական, ռուսական, ամերիկյան, բրիտանական, իրանական տարբեր լրատվամիջոցներից, գալ, տեղում փաստավավերագրել այն ամենը, ինչ կա՝ սկսած եկեղեցիներից՝ վերջացրած այն պատմամշակութային արժեքներով, որոնք տեղահանելը պարզապես հնարավոր չէր: Այդ ամբողջի պատմավավերագրումը հետագա շատ լավ ապացույց էր լինելու, քանի որ անքննելի է, որ դրանց նկատմամբ մշակութային վանդալիզմ է իրականացվելու: Այսինքն՝ դա իրեղեն փաստ էր՝ ոչ հայկական կողմից ներկայացվող, որը վաղը-մյուս օրը միջազգային ատյաններում կարող էր շատ լավ զենք լինել մեր ձեռքում՝ որոշակի դրական արդյունքներ արձանագրելու համար»:

Նա նկատեց. «Մեր աչքից վրիպում է մի շատ կարևոր բան. Օրերս տեղի ունեցած ԵՏՄ հանդիպման ժամանակ Ադրբեջանն այնտեղ ներկայացված էր հյուրի կարգավիճակով՝ վարչապետի մակարդակով: Իսկ մենք չենք կարող հաշվի չառնել այն հանգամանքը, որ Ադրբեջանն այն քիչ պետություններից է, որը ոչ մի միջազգային կառույցի ո՛չ անդամակցում է, ո՛չ ցանկանում է անդամակցել, այսինքն՝ ամեն կերպ իրեն հետ է պահում այն կապանքներից, որոնք ենթադրում են միջազգային կազմակերպությունների կողմից ստանձնած պարտականությունները, բայց ինքը ներկա էր այնտեղ: Սա ևս ՌԴ-ի կողմից արվող քաղաքական պրոցեսների արդյունք է, որ Ադրբեջանն այլևս ԵՏՄ-ին մասնակցում է: Ադրբեջանն օգտագործում է նաև ԵՏՄ-ի հարթակը, որը բացառապես տնտեսական հարթակ է՝ արցախյան հակամարտության խնդիրն այնտեղ բարձրացնելու համար, որովհետև Ադրբեջանի վարչապետն այնտեղ ասաց՝ մենք պատրաստ ենք ԵՏՄ-ին տրամադրել մեր տրանզիտային հնարավորությունները՝ ճանապարհային կոմունիկացիաների բացվելու պարագայում: Իրենց շահերի պարտադրումն ամեն քայլափոխի տեսնում ենք, ինտենսիվ աշխատանքներ ենք տեսնում»:

Նրա խոսքով՝ Հայաստանում առկա հակառուսական տրամադրությունները շատ հաճախ արդարացված չեն կամ քաղաքական նպատակ են հետապնդում՝ չունենալով այն ամուր հենքը, որը հայկական շահի ներկայացումը պետք է լիներ. «Այդ դեպքում մեր ձայնն առավել լսելի և հիմնավորված կլիներ, մենք կարող էինք ասել, որ սա հակասում է մեր շահին: Բայց երբ պարզապես լինում է աղաղակ կամ փոթորիկ՝ մեկ բաժակ ջրում, դա հակառուսական տրամադրության ազդեցություն է թողնում: Զարմանալի է, որ ՌԴ նման տերությունն անցել է Հայաստանին պաշտոնական մակարդակով նախազգուշացման»:

Նրա խոսքով՝ ընդդիմությունը չպետք է թերագնահատի պարզ քաղաքացիների հետ աշխատանքը, չխոսի միայն այն հանրային օրակարգի շուրջ, որ փոփոխություն է անհրաժեշտ, այլ բացատրի փոփոխության արդյունքում հնարավոր դրական արդյունքները. «Մեր հասարակությունը դրական նոտայի կարիք ունի: Հստակ գիտակցել, որ պոպուլիստական կլինի դրական բաներ խոստանալը, բայց անհրաժեշտ է գոնե արթնացնել այն հույսը քաղաքացու մեջ, որ հնարավոր է քաղաքական որոշակի գործընթացներ բեկել»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Ռազմիկ Մարտիրոսյան

168.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ