24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՊՆ-ն 5,5 միլիարդ դրամի վառելիք է գնել Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված ընկերությունից (Hetq.am)

2021թ․ հոկտեմբերի 1-ին Պաշտպանության նախարարությունը մոտ 5,5 միլիարդ դրամ արժողությամբ գնման պայմանագիր է կնքել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ի հետ։ Պետական գնումների armeps.am համակարգում հրապարակված պայմանագրի համաձայն՝ «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն պարտավորվել է 5 մլրդ 450 միլիոն դրամի դիմաց Պաշտպանության նախարարությանը մատակարարել 4000 տոնա ռեգուլյար տեսակի բենզին և 6042 տոննա դիզելային վառելիք, գրել է Hetq.am-ը։

ՊՆ կարիքների համար անցկացված գնման ընթացակարգը կազմակերպվել է հրատապ բաց մրցույթով, որին, բացի «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ից, մասնակցել են նաև բենզինի շուկայի մյուս խաղացողները՝ «Ֆլեշ», «Մաքս Օիլ», «ՍիՓիԷս Օիլ» և «Կար Պետրոլ» ՍՊԸ-ները։ Նշված ընկերությունների ներկայացրած գնային առաջարկներից ամենացածրը եղել է հենց «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ինը, որը և հաղթող է ճանաչվել և պետությանը խոշոր գումարի դիմաց վառելիք մատակարարելու հնարավորություն ստացել։

«Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2020 թվականի փետրվարի 7-ին։ Պետական գնումների գործընթացին սկսել է մասնակցել նույն տարվա օգոստոսից, և ընկերության առաջին գնորդը, ըստ armeps.am-ի, կրկին եղել է Պաշտպանության նախարարությունը, որն այդ ժամանակ «Մեգա Թրեյդից» կրկին վառելիք է գնել՝ մոտ 1․3 միլիարդ դրամի դիմաց։

«Մեգա Թրեյդի» ծառայություններից այս ընթացքում օգտվել են նաև դատախազությունը, Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Քրեակատարողական ծառայությունը, «Միասնական սոցիալական ծառայությունը» և այլն։ Ընդհանուր առմամբ, «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն հիմնադրման օրվանից մինչև այժմ պետական տարբեր գերատեսչությունների հետ կնքել է 9 պայմանագիր, որոնց գումարային ընդհանուր արժեքը կազմել է 6 մլրդ 919 մլն դրամ, որից 6 մլրդ 778 մլն-ը ապահովել է Պաշտպանության նախարարությունը։

Ինչպես արդեն նշեցինք, «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2020թ․ փետրվարի 7-ին։ Այն հիմադրել են Տիգրան Բադալյանն ու Արմեն Մարգարյանը՝ 50-ական տոկոս բաժնեմասերով։ Տիգրան Բադալյանը ավելի վաղ՝ 2019թ․ հուլիսի 30-ին հիմնել է «Սիլ կապիտալ» ՍՊԸ-ն, սակայն մեկ ամիս անց իր ամբողջ բաժնեմասը փոխանցել է Խաչատուր Սուքիասյանի եղբոր` էդուարդ Սուքիասյանի որդուն՝ կրտսեր Խաչատուր Սուքիասյանին։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Մեգա Թրեյդի» սեփականատերերն այժմ Արամայիս Գրիգորյանն ու Դավիթ Հարությունյանն են։

2021թ․ փետրվարի 18-ին Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ «Սիլ կոնցեռն» ընկերությունը ձեռք է բերել «Ռան Օիլ» ընկերությունը: Ինչպես հայտնի է, «Սիլ կոնցեռնը» պատկանում է Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։ Գործարարը 2021թ․ հունիսի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրվեց ԱԺ պատգամավոր։

«Ռան Օիլի» բենզալցակայաններում տպվում են «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ի անվանմամբ և հարկ վճարողի հաշվառման համարով ՀԴՄ կտրոններ։ Հասկանալու համար երկու ընկերությունների կապը՝ Hetq.am-ը զանգահարել է «Ռան Օիլի» կայքում նշված հեռախոսահամարով, այնտեղից փոխանցել են այլ հեռախոսահամար, որը, ինչպես հետո ՝ պարզվել, ընկերության կտրոնների վաճառքի կենտրոնի հեռախոսահամարն է։ Ընկերության ներկայացուցիչը հայտնել է․ « «Մեգա Թրեյդը» «Ռան Օիլն» է ներկայացնում, այսինքն՝ «Ռան Օիլը» «Մեգա Թրեյդի» մասնաճյուղն է»։ 

Ճշտող հարցին, թե և՛ «Ռան Օիլը», և՛ «Մեգա Թրեյդը» մտնո՞ւմ են «Սիլ կոնցեռնի» մեջ, աշխատակիցը դրական պատասխան է տվել։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ