19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հին ու Նոր Ամանոր

Նոր տարին, Ամանորը կամ Կաղանդը հայոց տոնածիսական համակարգում եղել և մնում է ամենասիրված ու սպասված տոնը: Անցյալում հայոց մեջ տարեսկիզբը համընկել է տնտեսական տարվա սկզբին՝ գարնանամուտին: Տոմարի զարգացման հաջորդ փուլում տարեսկիզբ է համարվել Նավասարդ ամսի Արեգ օրը, որը համապատասխանում է հուլյան տոմարի օգոստոսի 11-ին և կոչվել է Ամանոր կամ Նավասարդ: Ըստ ավանդության՝ այդ օրը Հայկ Նահապետը մենամարտել և հաղթել է Բելին: Նավասարդը համընկնելով բերքահավաքի հետ՝ վերածվում էր իսկական բերք ու բարիքի տոնի: Հայ աշխատավորները սեղանին էին դնում իրենց առաջին բերքը, իսկ տանտիրուհիները` իրենց ձեռքով պատրաստած անուշեղենը և չոր մրգերը: Հետագայում՝ հուլյան տոմարին անցնելուց հետո (18-րդ դար), մեր ժողովուրդն էլ քրիստոնյա շատ ժողովուրդների նման տարեմուտի առաջին օրը նշում է հունվարի 1-ին, իսկ Նավասարդ-Ամանորն էլ սկսում է կոչվել Նոր տարի (Սիմեոն Երևանցի կաթողիկոսի ժամանակ նշվում էր դեռևս հունվարի 6-ին): Այսօր Նոր տարվա տոնակատարությունները մեր ժողովուրդը նշում է հունվարի 1-6-ը, իսկ հունվարի 6-ին եկեղեցու հետ միասին` Քրիստոսի Ծննդյան և Մկրտության տոնը (Ջրօրհնեք):

Ամանորի նախապատրաստական աշխատանքները: Տարեմուտին առանձին խնամքով մաքրվում, կարգի էր բերվում բնակարանը, նորոգվում էին քանդված մասերը, պահոցներից հանվում ու լվացվում էին նոր ամանեղենը, սպիտակեղենը, այնուհետև սկսվում էր Նոր տարվա ուտելիքի պատրաստությունը, որի մեջ գերիշխում էր ծիսականը (հունվարյան Նոր տարին համընկնում էր սուրբծննդյան պահքի հետ): Նոր տարվա ամենաընդունված կերակուրներից էին ոսպից, սիսեռից պատրաստված քյուֆթան, պասուց տոլման, ծեծված ցորենից, ընկույզից, նուշից, չամիչից մեղրով պատրաստած անուշապուրը: Հատկապես Լոռիում մեծ նշանակություն էին տալիս լոբով պատրաստված կերակուրներին. «Առանց լոբու Նոր տարին չի գալ»,- ասում էր լոռեցին: Հունվարյան Նոր տարում թարմ մրգերին ավելանում էին նաև չոր մրգերը և ընդեղենը:

Տոնի նախապատրաստությունների առանցքը կազմում էին բազմազան խմորեղենը, որոնց մեջ առաջին հերթին առանձնանում էր հաց թխելու արարողությունը: Նոր տարին պետք էր նոր հացով սկսել, իսկ նոր հացն էլ՝ նոր թթխմորով: Առանձին արարողության էր վերածվում ծիսական հացի պատրաստումը: Հայաստանի տարբեր շրջաններում ծիսական հացն ուներ տարբեր անվանումներ` Կրկենի, Կլոճ, Փառնիկ, իսկ ամենատարածվածը` Տարի հացն էր: Այն պատրաստվում էր ալյուրով ու մեղրով` բացառելով կաթի, մածունի, կարագի, յուղի օգտագործումը: Ծիսական հացի մեջ որևէ նշան էր դրվում (հիմնականում՝ դրամ): Հացը կտրվում ու բաժանվում էր ընտանիքի բոլոր անդամներին: Ում ընկնում էր նշանը, համարվում էր այդ տարվա հաջողակը: Շատ վայրերում Տարի հացից բաժին էին հանում նաև կենդանիներին, արտին, հանդին, այգուն:

Տոնածառի երևույթը: Ծառի, բնության պաշտամունքը մեզանում գոյություն է ունեցել շատ վաղ ժամանակներից և կապվել է հոգու անմահության ու կյանքի հավերժության գաղափարի հետ: Հայոց մեջ պաշտամունքի խորհրդանիշ են եղել սոսին, ուռենին և բարդին: Ծառը համարվել է նաև ընտանիքի, գերդաստանի հավերժության խորհրդանիշ` Կենաց ծառ, և պատահական չէ, որ այսօր էլ, երբ փորձում են ամբողջացնել գերդաստանի պատկերը, դա անում են ծառի տեսքով:

 Քրիստոնեության շրջանում ծառի պաշտամունքը դրսևորվում է Ծաղկազարդի, Խաղողօրհներքի և Նոր տարվա տոնածառի արարողության մեջ: Ըստ ավանդության՝ երբ ծնվում է Մանուկ Հիսուս, երկրագնդի տարբեր ծայրերից մարդիկ գալիս են նրան տեսնելու: Այն տան բակում, որտեղ ծնվել էր Հիսուս, աճել էր երեք ծառ` արմավենին, թթենին և եղևնին: Երբ շոգն էր պատում, արմավենին տարածում էր իր լայն տերևները և հով էր անում փոքրիկին: Թթենու տերևներից Մանուկ Հիսուսի համար փափուկ անկողին էին պատրաստում: Միայն եղևնին էր, որ ոչնչով չէր կարողանում օգնել, որովհետև նրա տերևները ասեղների պես սուր էին: Երեկոյան երկնքում վառվող բյուրավոր աստղերը, տեսնելով լացող եղևնուն, խղճացին ու որոշեցին օգնել: Նրանք սուսիկ-փուսիկ իջան ցած և նստեցին նրա ճյուղերին, ու եղևնին բոցավառվեց բազմագույն կրակներով: Արթնանալով՝ Մանուկ Հիսուս պատուհանից տեսավ զարդարված ծառը և շատ ուրախացավ: Այդ օրվանից երկրի վրա ձևավորվեց Սուրբ Ծնունդի առիթով նրան զարդարելու սովորույթը:
Բնական եղևնիները արհեստական տոնածառներով առաջին անգամ փոխարինվել են 19-րդ դարում՝ Գերմանիայում: Դրանք պատրաստվել են սագերի կանաչ գույնով ներկված փետուրներից: Խորհրդային Միությունում առաջին տարիներին Ամանորի տոնածառը հայտնվեց արգելքի տակ՝ որպես բուրժուական և հակախորհրդային սովորույթ: Որոշ ժամանակ անց՝ 1935 թ., տոնածառ զարդարելու ավանդույթը վերադարձվեց, և խորհրդային երկրի քաղաքացիների համար հայտնվեց մի նոր տոն՝ «Ամանորի տոնածառը՝ ուրախ և երջանիկ մանկության տոն» կարգախոսով: Երկրի գլխավոր տոնածառը դրվեց Մոսկվայում՝ 1937 թ., հաջորդ տարի Ամանորի տոնածառներ տեղադրվեցին բոլոր հանրապետությունների մայրաքաղաքներում: Խորհրդային կառավարության որոշմամբ՝ Ամանորի եղևնու խաղալիք հրեշտակները փոխակերպվեցին խորհրդային պիոներների, Բեթղեհեմի աստղը՝ Կրեմլի կարմիր աստղի, իսկ արհեստական մրգերն ու բանջարեղենը խորհրդանշում էին կոլտնտեսային առատությունը: Սկսեցին արտադրել զարդարանքներ քաղաքական առաջնորդների դիմանկարներով. տոնածառի վրա հայտնվեցին ապակե գնդաձև խաղալիքներ՝ քաղբյուրոյի անդամների դիմանկարներով, ինչպես նաև մի մեծ գունդ՝ Մարքսի, Էնգելսի, Լենինի և Ստալինի դիմանկարներով:

Հնագույն ժամանակներից եկել ու քրիստոնեության շրջանում որոշակի փոփոխությունների է ենթարկվել նաև Ձմեռ պապի խորհուրդը: Վաղ ժամանակներում, դեռևս բարեկենդանի տոնակատարությունների ժամանակ, ընդունված էր դիմակներով հանդես գալու, երեխաներին զվարճացնելու և նվերներ բաժանելու սովորույթը: Սուրբ Սարգսի տոնից որոշ ժամանակ անց նշվում էր սուրբ Պարթևի օրը, որն անվանում էին Մենծ Պապուկի տոն: Այդ օրը իսկական տոնախմբության էր վերածվում հատկապես երեխաների համար: Ընտանեկան խրախճանքի ժամանակ տան մեծը աննկատ դուրս էր գալիս, գլխին դնում սրածայր գլխարկ (քոլոզ), դեմքին` բրդից սարքած բեղ ու մորուք, մեջքին` մեծ տոպրակ՝ մեջը նվերներ, ձեռքին գավազան և ներս մտնում: Նրա կերպարանափոխությունը մեծ ուրախություն էր պատճառում բոլորին: Սկսվում էին երգն ու պարը, կատակները: Վերջում Մենծ Պապուկը նվերներ էր բաժանում երեխաներին: Հետագայում փոխվում է երեխաներին նվեր բերող Մենծ Պապուկի ոչ միայն ժամանակը, այլև արտաքին տեսքը, և նա դառնում է սպիտակամորուս Ձմեռ պապ, որը հյուր է գալիս Նոր տարվա գիշերը:

«Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ