25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները, որն ուժի մեջ կմտնի 2024 թվականին. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում այսօր հայտարարել է իրենց քաղաքական վճռականության մասին. պետք է ներդնեն համընդհանուր հայտարարագրման համակարգ:

«Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները, որն ուժի մեջ կմտնի 2024 թվականին՝ 2023 թվականի եկամուտների համար: Այն նույնպես շատ կարևոր և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ քաղաքակրթական նշանակություն ունի, և այս առումով նաև չափազանց կարևորում եմ:
Ուզում եմ ընդգծել, որ այս տարվանից ուժի մեջ մտավ գույքահարկի նոր համակարգը, որն էականորեն և լրջորեն, նախ, ուժեղացնելու է տեղական ինքնակառավարման մարմինները, որովհետև նրանց հարկային եկամուտներն են ավելանալու: Մյուս կողմից, իհարկե, քաղաքակրթական նշանակություն նույնպես ունենալու է այս օրենքը, որովհետև կարծում եմ, որ մեր կյանքում տնտեսական հաշվարկն ավելի ու ավելի մեծ տեղ է զբաղեցնելու, որն իր հերթին բերելու է քաղաքակրթական հետևանքների: Ուզում եմ մեկ այդպիսի օրինակ բերել. մենք տեսնում ենք, որ շատ երկրներում՝ սկսած գյուղերից ինչպիսի կոկիկ քաղաքաշինական տեսք ունեն: Իմ համոզմունքն է, որ դրա մեջ շատ էական նշանակություն ունի գույքահարկի համակարգը, որովհետև մարդիկ ոչ թե ուղղակի տուն են կառուցում, այլ կառուցելիս փորձում են հաշվարկել, որ առաջիկա 50 տարվա ընթացքում, եթե այս մի նախագիծն ընտրեն՝ որքան գույքային հարկ են վճարելու, եթե մյուս նախագիծն ընտրեն՝ որքան:

Ուզում եմ ընդգծել նաև մեր բոլորովին վերջերս ընդունած ծրագիրը, որ մենք անվանում ենք ռենովացիայի ծրագիր, որի նպատակը հետևյալն է՝ խթանել, որպեսզի քաղաքացիները վերակառուցեն իրենց բնակարանները: Ընդ որում՝ պարտադիր պայման է, որ այդ ստացվող վարկի 30 տոկոսը պետք է անպայման ծախսվի էներգախնայողության համար: Սա նույնպես շատ կարևոր ցուցանիշ է, որովհետև էներգակիրների գները շատ զգայուն են սոցիալական առումով, բոլոր առումներով, բայց մենք չենք հաշվարկում երբեք, թե մեր սպառած էներգիայի որ մասով ենք մեր բնակարանը տաքացնում և որ մասով ենք, կներեք արտահայտությանս, տաքացնում մեր բնակարանը շրջապատող տարածքը: Իհարկե, արդյունավետությունն ամենակարևոր խնդիրն է, որ պիտի ամեն քայլափոխի փորձենք լուծել, և մեր կառավարությունը գնալու է այս ճանապարհով», – նշել է վարչապետը։

Փաշինյանն ասել է, թե միշտ համարել է, որ պետական բյուջեն ավելի շատ քաղաքական, քան ֆինանսական փաստաթուղթ է, և այսօր էլ այդպես է համարում:

«Ուղղակի այսօր ես անդրադարձա ֆինանսատնտեսական որոշ ցուցանիշների՝ հաշվի առնելով նաև, որ մենք կառավարության ծրագրի կատարման ընթացքի մասին զեկույցում շատ մանրամասն քննարկում ենք ունեցել: Չնայած, եթե անկեղծ ասեմ, շատ մեծ էր գայթակղությունը, որ ես այս համատեքստում անդրադառնամ նաև քաղաքական բնույթի հարցերի: Բայց կարծում եմ, որ մենք այսօր այս տրամաբանության մեջ պետք է մնանք: Կրկին ասում եմ, որովհետև, այնուամենայնիվ, քաղաքական հատվածներն ավելի մանրամասն քննարկելու առիթներ և՛ ունեցել ենք, և՛ առաջիկայում կունենանք», – նշել է նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ