20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բնություն. բոլոր պատերազմների չգրանցված զոհը

Աստվածաշունչը «Օրինաց 20:19» -ում մեզ ասում է. «19 Երբ որ մի քաղաք երկար ժամանակ պաշարես նորա հետ պատերազմելու եւ նորան առնելու համար, նորա ծառերը չ’փչացնես կացինով նորանց զարկելով, որովհետեւ նորանցից պիտի ուտես. Ուրեմն նորանց չ’կոտրես. Որովհետեւ մի՞թէ  դաշտի ծառը մարդ է որ քո երեսիցը պաշարման մէջ մտնէ»:

Այսօր երկրագնդում շարունակվող եւ ավարտված պատերազմական գործողություններից հետո որքանո՞վ է տուժել շրջակա միջավայրը եւ, առհասարակ, բնությունը, ինչպիսի՞ էկոլոգիական աղետներ են «նվիրել» մեզ պատերազմները, անհաշվելի է:

Դեռեւս անցյալ տարի միջազգային կառույցներից մեկը գիտնականների օգնությամբ կազմեց 2018-2019 թվականների համաշխարհային զեկույց, որի  համաձայն՝ վերջին 60 տարիների ընթացքում բոլոր ներքին բախումների եւ պատերազմների առնվազն 50 եւ ավելի տոկոսը կապված է եղել բնական ռեսուրսների յուրացման ու շահագործման հետ, դրանք են՝ ջուրը, նավթը, անտառային շերտերը, ադամանդ , ոսկին եւ այլն: Նշվածներից սակավ ռեսուսներ են համարվում ջուրը եւ բերրի հողաշերտը, արդյունքում ՝ բնական այս երկու ռեսուրսի հետ կապված հակամարտությունները եւ զինված բախումները ունեն կրկնվելու հավանականություն: Եվ կարող ենք հաստատ նշել, որ պատերազմների եւ զինված ընդհարումների պատճառած վնասը հանգեցնում է էկոհամակարգերի ու բնական ռեսուրսների երկարատև վատթարացման, հաճախ վնաս է պատճառվում ոչ միայն մեկ պետության եւ մեկ սերնդի միայն, այլ դա կրում է տարածաշրջանային բնույթ՝  ներառելով երկու եւ ավելի երկրներ:

Ընդհանրապես, բնական աղետների եւ պատերազմների դեպքում հիմնականում կատարվում են  մարդկային /զինվորական եւ խաղաղ բնակիչների/, սոցիալական, ֆինանսական, գույքային, ավերված բնակավայրերի կորուստների հաշվարկներ, իսկ շրջակա միջավայրը մնում է պատերազմների չհայտարարված  «զոհ»․ գետերը, լճերը եւ ջրհորներն աղտոտվում ու թունավորվում են, անտառներ են հատվումը եւ այրվումը, հողային բերրի շերտեր, կենդանական, բուսական աշխարհն են ոչնչանում: Հետագայում էլ ոչ ճիշտ կառավարման արդյունքում առաջացած համաճարակներն են հանգեցնում հսկայական վնասների:

Բոլորին հետաքրքրում է, թե որն է ամենավառ օրինակը, որ պատերազմների  հետևանքով մեծ վնաս է հասցվել՝ բնապահպանության առումով:

Միջազգային կոնֆլիկտաբանների (որոնք վերլուծել են նաեւ պատերազմների ազդեցությունը շրջակա միջավայրերի վրա) պնդմամբ՝ առաջին տեղում է ամերիկա- վիետնամական պատերազմը,  որը համաշխարհային պատմության  մեջ գրանցվել է որպես բնապահպանական պատերազմ․ հսկայական վնաս է հասցվել Վիետնամի բնական ռեսուսներին՝ ջրային, հողային, անտառային, ինչպես նաեւ  գյուղատնտեսությանը՝  տասնյակմիլիոնավոր հեկտար հողատարածքների։

ԱՄԵՐԻԿԱ- ՎԻԵՏՆԱՄԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ

Հարավարեւելյան Ասիայի այդ երկրում պարտիզանների դեմ պայքարում հիմնահատակ այրվեցին ջունգլիներ եւ բնական անտառներ: Վիետնամի էկոլոգիական հավասարակշռությունը նաեւ լրջորեն փոփոխվեց հսկայածավալ եւ տարաբնույթ քիմիկատների կիրառմամբ, որի արդյունքում ամբողջությամբ ոչնչացան Մանգլենի անտառները (500 հազ. հա), ջունգլիների 60 տոկոսը (մոտ 1 մլն հա), հովտային անտառների 30 տոկոսը (ավելի քան 100 հազար հա): Թռչնաբանների  հաշվարկով՝  թռչունների 150 տեսակից ախտահարված շրջաններում մնաց 18-ը, գրեթե ամբողջապես վերացան երկկենցաղները  իսկ ձկների  դեպքում տեղի ունեցավ կազմի փոփոխություն, խախտվեց հողի միկրոկենսաբանական կազմը:

Նման իրավիճակ է նաեւ վերջին տարիներին արձանագրված պատերազմների եւ ներքին ընդհարումների պատճառով, օրինակ՝ Աֆղանստանում, Պակիստանում, Սիրիայում, Լիբիայում, Իրաքում,  Քուվեյթում և այլն:  Եվ կարող ենք արձանագրել՝  յուրաքանչյուր պատերազմ վնասներ է բերում  բնության երեք  տարրերին՝ հողին, ջրին եւ մթնոլորին: Օրինակ՝ աֆղանական պատերազմում թունավորեցին  հսկայական ջրհորներ եւ ջրի այլ աղբյուրներ, թալիբները զբաղվում էին փայտանյութի ապօրինի վաճառքով, որի հետևանքով երկրի անտառածածկը կրճատվել է մոտ 38-40 տոկոսով: Բացի դրանից, ուսումնասիրությունների համաձայն,  երկարուձիգ պատերազմը հանգեցրել է նրան, որ թռչունները գլխավոր չուի ճանապարհ հանդիսացող աֆղանական օդային ճանապարհն անտեսում են։

Պատերազմները նաեւ  ավելացնում են վառելիքի օգտագործումը, որի այրման արդյունք արտանետումները վնաս են բերում շրջակա միջավայրին: Օրինակ՝ միայն  իրաքյան պատերազմում /2008 թվական, Իրաք/ մեկ ամսվա ընթացքում  օգտագործվել է 1.2 միլիոն բարել նավթ:

Հետաքրքիր մի փաստ եւս՝ աշխարհում ամենաաղտոտող զինված ուժերը ԱՄՆ-ինն են․ 2001 թվականից ի վեր ԱՄՆ  զինուժը արտանետել է 1.2 միլիարդ տոննա ջերմոցային գազեր, ինչը համարժեք է 257 միլիոն մեքենայի տարեկան արտանետումներին:

Բացի այդ, երբ պատերազմն առաջացնում է մարդկանց զանգվածային տեղաշարժ, հետեւանքները շրջակա միջավայրի վրա կարող են լինել աղետալի: Համատարած անտառահատումը, չստուգված որսը, հողի էրոզիան եւ մարդկային թափոններով հողն ու ջուրը աղտոտելը տեղի են ունենում այն ժամանակ, երբ հազարավոր մարդիկ ստիպված են բնակություն հաստատել նոր տարածքում: 1994-ին Ռուանդայի հակամարտության ժամանակ այդ երկրի Ակագերա ազգային պարկի մեծ մասը բացվեց փախստականների համար; Փախստականների  ներհոսքի արդյունքում կենդանիների տեղական պոպուլյացիաներ՝ այծքաղը (անտելոպ) և եզնայծը (էլանդ), վերացան:

Այս  ամենից ելնելով՝ միջազգային հանրությունը որոշեց, որ էլ ավելի մեծ  ուշադրություն պետք է դարձնել շրջակա միջավայրի պահպանությանը զինված հակամարտությունների ընթացքում եւ 2001թվականին յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 6-ը հռչակեց որպես Պատերազմի եւ զինված հակամարտության ժամանակ շրջակա միջավայրի չարաշահումը կանխարգելելու միջազգային օր:

Արդեն մեկ տասնամյակից ավելի բարձրաձայնում եմ, որ երկրագնդի յուրաքանչյուր թեժ կետում, որտեղ պատերազմներ, զինված բախումներ են տեղի ունենում, առաջին պատճառը  բնական ռեսուրսներն են, որին գումարվում են էթնիկական եւ կրոնական խնդիրները եւ այլն:

Արցախյան երեք պատերազմի դեպքում մի փոքր այլ է, այստեղ միախառնվել է ամեն ինչ, եւ չենք կարողանում լուծել այն խնդիրը, որը 100 տարի առաջ միտումնավոր ստեղծեց Ժողովուրդների առաջնորդ Ստալինը։

Հայ-ադրբեջանական վերջին՝ 44-օրյա պատերազմի անհանգստացնող հետեւանքներից է էկոլոգիական աղետը Արցախի Հանրապետությունում, քանի որ բուն պատերազմական գործողությունները տեղի ունեցան հենց Արցախի տարածքում։ Թե ինչ կլինի հետագայում, դեռ ոչ ոքի չի հետաքրքրում, ընդ որում՝ թե՛ Ղարաբաղյան առաջին (4 տարի), թե՛ երկրորդ (4 օր) եւ թե՛ երրորդ  (44 օր) պատերազմներից հետո կոնկրետ վերլուծություններ չեն արվել, թե որքանով են տուժել այդ տարածաշրջանի շրջակա միջավայրը, բուսական եւ կենդանական աշխարհները:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ/ ԱՐՑԱԽ — 2020 ՀՈԿՏԵՄԲԵՐ

Ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմում երկու կողմից եղան բազմաթիվ զոհեր, մարմիների դուրսբերումը դանդաղեց, ընդ որում՝ մինչ օրս: Պատերազմի ընթացքում և դրանից հետո  ՀՀ շրջակա միջավայրի եւ առողջապահության նախարարություններն ընդամենը  մտահոգություն հայտնեցին, որ այդ իրավիճակում բախվելու ենք համաճարակների։ Թշնամի երկրի համապատասխան կառույցները դա էլ չարեցին: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տարավ ջայլամի քաղաքականություն եւ պատերազմի ավարտից հետո բավարարվեց անհասկանալի, ոչինչ չասող կոչով:

Հոկտեմբերի 30-ի (2020) գիշերը ադրբեջանական ուժերը Արցախի անտառային տարածքներում, որտեղ խաղաղ բնակիչներ են պատսպարվում, կիրառեցին Ժնեւյան կոնվենցիայով արգելված քիմիական զենքի տարրեր՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ:

Սպիտակ ֆոսֆորն աշխարհում պարբերաբար օգտագործվում է տարբեր ռազմական  գործողությունն»րի ժամանակ։ Այն կիրառվում է արեւային օրերին՝ ծխածածկույթ առաջացնելու, իսկ գիշերը՝ հստակ տարածք լուսավորելու համար, բայց դատապարտելի է դրա օգտագործումը խաղաղ բնակչության դեմ։ Արգելված է հրկիզվող զենքերի ռազմաօդային ճանապարհով օգտագործումը քաղաքացիական ենթակառուցվածքների վրա՝ համաձայն Ժնեւի Կոնվենցիայի հրկիզվող զենքերի կիրառության արգելքների կամ սահմանափակումների մասին երրորդ արձանագրության։ Սակայն պետք է նկատենք, որ  արձանագրությունը չեն ստորագրել ո’չ Հայաստանը եւ ո’չ Ադրբեջանը:

Ադրբեջանի կողմից սպիտակ ֆոսվորի կիրառումը Արցախի անտառների վրա նույնպես  միջազգային հանրության կողմից մնաց անարձագանք, իսկ թե ինչ հետեւանքներ կթողի հետագայում շրջակա միջավայրի եւ մարդու առողջության վրա, դա արդեն մասնագետներ պետք է պարզաբանեն:

Ի հակառակ՝  ակտիվացան որոշ խմբեր՝ թե՛ հայկական եւ թե՛ ադրբեջանական կողմից, որոնք սկսեցին հանուն սեփական շահի հատումներ իրականացնել անտառային տարածքներում:

Ի դեպ, պատերազմի շրջակա միջավայրի հետեւանքները եւ նմանատիպ իրավիճակներում հայտնի վերլուծաբան Բրուքը բացատրում է, որ զինված բախումը սկսվելուց հետո պաշարման մեջ գտնվող զինծառայողները և բնակչությունը պետք է անմիջապես գտնեն սննդի, ջրի և ապաստարանների աղբյուրներ, ուստի նրանք ստիպված են լինում իրենց մտածողությունը հարմարեցնել կարճաժամկետ լուծումներին, այլ ոչ թե երկարատև կայունությանը:

Այս կարճաժամկետ հուսահատությունը հանգեցնում է հակամարտության արատավոր ցիկլի, որին հաջորդում են այն, որ մարդիկ իրենց անմիջական կարիքները բավարարում են անկայուն ձևերով ՝ հանգեցնելով զրկանքների և հիասթափության, հետո՝ կոնֆլիկտի: «Հիմնական մարտահրավերներից մեկը այդ ցիկլը կոտրելն է»,- ասում է Բրուքը եւ հավելում. «Բնական ռեսուրսները կարող են շատ կարևոր լինել հետպատերազմյան հասարակություններում աշխատատեղերի և հնարավորությունների ապահովման գործում»:

Եվ ամենակարեւորը՝  մենք կորցրել ենք Քարավաճառը, ընդ որում՝ առանց մի փամփուշտ կրակելու  հայկական դավաճան իշխանություններն այդ տարածքը հանձնեցին թշնամուն: Այս անմիտ քայլի հետևանքով Հայաստանը եւ Արցախը հետագայում կանգնելու են լուրջ վտանգների առջև, քանի որ հենց այդ տարածքում են սկիզբ առնում ամենակարեւոր ջրային ռեսուրսները եւ գետային ավազանները, որոնք սնում են Սեւանա լիճը և համարվում ամենառազմավարական ոլորտներից մեկի՝ գյուղատնտեսության սնուցող աղբյուրը:

Եվ քանի որ արդեն իսկ ջրային դոնոր համարվող տարածքը հանձնված է թշնամուն, իսկ թշնամին մինչ սանձազերծած պատերազմը միջազգային ամբիոններից բազմաթիվ անգամներ մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին, թե թույլ չի տալիս, որ իբր իրենց տարածքում սկիզբ  առնող գետերից օգտվեն, եւ որ իբր թե Հայաստանը  Հայկական ատոմակայանի թափոնները տեղափոխում է Քարավաճառ, դա կարող է  Հայաստանին ուղված մեղադրանքերը իրագործի հենց Ադրբեջանը:

Գալուստ ՆԱՆՅԱՆ

Բոստոն (ԱՄՆ- Մասաչուսեթս)

Լուսանկարները՝ համացանցից

barigalust.wordpress.com

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ