19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ո՛չ բարբարոսությանը. Հրանուշ Հակոբյան

ՀՀ սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Ո՛չ բարբարոսությանը․․․
 
Երբևէ չէի պատկերացնի, որ մեր հերոս, հայրենիքի համար իրենց կյանքը զոհած քաջորդիների կողքին կարող են լինել նման բարբարոսներ, ովքեր տասը տարի առաջ Երևանում կառուցված Բարերարների ճեմուղին կարող են ավերել, կարող են ջարդել, գողանալ ազգիս մեծերի կիսանդրիները։
Վանդալիզմը թուրքի ձեռագիրն է, ով այսօր Արցախի հուշարձաններն ու սրբատեղիներն է պղծում։ Հայն արարող է, բայց ոչ ավերող։ Վանդալները հայեր չեն․․․ Նրանք ոճրագործներ են։
 
Տարիներ շարունակ Բարերարների ճեմուղին ոչ միայն հաճելի զբոսավայր էր, այլև ուխտատեղի էր դարձել, որտեղ հայրենասիրության, ազգասիրության, բարության և մարդասիրության անմոռանալի դասեր էին ստանում մեր դպրոցականները։
 
Երեխաները հիանում էին Մանթաշյանցի և Արամյանցի վառ կերպարով, նրանց գործարար տաղանդով ու բարեգործական ձեռնարկներով, Գալուստ Գյուլբենկյանի դիվանագիտական բացառիկ կարողություններով և նավթարդյունաբերության ոլորտում արձանագրած ձեռքբերումներով։
Լսում էին Ալեք Մանուկյանի՝ հայապահպանությանը միտված ծրագրերի և աշխարհատարած գործերի մասին, ծանոթանում էին Լազարյան եղբայրների գործունեությանը, պետությանը մատուցած ծառայություններին, հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդմանն ուղղված ահռելի ջանքերին։
 
Աշակերտները ճեմուղուց հեռանում էին ազգի նվիրյալ, հասարակական-քաղաքական գործիչ, մեծանուն բարերար, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հիմնադիր Պողոս Նուբարի հսկայածավալ աշխատանքների մասին պատկերացում կազմելով։
 
Որքան էլ փորձեն վնասել Բարերարների ճեմուղին և ջնջել հայ ժողովրդի պատմական հիշողությունը, միևնույն է՝ մեր Մեծերն իրենց հաստատուն տեղն ու դերն ունեն հայոց պատմության մեջ։
Հայ բարերարներն անմահ են իրենց ազգօգուտ գործերով ու անուրանալի վաստակով, իսկ հայ երիտասարդ սերունդը կշարունակի դաստիարակվել նրանց օրինակով, մեծանալ ազգային արժեքներով։
Ի հեճուկս չարի ու թշնամյաց, անմահությունը բազկատարած իր գիրկն է առել հայ ժողովրդի մեծանուն զավակներին և դարձրել նրանց հավերժի ճամփորդ»։
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ