20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դրամի արժեզրկման վրա ազդող հիմնական գործոնները

Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարություն արեց ֆինանսական շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ: ՀՀ վարչապետը նշեց, որ ֆինանսական շուկայի ներկա զարգացումները հիմնականում պայմանավորված են գլոբալ և տարածաշրջանային զարգացումներով, որոնք զերծ չեն ակնհայտ սպեկուլյատիվ տարրերից: 

 

Դրամի արժեզրկման վրա ազդող հիմնական գործոններն են՝ նավթի համաշխարհային գների նվազումը, կանխիկ դոլարի դեֆիցիտն և դոլարի արտահանումը:

 

«Brent» տեսակի նավթի համաշխարհային գները հոկտեմբեր ամսվա նկատմամբ նվազել են 2 անգամ և կազմում են 59,24 դոլար/բարել: Հաստատված նոր գինը շատ մեծ վնասներ է հասցնում նավթարդյունահանող երկրներին, քանի որ նվազում են իրենց մուտքերը արտահայտված դոլարով, որի հետևանքով փոխվում է երկրների՝ առևտրային և վճարային հաշվեկշիռը, առաջանում է բացասական սալդո:

 

Քանի որ միջազգային առևտրի 81%-ը իրականացվում է դոլարով և եվրոյով, այդ բացասական սալդոն առաջացնում է դոլարի և եվրոյի դեֆիցիտ, որի հետևանքով թուլանում է երկրների ազգային արժույթը: Նավթարդյունահանող երկրներից ամենաշատը տուժում են այն երկրները, որոնց արտահանման մեջ մեծ կշիռ ունի նավթի արդյունահանումը, այդ երկրներից է մեր ամենախոշոր առևտրային գործընկերը՝ Ռուսաստանը:

 

Բացի դա հաստատված նոր գինը մոտենում է ՌԴ նավթարդյունահանողների ինքնարժեքին, որի հետևանքով ավելի մեծ վնասներ է կրում երկրի պետական բյուջեն: Իրավիճակը ՌԴ-ում անրադառնում է նաև Հայաստանի վրա, քանի որ ռուբլին և ՌԴ տնտեսությունը անկում են ապրում, իսկ Հայաստան ուղարկվող տրանսֆերտները նվազում են:

 

ՀՀ ֆինանսական շուկայում դոլարի վաճառքը գերազանցում է դոլարի առքին, ինչը նշանակում է որ առկա է կանխիկ դոլարի դեֆիցիտ: Դեֆիցիտի առաջացման պատճառներից է տրանսֆերտների փոխանցումը ռուբլով, քանի որ ավելի ձեռնտու է ՌԴ-ից տրանսֆերտները փոխանցել ռուբլով, այնուհետև ՀՀ-ում այն կանխիկացնել, քան թե ռուբլին ՌԴ-ում դարձնել դոլար հետո նոր փոխանցել Հայաստան: Այդ դեֆիցիտի հետևանքներն ավելի են սրվում, երբ բանկերը հրաժարվում են դոլար վաճառելուց և անտեսում են ՀՀ ԿԲ զգուշացումները՝ «զերծ մնալ փոխարժեքային սպեկուլիացիաներից»:

 

Ռուբլով տրանսֆերտներից կարելի է խուսափել այն դեպքում, երբ դոլարի վերածումը և փոխանցումը ավելի շահավետ կլինի: Սրան հարկավոր է լուրջ վերաբերել քանի որ այժմ այն ժամանակահատվածն է, երբ ՀՀ քաղաքացիները ՌԴ-ից վերադառնում են Հայաստան:

 

ՌԴ-ից շարունակվում է կապիտալի արտահոսքը, իսկ ՌԴ-ը չի ստանում ֆինանսական օգնություն արևմուտքից՝ պատժամիջոցների պատճառով, դրանց հետևանքով ՌԴ-ում առաջացել է դոլարի դեֆիցիտ, իսկ այդ դեֆիցիտը ՌԴ ցանկանում է փակել այլ երկրների հաշվին և Հայաստանը բացառություն չէ: ՌԴ բանկերը մեծ քանակությամբ դոլար են գնում ՀՀ-ից և արտահանում Ռուսաստան, որի հետևանքով ՀՀ-ում ստեղծվում է կանխիկ դոլարի դեֆիցիտ և արժեզրկվում է դրամը: ՀՀ ԿԲ պետք է վերահսկի շուկան և թույլ չտա արտարժույթի արտահանումը այսպիսի դժվար իրավիճակում:

 

Բացի այս գործոններից դրամի արժեզրկման վրա ազդում է նաև մետաղների միջազգային գների նվազումը, մասնավորապես՝ պղնձի և մոլիբդենի, որոնք մեր արտահանման կառուցվածքում մոտ 40% մասնաբաժին ունեն և ՀՀ համար արժույթի հիմնական աղբյուրներից են:

 

ՀՀ վարչապետը խոսեց նաև ավանդների երաշխավորման համակարգի մասին և կարևորեց, որ բոլոր ավանդատուները պետք է համոզված լինեն, որ իրենց ավանդները երաշխավորված են:

 

ՀՀ առևտրային բանկերում ընդհանուր առմամբ ավանդները կազմում են 1, 67 տրլն. դր, որից ՀՀ դրամով արտահայտված ավանդները կազմում են 543 մլրդ. դր, իսկ արտարժույթով արտահայտված ավանդները՝ 1,13 տրլն. դրամին համարժեք: Ավանդատուների ցուցակի այս 2 խմբերից շահում են արտարժույթով արտահայտված ավանդ ներդրողները, հետևաբար նրանց կողմից ավանդների պահանջի խնդիր չի առաջանում:

 

Իսկ մյուս խումբը կորցնում է, քանի որ ավանդները ներդրել է դրամով, հետևաբար նրանց կողմից կարող է առաջանալ պահանջի խնդիր: Սակայն դրամով ավանդների ծավալը 2 անգամ պակաս է արտարժույթով արտահայտված ավանդներից:

 

Նաև ՀՀ ԿԲ հաստատած նորմատիվներով՝ ստացված ավանդների 8 %-ը ՀՀ առևտրային բանկերը պարտավոր են փոխանցել ավանդները երաշխավորող հիմնադրամին, այսինքն ներկա դրությամբ այդ թիվը կազմում է 133 մլրդ. դր:

 

Հետևաբար Ավանդատուները կարող են չանհանգստանալ ավանդների անձեռնմեխելիության առումով:

 

Հայկ Մարտիրոսյան


KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ