19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Առողջապահական համակարգը գերծանրաբեռնված է, հիվանդանոցներում տեղ չկա, մարդիկ մահանում են, շատ ողբերգական արձանագրումների ենք ականատես լինում. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում:

Նա ասաց, թե դպրոցներում արձակուրդների երկարացումն ու բուհերի՝ դասերին առցանց անցնելը որոշակի դրական միտումներ է ցույց տվել:

«Հիվանդացության առումով նվազում ունենք, ինչը կարձանագրվի հաջորդ շաբաթվա թվերի առումով», – ասաց նա:

Նախարարը նշեց, որ մահճակալային ֆոնդը շարունակում է մնալ լարված, սակայն հոսպիտալացման սպասող քաղաքացիների թվի նվազում կա:

Ինչ վերաբերում է պատվաստումներին, նա ասաց, որ Հայաստանում պատվաստվել է 852 հազար 355 քաղաքացի:

«Պետք է ասեմ, որ «Մոդեռնա» պատվաստանյութի ստանալուց հետո մենք փոփոխություն իրականացրեցինք հրամանի մեջ ու 12 տարեկանից բարձր երեխաները հնարավորություն ունեն ստանալ պատվաստում, դա իրականացվում է ծնողների գրավոր համաձայնությամբ, կա հետաքրքրություն, արդեն մոտ 50 երեխա է պատվաստվել», – ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ 3000-ից ավելի հոսպիտալացված քաղաքացիների մեջ պատվաստված է ընդամենը 97-ը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե պատվաստված պետք է համարել այն քաղաքացիներին, որոնք երկու դեղաչափն են ստացել:

Նրա խոսքով՝ առողջապահական համակարգը գերծանրաբեռնված է. եթե տանը սպասող մարդ կա, դա նշանակում է, որ հիվանդանոցներում տեղ չկա:

«Հետևաբար, մարդիկ մահանում են, ամեն օր ահազանգեր են, ամեն օր շատ ողբերգական արձանագրումների ենք ականատես լինում: Սրանից խուսափելու միայն մեկ տարբերակ կա՝ պատվաստվել, մենք լոքդաուների չենք գնալու, ուզում եմ սա հստակ արձանագրենք», – ասաց ՀՀ վարչապետը:

Նա հայտարարեց՝ պետք է մարդկանց փրկել ու այդ փրկության միջոցը կա:

«Խնդրում ենք, կոչ ենք անում պատվաստվել: Վարչական լծակները նույնպես կարևոր են, դրանք գործի ենք դնելու, բայց, ընդհանուր առմամբ, մարդկանց խնդրում ենք, որ օգնեն մեզ, որ կարողանանք օգնել իրենց», – ասաց Փաշինյանը:

 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ