20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սթափություն ու ողջախոհություն Հայաստանին․ Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ

Անցած 2021 թվականը Հայաստանի ու հայ հասարակության համար շարունակվող կորուստների տարի էր։

Անցած տարվա ընթացքում Հայաստանի պետությունն ու պետականությունն ավելի թուլացավ, մեր ինքնիշխանությունն ավելի փխրուն ու խոցելի դարձավ, մենք ոչ միայն մազաչափ անգամ չվերականգնեցինք 2020 թվականի ողբերգական կորուստները, այլև բազմապատկեցինք դրանք։

2021 թվականը Հայաստանի համար պետական նվաստացման ու ազգային անարժանապատվության տարի էր։ Նաև ու գուցե առավելապես այն պատճառով, որ հենց 2020 թվականի հունիսին հայ հասարակության քվեարկող հատվածն ընտրեց նվաստացումն ու անարժանապատվությունը՝ «պողպատյա մանդատ» տալով նրանց, ովքեր Հայաստանի պետության հետ վարվում են ավելի դաժանորեն, քան կարող էր վարվել անգամ ամենաոխերիմ թշնամին։

Անցած տարին Հայաստանի Հանրապետությունն անցկացրեց՝ իր ինքնիշխան տարածքում ունենալով թշնամի պետության զինծառայողներ ու թշնամական մաքսակետեր սեփական ճանապարհներին։ Եվ այդ ամենը՝ «խաղաղության դարաշրջանի» բացման զառանցանքի ներքո, որի հեղինակն արդեն տարին ամփոփեց Արցախի հայկականությունը կասկածի տակ դնելով և Ադրբեջանին ու Թուրքիային աննախադեպ քաղաքական ու քարոզչական նվերներ մատուցելով։

Անցած 2021 թվականը պե՛տք էր և կարո՛ղ էր դառնալ ողբերգական 2020-ից համազգային հետևություններ կատարելու և սեփական սխալներն ընդունելու ու ուղղելու տարի։ Բայց մենք անհատապես ու հավաքականորեն ոչ միայն դա չարեցինք, այլև է՛լ ավելի խորացրեցինք մեր մոլորությունը՝ թույլ տալով, որ դրա շահառուներն Արցախի հարցն արդեն փակված համարեն, Հայաստանն էլ դարձնեն աշխարհաքաղաքական սակարկությունների առարկա ու մանրադրամ՝ սեփական իշխանությունը պահպանելու ճղճիմ նպատակներով։

Եվ քանի որ 2021 թվականին մենք չկարողացանք հետևություններ կատարել մեր պատմության ամենաողբերգական ժամանակահատվածի մասին, չափազանց մեծ է վտանգը, որ մենք շարունակվող կորուստների պայմաններում ենք ապրելու նաև նոր՝ 2022 թվականին։

Դա թույլ չտալու միայն մեկ ճանապարհ կա՝ վերջապես սթափվել ու ընդունել սեփական սխալները և կատարել դրանից բխող իրական քայլեր։

Հակառակ դեպքում մենք մեկ տարի անց ևս ստիպված ենք լինելու արձանագրել, որ կորցրեցինք նաև 2022 թվականը։

Հետևաբար՝ Հայաստանի Հանրապետությանը, հայ հասարակությանը, բոլորիս պետք է մաղթել սթափություն և ողջախոհություն, բանականը՝ անբանականից, միտքը՝ մանիպուլյացիայից, հայրենասերին՝ կոլաբորացիոնիստից, հայկականը՝ ապազգայինից տարբերակելու կարողություն և հավատ, որովհետև միայն այդ դեպքում մենք կկարողանանք վերագտնել այն հայրենիքը, որի մի մասը՝ նաև ֆիզիկապես, իսկ մնացած հատվածը՝ հոգեբանորեն կորցնում ենք արդեն ավելի քան երեք տարի։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ

 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ