19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«10 հոգի էին, մի մասն էլ Սպիտակի բնակիչներ չէին». Սպիտակի քաղաքապետը՝ իր դեմ կազմակերպված ակցիայի մասին

Մոտ 10 քաղաքացիներ այսօր՝ դեկտեմբերի 10-ին, գնացել են Սպիտակի քաղաքապետարան եւ պահանջել քաղաքապետ Գագիկ Սահակյանի հրաժարականը։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց ինքը՝ Գագիկ Սահակյանը։

Նշենք՝ դեկտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Սպիտակ համայնքի ղեկավարն ավագանու անդամների հետ միացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։

Նա ասաց, որ իր հրաժարականը պահանջով քաղաքացիներին, որոնցից շատերը Սպիտակի բնակիչ չէին, երբ հրավիրել է հանդիպման, նրանք գնացել են, որ 200 հոգով հետ գան, սակայն չեն եկել. «Երեւի գալու են, որ ինձ ծեծեն»։

Քաղաքապետը նշեց, որ որեւէ հիմք՝ իր հրաժարականի վերաբերյալ այդ քաղաքացիները չեն հնչեցրել. «Ես խնդրել եմ, որ իրենց պահանջները ներկայացնեն գրավոր տարբերակով։ Իրենք ինձ ասացին՝ էսօր քիչ ենք, գնանք 200 հոգով գանք։ Իրականում պահանջը մի հոգին էլ կարող էր ներկայացնել, եթե կա պահանջ»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հրաժարական ներկայացնելու իր պահանջին՝ Սահակյանը նախ նշեց, որ հաջորդ տարի ավարտվում է իր պաշտոնավարման ժամկետը։ Նրա խոսքով՝ ինքը կարող էր հանգիստ սպասել իր պաշտոնավարման ավարտին, սակայն շեշտեց՝ որպես հայ չի կարող լռել՝ երկրում տեղի ունեցող իրադարձությունները տեսնելով.

«Ես պաշտոնավարում եմ շուրջ 13 տարի, 2021 թվականի ամռանն ավարտվում է իմ պաշտոնավարման ժամկետը։ Ես որեւէ քրեական գործով չեմ անցնում, չնայած որ բազմաթիվ անգամ նոր իշխանությունների օրոք իմ գործունեությունը ստուգվել է։ Այսինքն՝ ես շատ հանգիստ կարող եմ սպասել իմ պաշտոնավարման ավարտին՝ չարձագանքելով որեւէ հարցի։ Ես այսօր երկրում տեղի ունեցող իրադարձությունների հետեւանքով կորցրել եմ հավատս մեր երկրի լավ ապագայի նկատմամբ։ Եթե ես հիմա չպայքարեմ, որ այդ հավատը վերականգնվի, չփորձեմ քարոզել միասնականություն, ուղղակի ինձ կհամարեմ վատ մարդ, որ ես ունեի հնարավորություն ձայնս բարձրացնելու, բայց չեմ արել»։

Գագիկ Սահակյանն ընդգծեց, որ իշխանության հրաժարականի պահանջի պատճառները բավականին շատ են. «Մեր ինքնասիրությունը ոտնահարված է, մեր ազգը դարձել է սգավոր, բոլորս ենք սգավոր դարձել. մեկ զինվոր մահը բոլորիս ցավ է պատճառում։ Այս իշխանության մեջ ես տեսնում եմ, որ շատ են մարդիկ, այդ թվում՝ վարչապետը, որոնց համար միեւնույն է՝ ինչ կլինի, ինչ չի լինի։ Դեկտեմբերի 7-ին, վարչապետը գալիս է՝ ծաղիկ խոնարհի երկրաշարժի մեր զոհվածների հուշարձանին, ինչ-որ մեկը ասում է՝ վեջդ չդնես. այսինքն՝ զոհերին վեջը չդնի, վիրավորներին, նրանց ծնողներին վեջը չդնի։ Այդ խոսքին վարչապետը որեւէ արձագանք չտվեց, չասաց՝ ընկեր ջան, դա բոլորիս ցավն է։ Ես համոզված եմ, որ այդ ցավն ինքը չի ապրում։ Ունի շատ մութ գործեր, ու այդ մութ գործերով էլ առաջնորդվում է։ Եթե ինձ մեկն ասի՝ վեջդ չդնես։ Ես չգիտեմ՝ այդ մարդու հետ ինչպես կվարվեմ, բայց ինքը դրանից շոյվում է։ Մենք տապալեցինք համաճարակը, պատերազմը։ Մարդիկ գոռում են՝ դավաճան, պատկերացնում եք՝ դա ինչ մեղադրանք է։ Դավաճան ու ստախոս բառերն ամենամեծ վիրավորանքն են։ Այդ վիրավորանքին որեւէ մեկը չի արձագանքում, չի ասում՝ ես դավաճան չեմ, ասում է՝ Պուտինն ասաց, որ ես դավաճան չեմ։ Մարդիկ մոլորվեցին ու հավատացին քեզ, մտածեցին կվերցնես հարուստներից ու կտաս աղքատներին, անեի՞ր. դա անելու ամար բավականաչափ ժամանակ ունեիր։ Զենքը քիչ էր, առնեիր, խանութ գնալու համար երկար ժամանա պետք չի»։

Սահակյանը պատմեց, որ ինքը չի դիմավորել վարչապետին՝ դեկտեմբերի 7-ի Սպիտակ այցելության ժամանակ։ Նա նշեց, որ վարչապետը երկրաշարժի հետեւանքով զոհվածների հոգեհանգստի արարողության կարգին 2 ժամ ուշացած է եկել. «Տեղյակ եմ եղել, որ պետք է այցելի, մենք ժամը 12։00-ին արարողությունը կատարել ենք, իսկ վարչապետը 2 ժամ անց է եկել»։

Քաղաքապետի կարծիքով՝ երբ մեխանիզմը փչանում է, փորձում են հասկանալ փչանալու պատճառներն ու դետալները փոխում են. «Հիմա ես ուզում եմ՝ Փաշինյանը հեռանա, որ իր դավաճանությունը հերքվի կամ հաստատվի։ Պետք է եւ հներից եւ նորերից ընտրել լավագույններին եւ կազմել Կառավարություն, որպեսզի ծառայեն ժողովրդին»։

Սահակյանը կոչ արեց Հանրապետության բոլոր համայնքների ղեկավարներին՝ միանալ Փաշինյանի հրաժարականը պահանջելու կոչին. «Երբ Արցախի անկախությունը ճանաչում էին Ֆրանսիայի քաղաքները՝ թմբակահարում էին, ես էլ էի ուրախանում, բայց կուզեի, որ հիմա էլ համայնքներն այս պահանջին միանան, ոչ թե վախենան ֆեյքերի ֆաբրիկայից։ Եթե այս կոչին բոլորը միանան, կարծում եմ՝ նա չի կարող չգնալ։ Չի կարող պարտված մարդը բանակցություններ վարել»։

Գագիկ Սահակյանը նաեւ պատմեց, որ մասնակցել է պատերազմին, շեշտեց՝ որեւէ զինվոր իր դիրքը չի թողել ու փախել։

news.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ