29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Այստեղ էլ նախարարի «շոկային օպտիմիզմը» չաշխատեց․ «168 ժամ»

8d30665b56a996208a3b6ac5d1c9ff5b_M

«168 ժամ»-ը գրում է․ Ներդրումների հորդելու մասին ժամանակին հայտարարող նախարարն այլևս չի խոսում այդ մասին։ Ինչպես երկնիշ աճի դեպքում, այստեղ էլ նրա «շոկային օպտիմիզմը» չաշխատեց։ Ներդրումներն այդպես էլ չհորդեցին։

Հրապարակվել են օտարերկրյա ներդրումների վերաբերյալ պաշտոնական տվյալները, ու դրանք վկայում են, որ ներդրումները շատ հեռու են բավարար լինելուց։ Ճիշտ է, տարեկան ցուցանիշները դեռ հայտնի չեն, վերջին շրջանում պաշտոնական վիճակագրությունը հասկանալի պատճառներով չի շտապում ներդրումների տվյալները հրապարակայնացնել, բայց եղած էլ բավարար է իրավիճակի վերաբերյալ պատկերացում կազմելու համար։

Վիճակագրական կոմիտեն արձանագրել է, որ անցած տարվա առաջին երեք եռամսյակներին Հայաստանում իրականացված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են հազիվ 88 մլրդ դրամ։ Խոսքը ստացումների ու մարումների տարբերության մասին է։ Այն համարժեք է գրեթե 180 մլն դոլարի։

Պարզ է, որ դա այն գումարը չէ, որը կարող էր փրկել Հայաստանի տնտեսությունը ներդրումային սովից։ Ներդրումների հորդելու մասին ընդհանրապես անիմաստ է խոսելը։ Օտարերկրյա կապիտալի հետաքրքրությունները, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա չափազանց պասիվ են մեր տնտեսության նկատմամբ։ Իշխանություններն էլ գրեթե ոչինչ չեն կարողանում անել այն ակտիվացնելու ուղղությամբ։
Երբեմն-երբեմն հայտարարում են միլիարդների հասնող ծրագրերի մասին, բայց անցած 4 տարվա ընթացքում այդպես էլ այդ ծրագրերը կյանքի չկոչվեցին։ Մեկնարկած մանր-մունր ծրագրերն էլ շատ կարճ կյանք ունեցան։ Բացվեցին, հետո կրկին փակվեցին։ Շատ վաղուց պղնձաձուլարանի ու ատոմակայանի կառուցման մասին են խոսում։ Անընդհատ թարմացնում են ու նոր պաթոս հաղորդում։ Բայց արդյունք չկա. այդպես էլ դրանց հիմքերը չեն դրվում։

Հիմա էլ հույսը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման ու սահմանների բացման հետ են կապում։ Կարծում են, որ դրանից հետո Հայաստանի տնտեսությունը ողողվելու է ներդրումների մեջ։ Նույնն ասում էին նաև իշխանության գալուց առաջ և հետո։ Այդպես պարբերաբար։ Ներդրումներին խոչընդոտելու պատճառաբանությամբ ժամանակին նույնիսկ արտահերթ ընտրություններ արեցին ու նոր խորհրդարան ձևավորեցին։ Բայց էլի ներդրումներ չեկան Հայաստան։

Ավելին, մեր տնտեսության մեջ ներդրումների կշիռը վերջին տարիներին նույնիսկ ընկել է։ Ամեն անգամ խոստանում են բարձրացնել, բայց հակառակն է լինում։

Այն ծավալները, որոնք կան, չեն կարող իրավիճակ փոխել։ Եղած տեմպերը բավարար չեն ՀՆԱ-ի մեջ ներդրումների կշիռն ավելացնելու համար։
Վերջին շրջանում մեկ այլ տխուր միտում է նկատվում. կրճատվում են տնտեսության մեջ առկա օտարերկրյա ուղղակի ներդրումների մաքուր պաշարները։

Հրապարակված վերջին տվյալներով, անցած տարվա երրորդ եռամսյակում դրանք կազմել են 1 տրիլիոն 920 մլրդ դրամ։ Այն դեպքում, երբ 1 տարի առաջ գերազանցում էին 2 տրիլիոն դրամը։
Մեկ տարվա ընթացքում կրճատվել են 80 մլրդ դրամով կամ ավելի քան 160 մլն դոլարով։

Օտարերկրյա ուղղակի ներդրումների մաքուր պաշարները պակասում են, ինչն ի վնաս տնտեսության է։ Առանց այն էլ, տնտեսության ներդրումային հետաքրքրության ոլորտները շատ սահմանափակ են։
Ուղղակի ներդրումների մեծ մասը բաժին է ընկնում տնտեսության մեկ ճյուղին։ Խոսքն ընդերքի մասին է։

Անցած տարի 88 մլրդ դրամ զուտ հոսքերից 55 միլիարդը եղել է մետաղական հանքաքարի արդյունահանման մեջ։ Դա կազմում է օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ավելի քան 62 տոկոսը։

Թեև ընդերքին բաժին ընկնող ներդրումները նույնիսկ դրանով չեն սահմանափակվում։ Եվս 3,5 միլիարդով զուտ հոսքերն ավելացել են հիմնային մետաղների արտադրության մեջ։

Ակնհայտ է եղած ներդրումների մեծ կախվածությունը տնտեսության այս մեկ ճյուղից։ Չնայած դրան, վերջին շրջանում իշխանությունների կողմից այնպիսի քայլեր են կատարվում, որոնք ռիսկեր են ստեղծում նաև այդտեղ իրականացվող ներդրումների համար։

Ոլորտի կենտրոնացումը, որը գաղտնի պայմանավորվածությունների, անհայտ գործարքների ու ճնշումների միջոցով խթանում են իշխանությունները, չի կարող անհետևանք լինել։ Չի կարող անհետևանք լինել նաև արտահանման տուրքի կիրառումը, որը սկսեց անցած տարվա սեպտեմբերից։ Դա ևս բերելու է ոլորտում ներդրումային հետաքրքրությունների անկման։ Հետևանքներն արդեն երևում են արտադրության ցուցանիշների տեսքով, որոնք սկսել են նվազել։

Ներդրումների և տնտեսության մեջ տեղի ունեցող փոփոխությունների կապը շատ ուղղակի է, ինչին չի կարելի այդքան անլուրջ վերաբերվել։ Դա լավ երևում է նաև ծխախոտի արտադրության օրինակով։

Տնտեսության այս ճյուղը վերջին 2 տարիներին խնդիրների առաջ է հայտնվել։ Արտադրության ծավալներն էապես նվազել են։ Նվազել են նաև օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունները։ Անցած տարվա առաջին երեք եռամսյակներին ներդրումների զուտ հոսքերը գրեթե 17-18 մլն դոլարով պակասել են։ Ներդրողները հանել են իրենց կապիտալը՝ հավանաբար զգուշանալով հետագա վտանգներից ու հնարավոր կորուստներից։

Մեր տնտեսության ներդրումային միջավայրը խնդրահարույց է, ինչը լրջորեն մտածելու տեղիք է տալիս։ Խնդիրները նոր չեն առաջացել, բայց վերջին տարիներին անհամեմատ ավելի են խտացել՝ կապված առաջին հերթին տնտեսական անվտանգության ու աշխարհաքաղաքական իրավիճակի հետ։

Դժվար է չնկատել տնտեսության ռիսկայնության կտրուկ աճը, ինչը ներդրումների առումով գին ունի։ Որքան բարձր է երկրի ռիսկը, այնքան ներդրողները բարձր գին են ուզում դրա համար՝ շահութաբերության տեսքով։

Եթե ռիսկը չի փոխհատուցվում, ներդրումները ոչ միայն չեն գալիս, այլև հեռանում են։ Կապիտալը բարձր ռիսկային գոտիներում չի կարող իրեն հանգիստ զգալ։

Այս փուլում սա այն առաջնային գործոններից մեկն է, որն արգելակում է մեր տնտեսության մեջ օտարերկրյա ուղղակի ներդրումների իրականացմանը։ Բայց հասկանալի է, որ դա միակ գործոնը չէ։ Այլապես հիմա վաղուց ներդրումները պիտի թափված լինեին երկնքից։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ