28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Հիմարների համար նախատեսված ուտելիքը և նոր Մուրադովի բացառման անհրաժեշտությունը. Անդրանիկ Թևանյան

0041e8fb920ac992a3ab3e2c62215c57_M

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը գրել է.

«Շուտով Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահմանները կբացվեն, կոմունիկացիաները կապաշրջափակվեն և կսկսենք լավ ապրել» բանաձևը նույնքան դատարկ, հակապետական ու բլեֆային է, որքան «Ջերմուկն ու մոլիբդենը ծախենք, լավ կապրենք», «Ղարաբաղը տանք, լավ կապրենք», «Ռուսների ազդեցության տակից դուրս գանք, լավ կապրենք», «Մենակ էսինչը չլինի պետության ղեկավար, լավ կապրենք», «Մտնենք ամերիկացիքի տակ, լավ կապրենք», «Հեսա օլիգարխներից փողերը խլելու են ու մեզ բաժանեն», «Կռիվ չի լինի, որովհետև ռուսը չի թողնի», «Հեսա Բայդենը դառնա ԱՄՆ նախագահ, Հայաստանի համար լավ կլինի» ոճի բանաձևերը։

Այս բլեֆ–բանաձևերը քայքայիչ ֆունկցիա են կատարել ու կատարում։ Սրանց մեծ մասը դրսից են ներմուծված ու դիվերսիոն բնույթի են։ Մյուս մասն էլ օրվա իշխանությունն է հորինել ու շրջանառության մեջ դրել։

Մեկ քայլանի կոմբինացիաներից հետո դրախտ խոստանալը հիմարների համար նախատեսված ուտելիք է։ Այդ ուտելիքի խոհարարներն ամբոխավարներն են։ Նրանք պարզունակ ու դատարկ մարդիկ են և նմանատիպ գաղափարներ են վաճառում։ Ամբոխը սիրում է այդ դատարկներին, գնում ամբոխավարների հետևից ու «քաշվում»։ Բայց այդ ընթացքում «քաշվում» է նաև պետությունը։

Հայաստանն ու Արցախը դարձան հիմարների համար նախատեսված ուտելիքի զոհը։

2018–ին ասացին, որ ընդամենը պետք է Սերժին մերժել, ու դրանից հետո արդեն կյանքը կդառնա մեղր։ Բայց չէ՞ որ, մեղմ ասած, այդպես չեղավ։ Ճիշտ հակառակը՝ կյանքը դարձավ դժոխք։ Նշանակո՞ւմ է սա արդյոք,, որ 2018–ին չկար քաղաքական փոփոխությունների կարիք։ Իհա՛րկե կար և վաղուց։ Քաղաքական դերակատարների փոփոխությունը, սակայն, դեպի դրականի փոփոխության երաշխիք չէ։ Նիկոլ Փաշինյանի օրինակն ապացուցում է, որ զուտ մեխանիկական փոփոխությունը կարող է աղետի հանգեցնել և հանգեցրեց, բայց դա չի նշանակում, որ փոփոխությունների պահանջը լեգիտիմ չէր և չէ։

Քաղաքական դերակատարների փոփոխությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է առաջադիմության ու արդիականացման համար։

Նիկոլ Փաշինյանը փոփոխությունների տապալված օրինակ է։ Նա պատուհաս է մեր երկրի համար և իր ներկա կարգավիճակով ձեռնտու միայն մեր թշնամիներին։

Հայաստանի նոր առաջնորդությունը պետք է ապահովի Հայաստանի անվտանգությունը, արդիականացումը, բարեկեցությունը։ Նոր փոփոխությունը չպետք է մեկ քայլանի բանաձևի շրջանակներում լինի։ Այդ դասն արդեն որերորդ անգամ անցել է հայ ժողովուրդը, բայց ցավոք ճիշտ եզրահանգումներ չի արել։

Նիկոլի հեռացման հարցը քննարկման առարկա չէ։ Բայց քննարկման առարկա են հետնիկոլական Հայաստանի ու Արցախի խնդիրները, հեռանկարը, զարգացումը։

Անվտանգային համակարգի, քաղաքական կյանքի, տնտեսական հարաբերությունների, սոցիալական վիճակի, ՀՀ քաղաքացիների վարքաբանական կանոնների արդիականացումը պահանջում է գաղափարական ու ծրագրային հենք, բարձրակարգ առաջնորդություն, ժամանակակից մտածողությամբ թիմ։

Մենք հիմա ոչ միայն անվտանգային, այլ նաև քաղաքական դեֆոլտի մեջ ենք։ Այս վիճակը երկար չի կարող մնալ։ Հայաստանը «կա՛մ, կա՛մ»–ի առաջ է կանգած։ Ժամանակն էլ, ի դեպ, շատ չէ։ Բոլորս պետք է աշխատենք սուղ ժամանակի ռեժիմով։ Թե չէ մի «Մուրադով» էլ շուտով կարող է Հայաստանի համար նշանակվել։ Քիրվայամետները կերազեն, որ «Մուրադովին» նշանակեն թուրքերը, մյուսները կերազեն, որ նշանակեն ռուսները։ Բայց չէ՞ որ մենք 1988–ին դրա համար չէինք հավաքվել։

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ