20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նոր ներդրումներ ձկնաբուծության ոլորտում

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը  հետևողական է գյուղատնտեսւթյան զարգացմանն ուղղված կառավարության որդեգած քաղաքականության հարցում: Գյուղոլորտի զարգացմանն ու գյուղմթերքների արտահանման ծրագրերի ընդլայնմանը նվիրված օգոստոսյան խորհրդակցությանը հետևում են արդեն վարչապետի առանձին հանդիպում-խորհրդակցությունները կոնկրետ ոլորտների ներկայացուցիչների հետ: Հոկտեմբերի 24-ին, հանրապետության վարչապետը  ձկնաբուծության զարգացմանը նվիրված  խորհրդակցություն է անցկացրել,  որին մասնակցել են ձկնաբուծական ընկերությունների ներկայացուցիչներ և շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ վարչապետը կարևորել է ձկնարտադրության զարգացմանն  ուղղված ծրագրերի իրականացումը, քանի որ այս ճյուղն ունի արտահանման մեծ հնարավորություններ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի  հավաստմամբ՝  ձկնարտադրության բնագավառում վերջին տարիներին պարբերաբար արձանագրվում է շուրջ 30 տոկոսի աճ, ինչը նպաստում է նաև արտահանման ծավալների ընդլայնմանը: Մասնավորապես, ընթացիկ տարվա առաջին 9 ամիսների ընթացքում արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30 տոկոսով:  Խորհրդակցության ընթացքում նշվել է, որ հանրապետությունում ձկնարտադրությունը զարգացնելու համար առկա է մեծ ներուժ և առաջիկայում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսական կազմակերպության օժանդակությամբ իրականացվելու է պիլոտային նոր ծրագիր՝ ոլորտում նոր համակարգ ներդնելու նպատակով:

Հիշեցնենք, որ Հայաստանում ձկնաբուծությունը կառավարության գերակա ճյուղերից է: Կառավարության ծրագրում ամրագրված է ձկնաբուծության ոլորտում ջրի խնայողության ժամանակակից լավագույն տեխնոլոգիաների ներդրման միջոցով ձկնաբուծական ընկերությունների համար մատչելի ֆինանսական ռեսուրսների ներգրավման հնարավորությունն ապահովելու կառավարության ջանքերի մասին, որի շնորհիվ նախատեսվում է ավելացնել արտադրության և արտահանման ծավալները: Մասնագետների գնահատականներով՝ մեր երկիրը հնարավորություն ունի ձկնարտադրությունը հասցնել 70000 տոննայի  և այդքան ձկան, ձկնամթերքի իրացումն իրականացնել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում :

Խորհրդակցությանը մասնակից ձկնարտադրողները վարչապետին ներկայացրել են իրենց առաջիկա ծրագրերն ու առկա խնդիրները, որոնք վերաբերել են ցածր տոկոսադրույքներով վարկերի տրամադրմանը, արտահանման ուղղությամբ պետական աջակցությանը, նոր տեխնոլոգիաների ներդրմանը, ինչն էլ հնարավորություն կտա նվազեցնել ջրի կորուստը:

Հովիկ Աբրահամյանը ողջունել է նոր ներդրումների իրականացման հարցում ընկերությունների պատրաստակամությունը և հայտնել կառավարության աջակցությունն առկա խնդիրների լուծման գործում:

 Ձկնարտադրության և առհասարակ, գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ու գյուղմթերքների արտահանմանն ուղղված Կառավարության վճռական քաղաքականությունն ամբողջությամբ տեղավորվում է  Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու Հայաստանի որդեգրած նոր տնտեսական քաղաքականության համատեքստում: Մոտ 750 միլիոն բնակչությամբ շուկային ներկայանալու Հայաստանի հիմնական այցեքարտերից մեկն էլ գյուղատնտեսությունն է, որտեղ իր կայուն տեղը ունեն ձկնարտադրությունը և կաթնամթերքի արտադրությունը:

Գյուղոլորտի խնդիրներին նվիրված վարչապետի հաջորդ խորհրդակցությունը ուշացնել չտվեց և օրեր անց հոկտեմբերի 27-ին,  կառավարությունում կայացավ  խորհրդակցություն՝ նվիրված Հայաստանում կաթնամթերքի արտադրության ոլորտի զարգացմանը:

Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ վարչապետը ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել ոլորտի զարգացմանը և հանձնարարել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին կաթնամթերք արտադրողների հետ քննարկել բարձրացված հարցերի լուծման փոխադարձ ընդունելի տարբերակներ:

 Հավելենք, որ 2013 թվականի տվյալներով` գյուղատնտեսության մասնաբաժինը երկրի համախառն ներքին արդյունքում կազմում է 19,3%: Նախատեսվում է, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցումը կնպաստի գյուղատնտեսության  համախառն արտադրանքի ծավալների ավելացմանը:  2014 թվականի հոկտեմբերի 24-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 38.6 հազար տոննա թարմ պտուղբանջարեղեն, խաղող և կարտոֆիլ:

Հանրապետության վարչապետի հետևողական քայլերը վկայում են, որ կառավարությունը հնարավոր միջոցները ձեռնարկում է արտահանման ծավալներն ավելացնելու ուղղությամբ:

Լ.Մ.

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ