20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պաշտպանին թյուրիմացության մե՞ջ են գցել. Արդարադատության նախարարության պատասխանը

 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից տարածվել է «Արդարադատության նախարարությունը խախտել է մարդու իրավունքները» վերնագրով հաղորդագրություն, որում  ՀՀ արդարադատության նախարարությանը մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարումն (ԴԱՀԿ) ապահովող ծառայության ծառայողներին ենթադրյալ ապօրինի գործողությունների համար պատասխանատվության ենթարկելուց հրաժարվելու վերաբերյալ: Արդարադատության նախարարությունը տարածել է պատասխան հաղորդագրություն, որում ասվում է.

‘ՀՀ արդարադատության նախարարությունը բարձր է գնահատում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը մարդու խախտված իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը ապահովելու գործում, ինչպես նաեւ մեծապես արժեւորում է  մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հաղորդումներին արագ արձագանքելու վերջինիս վճռականությունը:

Այդուհանդերձ, մարդու իրավունքների պաշտպանի դերակատարումը եւ նրա նկատմամբ հանրային վստահությունը մեծապես շաղկապվում է նրա գործողությունների արժանահավատությանը, խնդիրների էության մեջ ներթափանցելու եւ  մասնագիտական խորաթափանցություն դրսեւորելու կարողություններին:

            Մինչդեռ, տվյալ դեպքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շտապում է հայտարարություն տարածել առանց քաղաքացու կողմից ներկայացված դիմումը եւ դրան առնչվող փաստական հանգամանքները բազմակողմանի ուսումնասիրելու, ինչպես նաեւ` անտեսելով իր հարցմանն ի պատասխան ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրամադրած տեղեկատվությունը:

            Այսպես, խնդրո առարկա հանդիսացող` ՀՀ քաղաքացի Վարդանուշ Թովմասյանի գործով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաղորդագրության մեջ նշվում է, որ  քաղաքացի Վարդանուշ Թովմասյանը ԴԱՀԿ ապահովող ծառայության ենթադրյալ անգործության` պարտապանի գույքի վրա «անհապաղ» արգելանք չդնելու պատճառով «զրկվել էր իրեն պատկանող եւ ծայրահեղ անհրաժեշտ գումարից»:

ԴԱՀԿ ապահովող ծառայությունը անձի դիմումը ստանալու պահից ոչ թե «անհապաղ», այլ օրենքով սահմանված եռօրյա ժամկետում հարուցել է կատարողական վարույթ, որից հետո գործով պարտապանը անմիջապես ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության դեպոզիտ հաշվին մուտքագրել է կատարողական թերթով սահմանված գումարն ամբողջությամբ՝ 2 600 000 ՀՀ դրամ:

Հարկ է նշել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն անձն իրավունք ունի մուծել իրենից պահանջվող գումարը հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշիվ` ինչը համարվում է կատարողական թերթով սահմանված պարտավորությունների կատարում:

Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ դատարանի կողմից գումարը բռնագանձելու մասին կատարողական թերթը ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայություն մուտքագրվելուց հետո գործով պարտատեր Վարդանուշ Թովմասյանը 17.01.2012 թվականին ստացել է ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայությունից 2600000 ՀՀ դրամ գումարը: Հետեւաբար` քաղաքացի Վարդանուշ Թովմասյանը, ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայության գործողությունների արդյունքում ստանալով կատարողական թերթով սահմանված 2 600 000 ՀՀ դրամ գումարը, չէր կարող, ինչպես նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, ‘զրկված լինել իրեն պատկանող եւ ծայրահեղ անհրաժեշտ գումարից’:

Հարկ է անդրադառնալ նաեւ  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեղադրանքներին առ այն, որ ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայությունը ենթադրյալ «արհեստական եւ չհիմնավորված ձգձգման հետեւանքով» թույլ է տվել, որ պարտապանը հասցնի վաճառել իրեն պատկանող սեփականությունը:

Կատարողական վարույթի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պարտապանին սեփականության իրավունքով պատկանող միակ անշարժ գույք է հանդիսանում իր կնոջ հետ համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակարանը: Դատարանի կողմից գործի շրջանակներում տրվել է իր կայացրած վճռի պարզաբանում, որի համաձայն Վարդանուշ Թովմասյանին վճարված 2600 000 ՀՀ դրամ գումարին հավելյալ ենթակա էր վճարման եւս 300 000 ՀՀ դրամ գումար, ինչպես նաեւ հաշվարկված տոկոսներ:

Նշված լրացուցիչ գումարները բռնագանձելու պահանջը կատարելու համար ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից արգելանք է դրվել հենց վերը նշված` պարտապանին իր կնոջ հետ համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակարանի նկատմամբ եւ նշվածից ակնհայտ երեւում է, որ պարտապանին պատկանող գույքը վաճառված լինելու դեպքում ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայությունը ուղղակի չէր կարող արգելանք դնել այդ գույքի վրա:

Այնուամենայնիվ, ի տարբերություն պաշտպանի հայտարարության, հիշյալ գույքը առ այսօր գտնվում է արգելանքի տակ եւ ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից քաղաքացի Վարդանուշ Թովմասյանին տեղեկացվել է այն մասին, որ դատարանի կողմից սահմանված լրացուցիչ գումարը եւ  տոկոսները բռնագանձելու համար անհրաժեշտ է դիմել դատարան` բնակարանում պարտապանին պատկանող մասը առանձնացնելու եւ առանձնացված մասի վրա բռնագանձում տարածելու համար:

Մինչդեռ, քաղաքացի Վարդանուշ Թովմասյանը, ստանալով կատարողական թերթով սահմանված գումարը եւ ձեռնպահ մնալով դատարանի կողմից սահմանված լրացուցիչ գումարի եւ տոկոսների բռնագանձումն ապահովելու համար պարտապանի բնակարանից բաժնեմասն առանձնացնելու հայցով դատարան դիմելուց, փորձում է մեղքը բարդել ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայության վրա` թյուրիմացության մեջ գցելով նաեւ  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին’:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ