16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ խոսակցության. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ազգային ժողովում կառավարության հնգամյա ծրագրի ներկայացմանը:

«Ես արձանագրեցի, որ սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու», – ասաց նա:

Վարչապետը նշեց՝ թե՛ Իրանի, թե՛ Վրաստանի հետ քննարկումների օրակարգում էական դեր է խաղում տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացման թեման ու այս համատեքստում կարևորում է Հյուսիս-հարավ նախագիծը, որը Իրանի հետ ՀՀ սահմանը կապում է Վրաստանի հետ սահմանին:

«Մեզ համար չափազանց կարևոր է երկաթուղային կապի հաստատումը Ռուսաստանի ու Իրանի հետ, այս խնդիրը լուծելու համար Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով քննարկում ենք կոմունիկացիաների վերաբացման հարցը, այստեղ մենք վճռական ենք՝ ջանքեր գործադրել կոնկրետ արդյունքների հասնելու համար՝ գիտակցելով, որ Ադրբեջանն էլ ակնկալում է հաղորդակցություն ստանալ իր արևմտյան շրջանների ու Նախիջևանի միջև», – ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ Հայաստանը տրամադրված է վերականգնել խաղաղ գործընթացը Ադրբեջանի հետ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում:

«Կարևորում եմ նաև Ադրբեջանի հետ սահմանազատում ու սահմանագծում իրականացնելու օրակարգը ու շարունակում ենք աշխատել դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ», – ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հույս ունի օր առաջ ավարտին հասցնել գերիների, պատանդների ու այլ պահվող անձանց Հայաստան վերադարձնելու գործընթացը:

Նա հայտարարեց, թե Հայաստանի հետ հարաբերությունների հարցին անդրադարձ է կատարել Թուրքիայի նախագահը:

Փաշինյանն ասաց, թե այդ հայտարարություններում տեսնում է հայ-թուրքական երկաթուղին ու ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն:

«Մենք պատրաստ ենք նման խոսակցության», – հայտարարեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այս գործընթացին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությունը:

«Եվրամիությունը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն նույնպես հետաքրքրված են այս գործընթացով», – ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ խաղաղությունը, կայունությունը, համագործակցությունը հեշտ հայտարարելի ու ցանկալի նպատակներ են, բայց դրանց իրագործման համար խելամիտ ու մտածված ջանքեր են պահանջվում:

«Հայաստանը պատրաստ է նման ջանքեր գործարդել», – եզրափակեց խոսքը վարչապետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ