19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԱԺ-ում հարմարավետ տեղավորված ՀԱԿ-ը կլինի օպերայում. 168 ժամ

“168 ժամ” թերթը անդրադարձել է Ազատության հրապարակում այսօր կայանալիք Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքին: Ըստ թերթի,  հանրահավաքը կայանալու է արդեն նոր իրավիճակում, իրավիճակ, որում, ըստ էության, ՀԱԿ-ի հանրահավաքն ավելի շատ արհեստական միջոցառում է, քան քաղաքական գործընթացներում այդ ուժի գործունեությունից բխող անհրաժեշտություն:

Այսօրվա հանրահավաքը այդպիսին կլիներ, եթե ՀԱԿ-ը հրաժարվեր պատգամավորական մանդատներից: Սակայն նաեւ անցած շաբաթվա ընթացքում ՀԱԿ ներկայացուցիչների խորհրդարանական գործունեությունը ցույց տվեց, որ Կոնգրեսը կարծես հարմարավետորեն տեղավորվել է ԱԺ-ի ձեւաչափում եւ չունի ասելիք, որի համար ԱԺ-ի ամբիոնը չի բավականացնում:

“Հատկապես “ավազակապետական իշխանության դեմ մղվող պայքարում” այդ իշխանության անցկացրած կեղծված ընտրությունների արդյունքում մանդատները վերցնելուց ու հետո նույն “ավազակապետության” վարչապետի հետ տարբեր թեմաներով հարցուպատասխանի մեջ մտնելուց հետո: Իհարկե, ՀԱԿ անդամները կարող են տասնյակ-հարյուրավոր հակափաստարկներ ներկայացնել, ինչը կարող է համոզիչ թվալ հռետորաբանության, սակայն ոչ` քաղաքական բովանդակության տեսանկյունից:

Այսօրվա հանրահավաքի, թերեւս, միակ ինտրիգը, ինչպես ՀԱԿ-ի վերջին շրջանի գործունեությունն ամբողջությամբ, պայմանավորված է ԲՀԿ-ի նկատմամբ վերաբերմունքով կամ դրա հստակեցմամբ: Նախկին արտգործնախարար ու ներկա ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանին նախորդ հանրահավաքում ուղղված գովասանքից, մայիսի 6-ին նրա հետ համատեղ ասուլիսից հետո ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր, թերեւս, ստիպված է լինելու նրա նկատմամբ հարուցված քրեական գործի, ԲՀԿ-ի` կոալիցիա չմտնելու մասին գնահատականներ հնչեցնել:

Իսկ դրանք, մեծ հավանականությամբ, կտեղավորվեն Տեր-Պետրոսյանի անվերապահ ազդեցության տակ գտնվող գործիչների` “Օսկանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու”, “կոալիցիային չանդամակցելով իշխանության ներսում ԲՀԿ-ի առաջացրած ճաքերի” վերաբերյալ գնահատականների տրամաբանության շրջանակներում: Այդպիսով, պաշտոնապես կարձանագրվի Լ. Տեր-Պետրոսյանի անհամաձայնությունը ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանի հետ, ով, թեեւ առայժմ միակն է, որ արտահայտել է Վ. Օսկանյանի նկատմամբ իր` սկզբունքորեն տարբերվող դիրքորոշումը, սակայն արտահայտում է ՀԱԿ-ի որոշակի շերտերի դժգոհությունը ՀԱԿ-ԲՀԿ հարաբերությունների, ավելի ճիշտ` ՀԱԿ-ի գործունեությունը ԲՀԿ-ով պայմանավորելու մարտավարության վերաբերյալ: Փաստորեն, չնայած ԲՀԿ-ի միջոցով իշխանական բուրգը թուլացնելու Լ. Տեր-Պետրոսյանի հաշվարկներին, նույն ԲՀԿ-ն փորձաքար է դառնում ՀԱԿ-ի ամբողջականության ապահովման տեսանկյունից”,- եզրափակում է թերթը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ