25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Մի՛ վախեցեք, Ես ձեզ հետ եմ»

Ինչպես ամեն տարի Մեծ պահքի` Դատավորի կիրակիին նախորդող շաբաթ օրը, այսօր էլ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակում է Սեբաստիայի սուրբ քառասուն մանուկներին։

Քառասուն Սուրբ մանուկների հիշատակումը մեր՝ քրիստոնյաներիս համար ևս մեկ հիշեցում է այն մասին, որ պետք է հաստատուն մնանք մեր հավատքում, երբեք չդավաճանենք Տիրոջը և չդառնանք օտար կուռքերի գերին։ 

Քառասուն սուրբ մանուկների սխրանքի պատմությունն այնպիսին է։

Լիկիանոս կայսրը՝ Միլանի նշանավոր ազատության հրովարտակի խզմամբ, սկսեց հալածել քրիստոնյաներին: Հալածանքի ալիքը հասավ Կապադովկիա, ուր կասերական բանակը արևելյան սահմաններն էր պաշտպանում: Այս բանակում ծառայում էին հավատով քրիստոնյա քառասուն զինվորներ, որոնց քրիստոնյա լինելը հայտնի էր բոլորին:

Քառասուն քրիստոնյա զինվորներին ձերբակալեցին ու առաջարկեցին ենթարկվել հրահանգին՝ հրաժարվել Քրիստոսից և քրիստոնեությունից, իսկ քրիստոնյա առաքինի զինվորները կտրականապես մերժեցին այս առաջարկը՝ չգնալով զիջման, Տիրոջը հավատարիմ մնալով։ 40 սրբադասված այս քաջերը միաբերան պատասխան տվեցին՝ ասլեով․ «Քրիստոնյա՛ ենք, պաշտում ենք Քրիստոս Աստծուն՝ երկնքի և երկրի արարչին, իսկ մեր հայրենիքը՝ անանցական Աստծո երկնային քաղաքն է»: Նրանցից մեկն անգամ ասաց. «Եթե, ձեր ասածի նման, այնքան քաջությամբ պատերազմեցինք երկրավոր թագավորի համար, կարծում եք` նույնը չե՞նք անի մեր երկնավոր թագավորի համար»:

Հանդգնության ու չենթարկվելու համար նրանք քառասունն էլ բանտ նետվեցին։ Այնտեղ՝ բանտի մութ խցում նրանց երևաց Քրիստոս՝ հորդորելով. «Լա՛վ սկսեցիք, ջանացեք լավ էլ ավարտել: Հաղթության պսակը մինչև վերջ համբերողինն է, մի՛ վախեցեք, Ես ձեզ հետ եմ»: Խնդությունը անսահման էր նրանց հոգում, իսկ քաջությունը՝ աննկարագրելի: Եվ այդուհետև ապագայի խոստումներին նրանք պատախանում էին. «Մեր ապագան արդեն իսկ որոշված է երկնքում»: Քառասուն մանուկներն արդեն ոչ թե ընկերներ էին, այլ եղբայրներ՝ միավորված քրիստոնեության շուրջ կամ ինչպես նշված է՝ «իրար միացած Քրիստոսի սիրով»: 

Անգնահատելի ու աննկարագրելի են նրանց չարչարանքներն ու հալածանքները, որ տարածն մանուկները միասնաբար՝ Քրիստոսին իրենց մտքում ու սրտում ունենալով, համբերատար կերպով դիմադրելով ամեն փորձության՝ գիտենալով, որ Քրիստոս մշտակա ուղեկից է իրենց։Երբ քառասուն մանուկները դատապարտվեցին քարկոծման ու մահվան, կրկին չհրաժարվեցին Քրիստոսից։ Նրանց հոգին լի էր ցնծությամբ, քանի որ մահվան էին գնում իրենց Տիրոջ փառքի համար: Դա սոսկ մահ չէր, այլ անմահություն՝ ընդունված գիտակցությամբ։ 

Մանուկները քաջալերում էին միմյանց՝ հորդորելով տոկուն ու քաջ լինել. «Պի՛նդ կացեք, եղբայրնե՛ր, քանզի նրանք երեքով են մարտնչում մեր դեմ` սատանան, դուքսը և դատավորը: Մենք՝ քառասունս, Քրիստոսի օգնականությամբ, կհաղթե՛նք նրանց»: 

Իսկապես հաղթեցին։ Ընդունեցին նահատակության պսակը՝ չհնազանդվելով ու գերի չդառնալով սուտ ու սին կուռքերի։ Ընդունելով Քրիստոսի առաջնորդությունը՝ սրբադասված քառասուն մանուկները վերջին մարտում ևս հաղթող դուրս եկան։

Այսօր, երբ այնքան շատ են տարբեր ուղղությունները, որոնք միտված են մոլորեցնել մեզ, մի պահ հառենք մեր աչքերը դեպի երկինք։ Այնտեղ կրկին Քրիստոս է, ով ինչպես քառասուն մանուկներին, մեզ էլ ասում է․ «Հաղթության պսակը մինչև վերջ համբերողինն է, մի՛ վախեցեք, Ես ձեզ հետ եմ»։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ