25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Պաշտպանությունից մինչեւ հանցագործության սահմանը. ի՞նչ պետք է անի եւ չանի թիկնապահը /վիդեո/

“Թիկնապահն առաջին հերթին մարդ է եւ նոր թիկնապահ: Հայաստանում թիկնապահների անունն ընկնում է մեկ-երկուսի վարքի պատճառով, մինչդեռ թիկնապահը ոչ թե բռնություն գործադրելու, այլ իրեն հանձնված օբյեկտի պաշտպանության կամ տվյալ անձի անվտանգության ապահովման համար է”:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց “Պահապան արծիվներ” թիկնապահական ակադեմիայի ղեկավար Արսեն Դավթյանը:

Նրա խոսքով, թիկնապահն իրավունք չունի հարձակվել, կռվել, խառնվել այլ հարցերի, ինչպես նաեւ օգտագործել հրազեն, անգամ օդ կրակել: Անդրադառնալով “Հարսնաքար”-ի դեպքին, բանախոսը նշեց. ”Քննություն է գնում , եւ մենք դեռ չգիտենք` դրանք թիկնապահ են, թե ոչ: Թիկնապահը իրավունք չունի կռվի մեջ մտնել հաճախորդի հետ, թիկնապահը պետք է պաշտպանի իր տունը, տվյալ  դեպքում` ռեստորանը, թիկնապահը պետք է խոսի, բացատրի, եթե չեն հասկանում, պետք է դիմի ոստիկանություն: Մեղավորը սովորեցնողներն են, որ ճիշտ չեն սովորեցրել”:

Բանախոսը հավելեց, որ թիկնապահը պետք է գիտելիք, ոչ թե ուժ հավաքի: Հարցին, թե որքանո՞վ է պատասխանատու կլիենտը թիկնապահի վարքի համար, եւ տվյալ դեպքում` “Հարսնաքարի” միջադեպի համար, Արսեն Դավթյանը այսպես պատասխանեց, թե ընդհանրապես, այդ հարաբերությունները պետք է պայմանագրով կարգավորվեն, սակայն, Հայաստանում, որպես կանոն, ամեն ինչ արվում է բանավոր պայմանավորվածությունների հիման վրա:

“Նա պաշտպանող է, նա չպետք է լինի ագրեսիվ”,-թիկնապահն, ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի, այսպիսին պետք է լինի: “Մենք բոլորս հիշում ենք 2001 թվականի սեպտեբերի 25-ը, երբ Ռոբերտ Քոչարյանին վիրավորելու համար նրա թիկնապահի ծեծից տեղում մարդ մահացավ Առագաստ սրճարանում:  Կա պաշտպանության սահման , որից հետո դա դառնում է հանցագործություն, այդ սահմանը թիկնապահներին պետք է սովորեցնել”,-նշեց Ահարոն Ադիբեկյանը եւ հավելեց, որ Հայաստանում ամեն ինչ, այդ թվում` նաեւ թիկնապահներն, ընտրվում են աչքաչափով :

Արսեն Դավթյանը տեղեկացրեց, որ Հայաստանում օբյեկտների պահպանությամբ զբաղվող թիկնապահների մինիմալ աշխատավարձը վաթսուն հազար դրամ է, մաքսիմալը` հարյուր հիսուն հազար դրամ, իսկ անձնական պահպանությամբ զբաղվողները` հարյուր հիսուն հազար դրամից մինչեւ հազար դոլար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ