25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Որևէ մեկին թող չթվա, որ ինքը Հայաստանի անկախության և ինքնիշխանության ավելի մեծ ջատագովն է. Հ. Նաղդալյան

Այսօր խորհրդարանում շարունակվեց ՀՀ-ի ԵՏՄ-ին միանալու որոշման պայմանագրի քննարկումը, որը ուղղորդվեց ընդդիմադիրների կողմից մի շարք մտահոգություններ պարունակող ելույթներով: Այդ մտահոգությունների շուրջ փորձեցինք ճշտել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի տեսակետը:

– Տիկին Նաղդալյան, արդյոք հիմնավոր են մեր ընդդիմադիր պատգամավորների պնդումները, թե  ԵՏՄ-ին միանալիս Հայաստանը կկորցնի  իր անկախությունը. խոսքը վերաբերում է մասնավորապես տնտեսական անկախությանը:

– Ինքնիշխանությունը, անկախությունը բացարձակ արժեք են: Ինքնիշխանությունը մեր ժողովրդի բազմադարյան պայքարի և մեր մայր օրենքի՝ Սահմանադրության գլխավոր միտքն է: Եվ որևէ մեկին թող չթվա, որ ինքը Հայաստանի անկախության և ինքնիշխանության ավելի մեծ ջատագովն է, քան  մյուսները,  քան մարդիկ, ովքեր պայքարել և մաքառել են այդ անկախության համար:  

  Այսօր աշխարհը զարգանում է ինտեգրացիոն հենքի վրա: Եթե մոտենանք այն սկզբունքով, թե որևէ ինտեգրացիոն միավորման մեջ մտնող երկրները կորցնում են իրենց սուվերենությունը, ապա կպարզվի, որ բացարձակ սուվերեն պետություն գոյություն չունի, որովհետև աշխարհի պետությունների 95 տոկոսը այս կամ այն ինտեգրացիոն գործընթացների կամ միությունների մեջ են ընդգրկված: Այդպիսի միությունները բազմաթիվ են և ոչ միայն Եվրասիականը, որը նոր է ստեղծվում, այլև՝ Եվրամիությունը, Մերկոսուրը, Նավտան, ՀարավարեւելյանԱսիայի երկրների ընկերակցությունը /АСЕАН/, և այլն:  Եթե որևէ երկիր մտնում է ինտեգրացիոն միավորման մեջ, բնականաբար, որոշակի լիազորություններ պատվիրակում է վերազգային մարմիններին, և որոշակի հարցերում / որոնք այդ ինտեգրացիոն միավորման իմաստն ու բովանդակությունն են կազմում/ համաձայնվում է հաշվի նստել իր ինտեգրացիոն գործընկերների կամքի հետ, և առանց դրա այսօր աշխարհը զարգանալ չի կարող, բացարձակ անկախություն չկա, Եվրոպայի շատ երկրներ անդամակցելով ԵՄ-ին՝ իրենց բազմաթիվ լիազորություններ պատվիրակել են Եվրոպային:   Բայց հետաքրքիր է `այն մարդիկ, ովքեր այսօր խոսում են անկախության և սուվերենության մասին, այդ նույն հարցերը կտային նաև այն դեպքում, եթե մենք Եվրամիությո՞ւն գնայինք: Երևի չէին տա, եթե իրենց պատվիրատուն Արևմուտքից լիներ: Կախված է պատվիրատուից:

– Տիկին Նաղդալյան խորհրդարանում այսօր հնչած ընդդիմադիրների ելույթներում մասնավորապես մտահոգություն էր բարձրացվում ԵՏՄ անդամակցությամբ Արցախի անվտանգության շուրջ: Ի՞նչ երաշխիքներ ունենք այս իմաստով: Կարո՞ղ եք փարատել այդ մտահոգությունը:

-Նախ միամիտ կամ ուղղորդված է այն մտայնությունը, թե մեր պետական ղեկավարությունը, որի կազմում ընդգրկված են մեծ կենսագրություն, Արցախի համար կյանք ու նվիրում ներդրած պետական այրեր, Արցախի ազատության և անկախության համար ավելի քիչ են մտածում, քան ասենք որոշները, ովքեր միայն քաղաքական կարիերա են կերտում կամ իրենց քաղաքական իմիջն են ուզում բարձրացնել՝ ժողովրդի համար այս կենսական խնդիրները բարձրաձայնելով: Բոլորովին այդպես չէ: Ուստի երբևէ չպետք է մտածել, որ Հանրապետականը կարող է հանդուրժել կամ գնալ այնպիսի քայլերի, որոնք կվնասեն Արցախի անկախությանը, և թող որևէ մեկը չկարծի, որ ինքն ավելի շատ է հասկանում զենքի, զինամթերքի գնման, մատակարարման  և այլ խնդիրների մասին, քան այն մարդիկ, ովքեր 25 տարի շարունակ այդ գործով զբաղվել են՝ ապահովելով և՛ Արցախի, և՛ Հայաստանի անվտանգությունը, ռազմական հզորությունը, մեր բանակի կայացումը: Պետք չէ վերամբարձ տոնով հարցադրումներ անել, թե՝ դուք մտածե՞լ եք մենք զենքն ինչպես ենք տեղափոխելու և այլն: Պատասխանեմ՝ ամեն ինչի մասին մտածվել է բազմակողմանի և հանգամանալից, այո՛, Արցախի և Հայաստանի անվտանգությունը թիվ մեկ խնդիրն է մեզ համար, և ԵՏՄ անդամակցությունը , հիմնված է որոշ իմաստով, նաև անվտանգային բաղադրիչի վրա: Ինչ վերաբերում է զենքի մատակարարման մաքսատուրքի խնդրին, ապա անիրազեկներին տեղեկացնեմ, որ Հայաստանի հանրապետությունը դեռևս մեկ տարի առաջ Ռուսաստանի Դաշնության հետ կնքել է ռազմատեխնիկական համագործակցության մասին մի բացառիկ պայմանագիր և այդ պայմանագրով հայկական բանակի սպառազինման ապահովման խնդիրները կատարվում են հատուկ կարգով և այնպիսի պայմաններով, ինչպես ՌԴ զինված ուժերի ապահովումը:

  – Իսկ ԵՏՄ անդամակցությամբ ինչ դրական ակնկալիքներ կարող ենք ունենալ տնտեսության մեջ, մասնավորապես ապրանքաշրջանառության և այլ ոլորտներում:

– ԵՏՄ անդամակցության դրական կողմերի մասին մենք բազմիցս խոսել ենք, և ընդգծել, որ Հայաստանը մեկ տարի առաջ, դեռևս պաշտոնապես  չմտնելով ԵՏՄ կազմի մեջ , արդեն Ռուսաստանի կողմից միակողմանի կարգով ստացավ բազմաթիվ արտոնություններ, որոնցից մեկը գազի կայուն գինն էր՝ սահմանին 189 դոլարի չափով, մյուսը՝ նավթամթերքների մաքսատուրքի հանումը, շատ կարևոր հանգամանք  մեր երկրի համար՝ և՛ մեր ֆիզիկական անձ հանդիսացող սպառողների,  և՛ մեր տնտեսվարողների համար: Եվ ամենակարևոր հանգամանքը, թերևս, այն է, որ ինտեգրացիոն այս միավորման մեջ մտնելով՝ մենք հնարավորություն ենք ունենում մեր ապրանքները ներկայացնել 170 միլիոնանոց շուկա, որը հետագայում ընդլայնվելու է, որովհետև այլ երկրներ ևս միանալու են Եվրասիական Միությանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ