20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2019
KFC

Սիրիահայության ապագան. պայքար անորոշության եւ ծրագրի միջեւ

image_5299

Սիրիահայության ապագայի վրա լուրջ ներգործություն կարող են ունենալ մեկից ավելի կողմեր, դրանք են` Միջազգային ընկերակցությունը, սիրիական ընդդիմությունը, Թուրքիայի զինված ուժերը, հայությունը եւ Հայաստանի Հանրապետությունը:

Ընդ որում, բոլոր կողմերից ցայսօր առաջարկված տարբերակները, չնչին բացառություններով, հարաբերակցվում են անորոշության փաստի հետ: Ավելի կոնկրետ` այդ առաջարկները չեն կրում իրականացման ծրագրային դրույթներ:

Զորօրինակ, Միջազգային ընկերակցության օրակարգում այդ խնդիրը մինչեւ 2012-ի սկիզբն ընդհանրապես գոյություն չուներ, այսինքն` այդ շրջանակներում համարում էին, որ սիրիահայության խնդիր, որպես այդպիսին` գոյություն չունի եւ, որ նրա ճակատագիրը չի կարող շատ տարբերվել` ադրբեջանահայության ճակատագրից: Հիշեցնենք, որ ադրբեջանահության նկատմամբ իրականացված ռասիզմի գործողությունների ու բռնագաղթի համար ոչ ոք եւ ոչ մի տեսակի պատասխանատվություն չկրեց: Ավելին, նրան այնպես արագընթաց ու այնպես վարպետորեն սփռեցին աշխարհով մեկ ու այնպես անէացրին, ասես գոյություն էլ չէր ունեցել: Այդ գործընթացները նպատակ ունեին եւ ունեն. որքան հնարավոր հեռու հեռացնել հայությանը պատմական հայրենիքի մերձակա տարածքներից: Պատահական չէ, որ Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի առաջին գործողությունը 1975-ի հունվարի 20-ին ուղղված էր հենց այն կազմակերպության գրասենյակի դեմ, որը Միջին Արեւելքի հայությանը տեղափոխում էր դեպի հեռավոր ամերիկաներ, այդպիսով փորձելով կանխել ու խափանել հայության տարբեր հատվածների հնարավոր վերամիավորումը հայրենիքում: Իսկ դրա ժամանակը հիմա եկել է:

Հայ տեղահանվածների նկատմամբ Միջազգային ընկերակցության նախկին անտարբեր վերաբերմունքի մեջ մի փոփոխություն նկատվեց միայն 2012-ի մարտին, երբ ԱՄՆ Սենատում Ֆրենք Փալոնը առաջարկեց “2013 -ի ֆինանսական տարում ավելացնել Հայաստանի օգնությունը, Լեռնային Ղարաբաղի օգնության ծավալը, նպատակային հատկացումների հասնել Ջավախքի համար, եւ ֆինանսավորել Մերձավոր Արեւելքից տեղահանված հայերին”:

Նկատի առնելով Թուրքիայի արդեն ավանդական դարձած, բայց եւ առայժմ անպատիժ մնացած ռասիստական կեցվածքը հայության հանդեպ եւ այն հանգամանքը, որ սիրիական ընդդիմությունը ապաստան ու աջակցություն է գտել հենց այդ երկրում, կարելի է եզրակացնել նրանց ապագա վերաբերմունքը սիրիահայության նկատմամբ. անկասկած նրանք Սիրիայի հայ փախստականների համար նպաստ հաստատ չեն հատկացնելու:

Ի՞նչ է առաջարկում հայ հասարակական քաղաքական միտքը: Այն, ինչ մինչեւ այսօր կա հրապարակի վրա, կարելի է բաժանել երեք խմբի.

1. առաջարկներ, որ վերաբերում են սիրիահայերի ներգաղթ կազմակերպելու հարցին` այն դեպքում, երբ բոլորիս հայտնի ու տակավին անհայտ պատճառներով ՀՀ-ն ի վիճակի չէ պատսպարելու տասնյակ հազարավոր փախստականների: Ուստի, բավարար քաջություն պետք է ունենալ խոստովանելու, որ սա ծրագիր չէ, սա ավելի շուտ անորոշության ոլորտից է կամ անորոշությունից ելք գտնելու ցանկության ոլորտից:

2. առաջարկներ, որ ավելի իրատեսական են, բայց մարտավարական իմաստով սահմանափակ, այն է` ամեն կերպ պաշտպանել սիրիահայության իրավունքները, ամեն կերպ օժանդակել նրան մնալու տեղում` Սիրիայում:

3. առաջարկ, որ հնչեցրել է “Ուխտ Արարատին” 2012-ի փետրվարի 9-ին, այն է` “Միջին Արեւելքի հայությունը այլեւս այլ տեղ չունի գնալու, բացի իր բնօրրան հայրենիքից` Արեւմտյան Հայաստանից ու Կիլիկյան Հայաստանից”:

Սա արդեն ծրագիր է եւ հայտարարություն անելիս “Ուխտ Արարատին” հենվում էր այդ ծրագրի օգտին գործող հետեւյալ փաստաթղթերի վրա:

Դրանք չորսն են` 1920-ի նոյեմբերի 22-ին ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճիռը, 2011-ի մարտի 4-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի ընդունած “Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարություն կազմելու մասին” Հռչակագիրը, 2011-ի մարտի 29-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի ընդունած “Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի Մշտական, զինված, դրական չեզոքության մասին” Որոշումը, 2011-ի դեկտեմբերի 26-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահի ստորագրությամբ “Ինքնապաշտպանության եւ անվտանգության ապահովման ազգային համակարգի ստեղծման վերաբերյալ” Հրամանագիրը:

Այստեղ տեղին չէ եւ հնարավորության չկա այդ փաստաթղթերի մանրամասները վեր հանելու, որոնք ի դեպ արել ենք մեր այլ հրապարակումներում, այդ թվում` “Իրանը Ռալֆ Պիտերսի հոդվածում եւ քարտեզներում” հոդվածում, ուստի, նշենք միայն, որ այս փաստաթղթերը հնարավորություն են տալիս լիարժեք ապահովելու սիրիահայության անվտանգությունը, ինչպես նաեւ պաշտպանելու սիրիահայության իրավունքները, այդ թվում` բնօրրան հայրենիք վերադառնալու իրավունքը, դրանից բխող իրավական – քաղաքական բոլոր հետեւանքներով հանդերձ:

Ճիշտ է, որ սիրիահայության ապագան վտանգված է, բայց ճշմարիտ է նաեւ, որ սիրիահայության ապագայի համար լիակատար եւ ամբողջական պատասխանատվություն են կրում, առաջին հերթին, Միջազգային ընկերակցությունը, այդ թվում նաեւ սիրիական ընդդիմությունն ու Թուրքիայի հասարակական, քաղաքական, զինվորական վերնախավը. բոլոր նրանք, ովքեր ներգրավված են այդ հակամարտության մեջ:

Ճիշտ է նաեւ, որ սիրիահայությունը, ինչպես եւ յուրաքանչյուր ազգ այս աշխարհի վրա ապագա ունենալու եւ զարգանալու անժխտելի իրավունք ունի: Բայց եւ անվտանգության իրավունք, որովհետեւ Միջազգային ընկերակցության անտարբեր մեղսակցությամբ նա մեկ անգամ արդեն ենթարկվել է ցեղասպանության ու բռնագաղթի, իսկ երկրորդ ցեղասպանություն եւ բռնագաղթ թույլ չենք տալու` անորոշության փոխարեն առաջարկելով գործողության ծրագիր, բնօրրան հայրենիք վերադառնալու, հայրենիքում հաստատվելու եւ այնտեղ անկախ ու ինքնիշխան պետականություն կառուցելու մեր անժխտելի եւ անժամանցելի իրավունքն իրականացնելու ծրագիր:

Սիրիահայության եւ Միջին Արեւելքի հայության ապագայի խնդիրն իրականում պայքար է անորոշության ու ծրագրի միջեւ, որտեղ ծրագիրն է հաղթելու, բնականաբար, որովհետեւ անորոշության ժամանակը հայության համար այլեւս վաղուց պատմական հնոտու է վերածվել դեռեւս 1970-80-ական թվականներից ու նաեւ դրանից հետո:

“Ուխտ Արարատի”`  Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ