19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ոչ թե իմ կամքը, այլ քո՛նը թող լինի»

Ո՞ւմ կամքն ենք փնտրում

Երբ մեր կյանքում պատահած իրավիճակները չեն հանգուցալուծվում մեր ցանկացած կերպով, նեղսրտում ենք։ Սակայն մյուս կողմից էլ մտածում ենք՝ գուցե Աստծո կա՞մքն էր։ Այս երևույթից փոքր-ինչ տխրում ենք, քանի որ Աստծո կամքը երբեմն հակասում է մեր կամքին։ 

Կյանքում կարևոր որոշումներ կայացնելիս էլ Աստծո կամքին հաղորդակից լինելու, Նրա կամքը իմանալու համար խնդրանքներ ու աղոթքներ ենք հղում առ Տերը։ Ի՞նչ ենք ակնկալում։ Ցանկանում ենք ուղղակի կերպով լսել Աստծո ձա՞յնը, թե՞ մի որևէ նշան ստանալ Նրա կողմից։  

Այս երկու իրավիճակներում էլ ինքներս մեզ հարցնում ենք՝ ինչպե՞ս հասկանամ՝ որն է Աստծո կամքը, որ կարողանամ առաջնորդվել ճիշտ՝ քրիստոնյային վայել, Աստծուն հաճելի։ Այս հարցի պատասխանը և՛ պարզ է, և՛ բարդ։ Աստծո կամքը հասկանալու համար պետք է նախ և առաջ ճանաչել Աստծուն։

Քրիստոս, երբ փորձությունների մեջ էր և շուտով պիտի խաչը բարձրանար՝ լինելով անմեղ՝ հանուն մեղավորների, մի աղոթք արեց Ձիթենյաց լեռան վրա։ Այն, ինչ նա խնդրում էր Հորից այդ աղոթքում, այսօր պիտի ուղենշային լինի մեր՝ քրիստոնյաներիս համար։ Ի՞նչ ասաց Քրիստոս։

Ղուկասի Ավետարանում Քրիստոսի աղոթքը հետևյալն է․ «Հա՛յր, եթե կամենում ես, այս բաժակը ինձնից հեռացրո՛ւ, բայց ոչ թե իմ կամքը, այլ քո՛նը թող լինի» (Ղուկ․ 22։42)։ Այս խոսքերը մեզ ուղղորդում են մեր աղոթքներում խնդրել ոչ թե մեր, այլ Աստծո կամքի կատարումը։ Նույնպես և Տերունական աղոթքում է ասված․ «Եկեսցէ արքայութիւն Քո։ Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի»։

Այսուհետ երբ կխնդրենք Աստծուց մեր կամքի կատարումը, մի պահ կանգ առնենք ու մտածենք՝ արդյո՞ք սա չի հակասում Աստծո կամքին։ Իսկ ո՞րն է Աստծո կամքը։ Աստծո միակ կամքը միմյանց սիրելն է․ «Այս եմ ձեզ պատվիրում. որ սիրեք միմյանց» (Հովհ․ 15։17)։ Ուստի՝ ամեն անգամ, երբ աղոթում ենք, փորձությունների մեջ ենք և հիշատակում ենք Աստծո անունը, վարվենք այնպես, ինչպես Քրիստոս վարվեց՝ ասելով․ «Ոչ թե իմ կամքը, այլ քո՛նը թող լինի»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ