19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Աստված չի հեռանա մարդուց, եթե մարդը չհեռանա Նրանից

Դժվարություններն ու փորձությունները  միշտ մարդուց անպակաս են եղել։ Մարդը սովոր է կյանքից ամեն վայրկյան մի նոր փորձություն ստանալ ու հետո, ինչ-որ կերպ դուրս գալ դրա մեջից։  Որքան շատ դժվարությունների ու փորձությունների առաջ ենք կանգնում և հաղթահարում դրանք, այնքան ավելի ենք ուժեղանում՝ մարմնով ու հոգով։ Բայց շատ հաճախ, այդ փորձությունների մեջ մենք այնքան ենք խճճվում, որ կորցնում ենք իրականի հետ կապը։ 

Նախորդ տարին բոլորիս համար փորձություններով ու ցավով լի էր։ Մեր ցավի մեջ ամենքս մեզ կորցրած, փորձում էինք գտնել Աստծուն ու ստանալ մեզ հուզող հարցերի պատախանները։ Շատերը նեղացել էին Տիրոջից՝ մտածելով, որ նա լքել է իրենց՝ անպատասխան թողելով աղոթքները։ Ես այն մարդկանցից եմ եղել, ով երկար ժամանակ չէր կարողանում խոսել Աստծո հետ։ Չեմ կարող ասել՝ նեղացել էի, բայց ներսումս բացարձակ լռություն էր։ Ես զգում էի, որ ցանկանում եմ եկեղեցի գնալ, Աստծո հետ զրուցել, պատմել իմ ապրումների մասին, բայց ինչ-որ բան ինձ հետ էր պահում։ Գուցե դա հենց այն նեղացվածությունն էր, որ այդ պահին ես ունեի, բայց չէի կարողանում խոսքերով բացատրել։ 

Սակայն, հիմա հասկանում եմ, որ  չպետք է թողնենք հույսը լքի մեզ, քանի որ Աստված Իր սիրով քայլում է մեզ հետ: «Ես հույսով լի եմ, քանի որ Աստված իմ կողքին է»,– մեզանից յուրաքանչյուրը կարող է ասել սա: Աստված ինձ հետ քայլում և իմ ձեռքը  բռնած՝ առաջնորդում է ինձ: Աստված մեզ մենակ չի թողնում․

«Որովհետեւ հաստատ գիտեմ, որ ո՛չ մահ, ո՛չ կյանք, ո՛չ հրեշտակներ, ո՛չ իշխանություններ, ո՛չ զորություններ, ո՛չ ներկա բաներ,  ո՛չ գալու բաներ և ո՛չ բարձրություն, ո՛չ խորություն և ո՛չ մեկ ուրիշ ստեղծված բան չի կարող մեզ բաժանել Աստծո սիրուց, որ  մեր Տեր Հիսուս Քրիստոսումն է»(Հռոմեացիներին 8.38,39)։ Հիմա հասկանում եմ, որ փորձության մեջ հայտնված մարդուն՝ Աստված կարողանում է ավելի լավ ճանաչել։ Մենք կկորցնե՞նք մեր հավատը, թե՞ ավելի կզորեղանանք դժվարությունների հանդիպելիս, այս հարցի պատասխանը կկարողանան տալ  բոլոր նրանք, ովքեր այդ ճանապարհով արդեն անցել են։ Իսկ Աստված մինչ այդ պահը համբերատար ու հավատով սպասում է, տեսնելու ու հասկանալու համար՝ մեզանից յուրաքանչյուրը  ինչպես  է նորից գտնում ու վերադառնում դեպի Իրեն տանող ճանապարհը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ