19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կստեղծվի Ներքին գործերի նախարարություն. yerkir.am

yerkir.am-ը գրում է․

Օգոստոսի 2-ին կհրավիրվի ՀՀ ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանը: Օրակարգում ներառված հարցերի թվում, բացի հաշվիչ հանձնախմբի, ԱԺ նախագահի, երեք տեղակալների, մշտական հանձնաժողովների ու նախագահների ստեղծումից և ընտրությունից, ներառված է նաև Կառավարության առաջարկությամբ՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման մասին հարցը:

ՀՀ Ազգային ժողովի կայքում զետեղված՝ պաշտոնապես շրջանառության մեջ դրված, նստաշրջանի օրակարգում դեռեվս չընդգրկված հարցերի թվում է նաև «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը (««Կառավարության կառուցվածքի եվ գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ և հարակից օրենքների նախագծերի փաթեթ), որը կառավարության հավանությանն է արժանացել 2021 թ. ապրիլի 15-ին, ԱԺ է ներկայացվել 2021 թ. ապրիլի 21-ին, ապրիլ-մայիսին անցել փորձաքննություններ, իսկ ընտրությունների նախօրեին՝ 2021 թ. հունիսի 9-ին, օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը մշտական հանձնաժողովի նիստում հետաձգվել է մինչեւ երկամսյա ժամկետով:

Հնարավոր է, որ օգոստոսի 2-ին՝ ՀՀ ԱԺ 8-րդ գումարման առաջին նստաշրջանում ներառված՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման մասին հարցը հենց դա լինի: Ամեն դեպքում՝ ՀՀ Ազգային ժողովի կայքում զետեղված և որոշակի ընթացակարգ անցած նման այլ նախագիծ չկա:

Ի՞նչ է փոփոխություն է ենթադրվում ներկայացված Նախագծերի փաթեթով (Օրենքների նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից)

ԱԺ աշխատակազմի փորձագիտական և վերլուծության վարչության ներկայացրած տեղեկանքի համաձայն՝ ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է ՀՀ կառավարության կառուցվածքում ստեղծել Ներքին գործերի նախարարություն, որի կազմի մեջ պետք է մտնեն Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը (գործող` Միգրացիոն ծառայությունը), «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը եւ Ոստիկանության զորքերը։ 

Նախագծերի փաթեթով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությունը միավորել ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության հետ (Միգրացիոն ծառայությունն անվանափոխվում է Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության): Նոր օրենքով՝ վարչապետին ենթակա մարմին Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը վերակազմավորվում է  նախարարությանը ենթակա մարմնի եւ գործում է որպես Ոստիկանություն, իսկ Ոստիկանության ենթակայության տակ գտնվող Ոստիկանության զորքերը վերակազմավորվում է նախարարությանը ենթակա մարմնի:

Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը, Միգրացիոն ծառայության պետը, Ոստիկանության զորքերի հրամանատարը եւ նրանց տեղակալները շարունակում են իրենց պաշտոնավարումը՝ մինչեւ Ոստիկանության պետի, Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետի,  Ոստիկանության զորքերի հրամանատարի եւ նրանց տեղակալների պաշտոններում նոր նշանակումներ կատարելը:

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքների համաձայն՝ Նախագծերի փաթեթի ընդունումը պետական բյուջեում որոշակի վերաբաշխումների կատարման անհրաժեշտություն կառաջացնի, քանի որ ստեղծվող նախարարությունը ՀՀ ընթացիկ տարվա պետական բյուջեում արտացոլված չէ, իսկ Նախագծերի տվյալ փաթեթը նախատեսվում է ուժի մեջ մտցնել դրա պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: Ընդ որում, եթե վերաբաշխումների իրականացման միջոցով հնարավոր չլինի լուծել նորաստեղծ նախարարության լիարժեք ֆինանսավորման խնդիրը, ապա անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություններ կատարել 2021 թվականի պետական բյուջեում: 

Այսպիսով, ՆԳ նախարարության ենթակա մարմիններն են լինելու՝

Ոստիկանություն,

Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն

Ոստիկանության զորքեր։

Նախարարության ենթակայությանն է հանձնվելու նաև ուսումնական կենտրոնը՝ որպես ՊՈԱԿ։

ՆԳ նախարարության ենթակայության տակ գործող և հանրության համար հետաքրքրություն ներկայացնող նորաստեղծ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության համար նախատեսվում է հետևյալ կառուցվածքը.

Միգրացիայի ու քաղաքացիության ծառայության հիմնական մասնագիտական ստորաբաժանումներ.

Ծրագրերի, հսկողության և վիճակագրության բաժին,

Բնակչության պետական ռեգիստրի վարման և սպասարկման բաժին,

Քաղաքացիության շնորհման և դադարեցման բաժին,

Քաղաքացիության պարզման և վերադարձի բաժին,

Ապաստանի հարցերի բաժին,

Վիզաների և կացության բաժին,

Օտարերկրացիների վերադարձի բաժին,

Անձնագրային բաժին։

Միգրացիայի ու քաղաքացիության ծառայության աջակցող ստորաբաժանումներ.

Ֆինանսահաշվապահական բաժին,

Իրավաբանական բաժին,

Քարտուղարություն,

Մարդկային ռեսուրսների կառավարման բաժին,

Վերապատրաստումների և զարգացման բաժին,

Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին,

Փաստաթղթերի տպագրման բաժին,

Տնտեսական բաժին։

Միգրացիայի ու քաղաքացիության ծառայության համակարգի մաս են կազմում նաև ծառայության տարածքային ստորաբաժանումները։

ՆԳ նախարարությանը ենթակա մարմինների ղեկավարներին, բացառությամբ Ոստիկանության զորքերի, պաշտոնի նշանակելու և այդ պաշտոնից ազատելու է վարչապետը` ՆԳ նախարարի առաջարկությամբ։ Ոստիկանության զորքերի հրամանատարին նշանակելու և պաշտոնից ազատելու է Հանրապետության նախագահը։ Վերջինս պայմանավորված է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը Հանրապետության նախագահի կողմից նշանակելու սահմանադրական լիազորությամբ։ Այդուհանդերձ, նշանակումը կատարվելու է վարչապետի առաջարկությամբ, որին նախորդում է ՆԳ նախարարի միջնորդությունը՝ ոստիկանության զորքերի հրամանատար նշանակելու վերաբերյալ։

«Ընդհանուր տրամաբանությամբ, ոստիկանության պետը շարունակելու է իրականացնել ոստիկանության ամենօրյա անմիջական ղեկավարումը, իսկ ներքին գործերի նախարարը պատասխանատու է լինելու ոլորտի քաղաքականության մշակման և իրականացման, կադրային նշանակումներ է կատարելու ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում», – նշված է նախագծերի փաթեթի հիմնավորման մեջ։

ՆԳ նախարարը առաջարկվող նախագծերով լիազորված է նաև շնորհել ոստիկանության ծառայողների գլխավոր և ավագ կոչումները (ոստիկանության փոխգնդապետ և ոստիկանության գնդապետ), միջին կոչումները (ոստիկանության լեյտենանտ, ոստիկանության ավագ լեյտենանտ և ոստիկանության մայոր)՝ Ոստիկանության պետը։ Ոստիկանության բարձրագույն կոչումները (ոստիկանության գեներալ-մայոր, ոստիկանության գեներալ-լեյտենանտ և ոստիկանության գեներալգնդապետ) Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով շարունակելու է շնորհել Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ։

Նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին եզրակացության համաձայն՝ ՀՀ  կառավարության՝ Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի ֆինանսական գնահատման տվյալներով՝ ներքին գործերի նախարարության կազմավորման միջոցառումը կազմում է 25.000.000 դրամ։ Ֆինանսավորման այն հատվածը, որը վերաբերում է կառուցվածքի վերաբերյալ ուսումնասիրությունների և ոստիկանության ընթացիկ գործառույթների ու կառուցվածքի աուդիտի իրականացմանը, ըստ եզրակացության, կատարվելու է միջազգային կազմակերպությունների միջոցով:

«Այդուհանդերձ, որոշակի ֆինանսական ներդրումներ կպահանջվեն նաև պետական բյուջեից, որն ուղղված է լինելու մասնավորապես աշխատավարձերի ու վարձատրությունների վճարմանը», – նշված է եզրակացության մեջ:

 

 

Տեղեկանք

1992 թ. հունիսի 21-ին ՀՀ Նախագահի թիվ 116 հրամանագրով կազմավորվում է ՆԳՆ Ներքին զորքերը (2004 թվականի դեկտեմբերի 14-ից՝ Ոստիկանության զորքեր):

1996 թ. նոյեմբերին ՆԳ եւ Ազգային անվտանգության նախարարությունները միավորվում են, ապա 1999 թ. տարանջատվում առանձին նախարարությունների:

2001 թ. ապրիլի 16-ին ընդունվում է «Ոստիկանության մասին» օրենքը եւ ապրիլի 16-ը օրացույցի մեջ է մտնում որպես Ոստիկանության օր:

2002 թ. հունիսի 30-ին ընդունվում է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքը, որով ՆԳ նախարարությունը 2003 թ. հունվարի 1-ից վերակազմավորվեց ՀՀ ոստիկանության:

 

ՆԳ նախարարներ.

Աշոտ Մանուչարյան (1991 թ. մարտ – 1991 թ. դեկտեմբեր),

Վալերի Պողոսյան (1991թ. դեկտեմբեր – 1992 թ. փետրվար),

Վանիկ Սիրադեղյան (1992 թ. փետրվար – 1996 թ. նոյեմբեր),

Սերժ Սարգսյան (1996 թ. նոյեմբեր – 1999 թ. հունիս),

Սուրեն Աբրահամյան (1999 թ. հունիս – 1999 թ. նոյեմբեր),

Հայկ Հարությունյան (1999 թ. նոյեմբեր – 2003 թ. հունվար, 2003 թ.

հունվարից մինչեւ 2008 թ. մայիս `ՀՀ ոստիկանության պետ),

Ալիկ Սարգսյան (2008 թ. մայիսի 29-ից մինչև 2011 թ. նոյեմբերի 1-ը` ՀՀ ոստիկանության պետ):

Վլադիմիր Գասպարյան (2011 թ. նոյեմբերի 1-ից 2018 թ. մայիսի 10-ը՝ ՀՀ ոստիկանության պետ):

Վալերիյ Օսիպյան (2018 թ. մայիսի 10-ից 2019 թ. սեպտեմբերի 18-ը՝ ՀՀ ոստիկանության պետ):

Արման Սարգսյան (2019 թ. սեպտեմբերի 19-ից 2020 թ. մարտի 19-ը՝ ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, 2020 մարտի 19-ից հունիսի 8-ը՝ ՀՀ ոստիկանության պետ):

Վահե Ղազարյան (2020 թ. հունիսի 8-ից ՀՀ ոստիկանության պետ):

 

Վահե Սարգսյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ