20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արդարադատության նախարարությունը խախտել է քաղաքացու իրավունքը. ՄԻՊ գրասենյակը պնդում է

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շարունակում է պնդել, որ Արդարադատության նախարարությունը խախտել է քաղաքացու իրավունքը, նշելով, որ դատաիրավական բարեփոխումները սկսում են մեկ մարդու գործով պետական մարմնի իրավաչափ գործողություններից:

ՄԻՊ-ի հայտարարության մեջ ասվում է.

‘Դատաիրավական բարեփոխումները սկսում են մեկ մարդու գործով պետական մարմնի իրավաչափ գործողություններից: Այդ մարդը տվյալ դեպքում Վարդանուշ Թովմասյանն է: Անտեսելով Պաշտպանի օրենքի տառից բխող հիմնավոր պնդումները վարկաբեկելու Արդարադատության նախարարության անհաջող փորձերը՝ ստորեւ ներկայացնում ենք նախարարության կողմից մարդու իրավունքի խախտման հանգամանքները՝ ավելի մանրամասն:

Նախարարության պնդումը. ԴԱՀԿ ապահովող ծառայությունը անձի դիմումը ստանալու պահից ոչ թե անհապաղ, այլ օրենքով սահմանված եռօրյա ժամկետում հարուցել է կատարողական վարույթ:

Իրականությունը. Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության կազմտեսչական եւ վերլուծական բաժնի պետի Պաշտպանի աշխատակզմին ուղղված 05.06.2012թ. գրությամբ տվյալ գործով նշվել է բառացի հետեւյալը. «կատարողական վարույթի հարուցման փուլում իրոք խախտվել են կատարողական վարույթ հարուցելու օրենքով սահմանված ժամկետները…: Մասնավորապես, Վարդանուշ Թովմասյանը հայցի ապահովում կիրառելու մասին դատարանի կողմից տրված կատարողական թերթը ներկայացրել է Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայություն հոկտեմբերի 11-ին, իսկ կատարողական վարույթ հարուցվել է հոկտեմբերի 17-ին: Այսինքն՝ չի պահպանվել նույնիսկ նախարարության կողմից վկայակոչված երեք օրվա ժամկետը:

Օրենսդրական ծանոթություն հանրության եւ նախարարության համար.

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հայցի ապահովման մասին դատարանի որոշումը կատարվում է անհապաղ` ‘ԴԱՀԿ մասին’ ՀՀ օրենքով սահմանված կարգով:  Համաձայն ‘ԴԱՀԿ մասին’ ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի` կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում` պահանջատիրոջից կամ նրա ներկայացուցչից կատարողական թերթ ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում: ‘ԴԱՀԿ մասին’ ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի ուժով ոչ աշխատանքային օրերին, ինչպես նաեւ գիշերային ժամերին կատարողական գործողությունները թույլատրվում են, եթե անհրաժեշտ է անհապաղ կատարում:

Նախարարության պնդումը. Պարտապանը անմիջապես ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության դեպոզիտ հաշվին մուտքագրել է կատարողական թերթով սահմանված գումարն ամբողջությամբ՝ 2600000 ՀՀ դրամ:

Իրականությունը. Պարտապանը Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության դեպոզիտ հաշվին գումարը մուտքագրել է ոչ թե անմիջապես, այլ  նոյեմբերի 11-ին, մինչդեռ կատարողական թերթը քաղաքացին ծառայություն էր մուտքագրել հոկտեմբերի 11-ին: Այդ ‘ամիջապես’ կոչված մեկ ամսվա ընթացքում նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից արգելանք չի դրվել պարտապանին պատկանող գույքի վրա, որի հետեւանքով պարտապանը հասցրել է վաճառել այդ գույքը (ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ Ե/876-12 գրություն):

Նախարարության պնդումը. ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից արգելանք է դրվել պարտապանին իր կնոջ հետ համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակարանի նկատմամբ եւ նշվածից ակնհայտ երեւում է, որ պարտապանին պատկանող գույքը վաճառված լինելու դեպքում ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայությունը ուղղակի չէր կարող արգելանք դնել այդ գույքի վրա:

Իրականությունը. ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մեկ այլ թիվ ԱՄ/2195-12 Պաշտպանին ուղղված գրության համաձայն նախարարության կողմից վկայակոչվող այդ գույքի վրա այս գործով չէր կարող արգելանք դրված լինել, քանի որ նշված գույքը 2011թ. հոկտեմբերի 19-ին օտարված է եղել այլ անձանց: Դրանից հետո Վարդանուշ Թովմասյանի լրացուցիչ ջանքերից հետո հայտնաբերվել է մեկ այլ գույք, որի սեփականտերն է պարտապանի կինը եւ այդ գույքի վրա դրվել է արգելանք, որն էլ մի քանի օր անց հանվել է, ինչն ըստ օրենքի ԴԱՀԿ-ն իր որոշմամբ չէր կարող անել:

Օրենսդրական ծանոթություն հանրության եւ նախարարության համար.

ԴԱՀԿ մասին» ՀՀ օրենքի 44.1-րդ հոդվածի համաձայն` արգելանքի տակ գտնվող պարտապանի գույքը հարկադիր կատարողի որոշմամբ արգելանքից հանվում է, եթե`

1) առկա են նույն օրենքի 42 հոդվածում նշված հիմքերը.

2) դատարանը որոշում է կայացրել գույքն արգելանքից հանելու մասին.

3) պահանջատերը հետ է պահանջել կատարողական թերթը:

Իսկ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի`

1. Գործին մասնակցող անձի միջնորդությամբ դատարանն իրավունք ունի հայցի ապահովման մեկ միջոցը փոխարինել մեկ այլ միջոցով կամ ձեւափոխելու:

2. Հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ ձեւափոխելու հարցը լուծվում է նույն օրենսգրքի 101-րդ հոդվածով սահմանված կարգով:

Նախարարության պնդումը. Հիշյալ գույքն առ այսօր գտնվում է արգելանքի տակ եւ ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից քաղաքացի Վարդանուշ Թովմասյանին տեղեկացվել է այն մասին, որ դատարանի կողմից սահմանված լրացուցիչ գումարը եւ  տոկոսները բռնագանձելու համար անհրաժեշտ է դիմել դատարան` բնակարանում պարտապանին պատկանող մասը առանձնացնելու եւ առանձնացված մասի վրա բռնագանձում տարածելու համար:

Իրականությունը. Երեկ ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրված տեղեկություններին համապատասխան հիշյալ գույքը արգելանքի տակ չէր եւ չի եղել  վերջին մեկ տարվա ընթացքում:

Նախարարության պնդումը. Քաղաքացի Վարդանուշ Թովմասյանը փորձում է մեղքը բարդել ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայության վրա` թյուրիմացության մեջ գցելով նաեւ  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին:

Իրականությունը. Մարդու իրավունքների պաշտպանը եւ իր աշխատակազմը իրենց բոլոր պնդումները անում են բացառապես պետական մարմինների կողմից ստացված եւ քաղաքացիների պնդումները հիմնավորող կամ լրացնող գրությունների հիման վրա: Մինչդեռ նախարարության աշխատակիցները ոչ միայն խախտել են մարդու իրավունքը, այլեւ թյուրիմացության մեջ գցել նախարարության ղեկավարությանը’:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ