17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ակնկալիքները չեն սահմանափակվում միայն Ռուսաստանով

Հայաստանը ստորագրեց Եվրասիական տնտեսական միության անդամագրման պայմանագիրը։ Ենթադրվում է, որ այն գործողության մեջ կմտնի հաջորդ տարվա սկզբից։

Տնտեսական միության կազմում, գոնե այս փուլում, Հայաստանի հիմնական գործընկերը լինելու է Ռուսաստանը։ Սակայն այնպես չէ, որ Ղազախստանի եւ Բելոռուսի հետ հարաբերություններում ակնկալիքներ չկան։ Որքան էլ անդամ մյուս երկրների եւ հատկապես Ղազախստանի  հետ Հայաստանի տնտեսական կապերը գտնվում են ցածր մակարդակի վրա, այնուհանդերձ վերջին տարիների միտումները վկայում են, որ այստեղ որոշակի ներուժ առկա է։ Առավել եւս, արտահանման ուղղությամբ։

Ղազախստանն այն եզակի երկրներից է, որի հետ Հայաստանն ունի դրական ապրանքային փոխանակում։ Եթե մի պահ ղազախական ապրանքները որոշակի ներկայացվածություն ունեին հայաստանյան շուկայում, ապա վերջին մեկ-երկու տարիներին դրանց նկատմամբ հետաքրքրությունները գրեթե վերացել են։ Անցած ամբողջ տարվա ընթացքում ղազախական շուկայից Հայաստան է բերվել է ընդամենը 740 հազար դոլարի ապրանք։ Պատկերը հիմնականում չի փոխվել նաեւ այս տարվա ընթացքում։ Ութ ամսվա ընթացքում ներմուծումը կազմել է հազիվ 342 հազար դոլար։ Այն նույնիսկ զիջել է նախորդ տարվա մակարդակը։

Թեեւ այս շուկայում հայկական ապրանքների տեսականին եւ ծավալները ներկայումս մեծ չեն, այնուհանդերձ դրանք անհամեմատ գերազանցում են ղազախական ներմուծմանը։ Միայն անցած տարի հայկական ապրանքների արտահանումը կրկնակի ավելացել է։ Աճ է նկատվում նաեւ այս տարվա ընթացքում։ Ութ ամսվա տվյալներով, Ղազախստան արտահանումն ավելացել է 20 տոկոսով։

Այս շուկայում Հայաստանի արտահանման ծավալները տարեկան 8-9 մլն դոլարի սահմաններում են։ Մեծ ցուցանիշի չէ, բայց  ձեւավորված միտումները հիմք են տալիս ասելու, որ հայկական ապրանքներն այստեղ կարող են իրացման բավական լուրջ պոտենցյալ ձեռք բերել։ Հատկապես նոր տնտեսական միության ընձեռած հնարավորությունների պայմաններում։ Միության կազմում ապրանքների արտահանումն անհամեմատ հեշտանում է՝ պայմանավորված արտոնագրման, ինչպես նաեւ վերահսկողության հետ կապված բազմաթիվ խնդիրների վերացմամբ։ Այսօր շատ հաճախ դրանց պատճառով արտադրողները չեն կարողանում արտահանում իրականացնել։ Մասնագետները սա լավ գործոն են համարում հայկական ապրանքների, մասնավորապես գյուղմթերքների ծավալների ավելացման համար։ Մյուս կողմից՝ դրա համար նպաստավոր պայման են ստեղծում այլ երկրներից ներմուծման ժամանակ կիրառվող մաքսատուրքերի բարձր դրույքաչափերը։ 

Ի տարբերություն Ղազախստանի, Բելոռուսի հետ Հայաստանի առեւտրային հարաբերություններում վերջին տարիներին որոշակի աճ արձանագրվում է։ Փոխանակումների ծավալը հասնում է 50 մլն դոլարի, որի հիմնական մասը բելոռուսական արտադրանքն է։ Այնուհանդերձ բելոռուսական շուկայում եւս հայկական ապրանքի արտահանման դրական տեղաշարժ նկատվում է։ Անցած տարի այն ավելացավ 27,6 տոկոսով։ Այս տարի աճը մոտենում է 18 տոկոսին։  

Եվրասիական տնտեսական միության տարածքում Հայաստանն ակնկալում է հայկական ապրանքների համար ստանալ իրացման նոր հնարավորություններ։ Բայց դրան հասնելու ճանապարհին անհրաժեշտ է ավելացնել տնտեսական պոտենցյալը։ Հատկապես որ, նոր պայմաններում մեծանում է երկրի ներդրումային միջավայրի նշանակությունը։ Այն կարող է լավ հարթակ դառնալ տարածաշրջանի, ինչպես նաեւ այլ երկրների գործարարների համար՝ Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու եւ հայկական արտադրության անվան տակ ԵՏՄ շուկա մտնելու ճանապարհին։              

                Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ