26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բանակը մեր լուսեղեն ապագայի երաշխիքն է. Արամ Ա /ֆոտո/

Հունվարի 25-ին Բանակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ՀՀ ԶՈւ հոգեւոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ։ Պատարագին ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, Հայ Առաքելական Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ ԶՈւ բարձրագույն սպայական կազմը, Հայկական բարեգործական ընդհանուր միության անդամներ, ժամկետային զինծառայողներ, կուրսանտներ:

Պատարագի ավարտին Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց ներկաներին։ Նշվեց, որ արդեն ավանդույթ դարձած այս պատարագի շրջանակում առիթ է ընձեռնվում հաղորդակից լինել մեր զինվորական եղբայրներին եւ միասին աղոթք հղել առ Աստված զինծառայողների համար, ովքեր երբեմն իրենց կյանքի գնով անառիկ են պահում մեր հայրենիքի սահմանները: Վեհափառ Հայրապետը ՀՀ զինված ուժերի սպասավորներին մաղթեց նորանոր հաջողություններ եւ, որ Տերը հաղթական պահի հայ զինվորի բազուկը՝ ի փառս մեր ժողովրդի:

Ներկաներին իր օրհնության խոսքը հղեց նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, ով ընդգծեց, որ բանակը մեր լուսեղեն ապագայի երաշխիքն է: Դարեդար հայկական եկեղեցին եւ հայոց բանակը գործել են միահամուռ՝ ուս-ուսի տված, եւ հենց դրանում էլ կայանում է մեր ազգի հզորությունը:

Իր խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհակալություն հայտնեց հոգեւորականներին մշտապես բանակի կողքին լինելու համար: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշեց, որ շարքային զինվորից մինչեւ հրամանատար հայրենիքի սահմանները պաշտպանելիս գործում են անձնվիրաբար եւ այդ անձնազոհության մենք գտնում ենք մեր նորօրյա հերոսներին: 

Այնուհետեւ, ի գնահատություն Հայրենիքին ու հավատավոր ժողովրդին մատուցած ծառայությունների, Վեհափառ Հայրապետը հայ եկեղեցու “Սուրբ Ներսես Շնորհալի” պատվո բարձր շքանշանով պարգեւատրեց գեներալ-մայորներ՝ Կամո Քոչունցին, Անդրանիկ Մակարյանին, Իշխան Մաթեւոսյանին, Արմեն Ղահրամանյանին եւ գնդապետ Գեւորգ Մելքոնյանին: 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով զինծառայողների հոգեւոր դաստիարակության գործում ներդրած զգալի ավանդի համար, ինչպես նաեւ ՀՀ ԶՈՒ կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ, Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Գեղաքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսպոկոս Ներսիսյանը եւ Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը պարգեւատրվեցին “Անդրանիկ Օզանյան” մեդալով: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ