24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գնաճի մակարդակով Հայաստանը շատ ավելի նպաստավոր դիրքում է, քան ԵՏՄ անդամ մյուս երկրները

Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելուն ընդառաջ, Հայաստանը գնաճի մակարդակով գտնվում է բավականաչափ նպաստավոր դիրքում։ Ի տարբերություն միության անդամ այլ երկրների, գնաճի մակարդակը մեզ մոտ անհամեմատ ցածր է։ Տարեվերջից ընդամենը երկու ամիս առաջ տարեկան գնաճը կազմել է ընդամենը 2,9 տոկոս։ Այն ավելի ցածր է 12-ամսյա հատվածում՝ 2,2 տոկոս։

Իհարկե, վերջին ամիսներին գնաճի միտումները Հայաստանում ակտիվացել են։ Մասնավորապես հոկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ ցուցանիշը աճել է 0,7 տոկոսով։ Գնաճային դրսեւորումների ակտիվացում է սպասվում նաեւ առաջիկայում՝ պայմանավորված թե՜ ԿԲ կողմից իրականացվող դրամավարկային քաղաքականությամբ, եւ թե՜ օրենսդրական փոփոխություններով։

Ինչպես հայտնի է, նոյեմբերի 1-ից գործողության մեջ է մտել մի շարք ապրանքատեսակների դրոշմավորման պարտադիր պահանջը, ինչն ուզած, թե չուզած հանգեցնելու է գնաճային ռիսկերի ավելացմանը։ Խնդիրն այն է, որ դրոշմավորումը նպատակաուղղված է տնտեսության տվյալ ոլորտում ստվերային շրջանառությունների կրճատմանը։ Մի բան, որին տնտեսավարողները հակադրում են գների բարձրացմումը՝ դրա միջոցով փորձելով փակել ստվերային շրջանառությունների կրճատման հետեւանքով ի հայտ եկող վնասները։

Մյուս կողմից՝ արդեն մի քանի ամիս է ինչ ԿԲ-ն անընդմեջ իրականացնում է դրամի թուլացման քաղաքականություն, ինչն արտահայտվում է վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման տեսքով։ Այդ ճանապարհով ԿԲ-ն նպատակ ունի բարելավել տնտեսական գործունեության պայմանները։

Սրանք գործոններ են, որոնք առաջիկա երկու ամիսներին որոշակիորեն կարող են ավելացնել գնաճային ճնշումը ներքին շուկայում։ Սակայն դրանով հանդերձ, սպասավում է, որ տարեվերջին գնաճը Հայաստանում կգտնվի նախատեսված թիրախային ցուցանիշի նույնիսկ միջին սահմանից ներքեւ։ Ինչպես հայտնի է, գնաճի համար սահմանված է 2,5-5,5 տոկոս միջակայք։

Չնայած սպասվող գնաճային ճնշումների ակտիվացմանը, այնուհանդերձ Հայաստանի դիրքը՝ ԵՏՄ-ի մեկնարկին ընդառաջ, շատ ավելի լավ է, քան անդամ մյուս երեք երկրներինը։ Ինչպես հայտնի է, Ռուսաստանում՝ առկա ոչ բարնպաստ տնտեսական իրավիճակի եւ արտաքին հատվածից թելադրված ճնշումների հետեւանքով, տարեվերջից երկու ամիս առաջ տարեկան գնաճը մոտենում է 8 տոկոսին։ Դա պայմանավորված է առաջին հերթին գյուղմթերքների շուկաներում արձանագրված բարձր գնաճով, մի շարք այլ ապրանքների ակցիզների ավելացմամբ եւ որ շատ կարեւոր է՝ ազգային արժույթի կտրուկ թուլացմամբ։

Տարեսկզբից մինչեւ այժմ ռուսական ռուբլին արժեզրկվել է գրեթե 10 նիշով կամ շուրջ 30 տոկոսով։ Ռուբլին առայժմ կայունացման նշաններ չի ցուցաբերում, ինչը նշանակում է, որ առաջիկայում այս գործոնով պայմանավորված գնաճային ճնշումները կարող են ավելի խորանալ։

Շատ ավելի բարձր գնաճային միջավայրում է հայտնվել Բելոռուսը։ ԵՏՄ-ին ընդառաջ այստեղ սպառողական ապրանքների գների աճը մոտենում է 20 տոկոսին։

Համեմատաբար փոքր-ինչ ավելի բարենպաստ դիրքում է գտնվում Ղազախստանը, թեեւ այստեղ եւս գնաճի մակարդակը շատ ավելի բարձր է, քան Հայաստանում։ Ղազախստանում գնաճը տատանվում է 7 տոկոսի սահմաններում։

Վ.ՔՈՉԱՐՅԱՆ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ