29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ո՞վ և ինչպե՞ս կարող է վերադարձնել գերիներին

Без названия (3)

ՄՇԱԿՈւԹԱՅԻՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ

Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 9-ին հայտնի փաստաթուղթը ստորագրելուց հետո հայ հասարակությունը բազմաթիվ հարցերում հայտնվել է, բառիս բուն իմաստով, խայտառակ իրավիճակում: Հազարավոր զոհեր և վիրավորներ, կռվով և առանց կռվի տարածքների հանձնում, Հայաստանի տարածքների նկատմամբ ոտնձգություններ, աննախադեպ դիվանագիտական ձախողումներ…: Սակայն` Նիկոլ Փաշինյանի խայտառակ ձախողումների շարքում կա մի ասպարեզ, որն այս պահին մեր հայրենակիցների կողմից, թերևս, ամենասուրն է ընկալվում: Խոսքը գերեվարված և անհետ կորած մեր հայորդիների ճակատագրի մասին է:

Այս օրերին հայ մտավորականների մի մեծ խումբ փորձում են ինչ-որ կերպ լուծում գտնել այս խնդրին: Կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ, երթեր, այցելություններ տարբեր դեսպանատներ:

Դիմելով մեր հարգարժան մտավորականներին և խորին հարգանք տածելով նրանց կողմից իրականացվող ջանքերի նկատմամբ, կուզենայի մի քանի նկատառում ներկայացնել գերիների և անհետ կորածների հարցի լուծման իրավական հիմքերի կապակցությամբ:

Նախ պետք է արձանագրել, որ այս հարցի լուծման համար առկա է լուրջ իրավապայմանագրային բազա: Այսպես` «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի Կոնվենցիան (III Կոնվենցիա) ընդունվել է 1949թ. օգոստոսի 12-ին և ուժի մեջ է մտել 1950թ. հոկտեմբերի 21-ին: Հայաստանը 1993թ. վավերացրել է Ժնևի 4 կոնվենցիաները, ինչպես նաև դրանց կից Արձանագրություն 1-ը և 2-ը, իսկ 2011թ.-ին վավերացրել է Արձանագրություն 3-ը: Ադրբեջանը 1993թ. վավերացրել է Ժնևի 4 կոնվենցիաները: Արցախի Հանրապետությունը միակողմանի միացել է Ժնևի կոնվենցիաներին և լրացուցիչ արձանագրություններին դեռևս 1993 թվականի հունվարի 26-ին:

Առանց կարգավորումների դետալների մեջ մտնելու՝ նշեմ, որ Ժնևի կոնվենցիայով մանրամասն կարգավորված է թե ինչպես, ինչ պայմաններում և ժամկետներում են վերադարձվում ռազմագերիները, սպանված զինվորների աճյունները, ինչպես է փոխանակվում անհետ կորածների մասին տեղեկատվությունը, ինչ դերակատարություն ունի Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն, ովքեր են պատերազմող կողմերի պատասխանատու պաշտոնյաները և ինչի համար են նրանք պատասխանատու: Որպես օրինակ՝ նշեմ մի քանի կարգավորում, որոնք այս պարագայում կարևոր է իմանալ`

Ռազմագերի (Prisoners of war) – Կոնվենցիա III-ի իմաստով ռազմագերի են համարվում հակառակորդի իշխանության տակ ընկած անձինք, որոնք կոնֆլիկտի մեջ գտնվող կողմի զինվածուժերի անձնակազմի անդամ են, ինչպես նաև այդ զինված ուժերի կազմի մեջ մտնող` աշխարհազորային և կամավորական ջոկատների անձնակազմի անդամ են: (Կոնվենցիա III, հոդված 4)

Ռազմագերու կարգավիճակը (Prisoners of war status) – Կոնվենցիան ռազմագերիների նկատմամբ կիրառվում է այն պահից սկսած, երբ նրանք կընկնեն հակառակորդի իշխանության տակ, և ընդհուպ մինչև նրանց ազատումը և հայրենադարձումը: (Կոնվենցիա III, հոդված 5)

Ռազմագերիներն ազատվում և հայրենադարձվում են անմիջապես ռազմական գործողությունները դադարեցվելուց հետո: (Կոնվենցիա III, հոդված 118): Եվ այլն.

Այսինքն` իրավական կարգավորումների առումով ամեն ինչ վաղուց կարգավորված է, ամեն ինչ պարզ է, հստակ են նաև պատասխանատուները: Օրինակ՝ Հայաստանի Հանրապետությունում գործում է Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ: Սակայն այս պահին ամեն ինչում խառնաշփոթ է, և ոչ ոք չգիտի, թե ով ինչի համար է պատասխանատու: Եվ այս պայմաններում զինվորների ծնողներն ու հարազատները, ինչպես նաև մեր մշակութային գործիչները ստիպված են այս գերատեսչությունից այն գերատեսչություն, այս դեսպանատնից այն դեսպանատուն գնալ հասկանալու համար, թե, ի վերջո, ինչ է լինելու իրենց գերի ընկած կամ անհետ կորած զավակների ճակատագիրը, և ով է պատասխանատու այս հարցերի լուծման համար:

Իհարկե, հասկանում եմ, որ մշակութային գործիչները ձեռնպահ են մնում քաղաքական բնույթի որևէ գործողություններից, սակայն, ցավոք սրտի, այս հարցը ունի բացառապես իրավական և իրավաքաղաքական լուծում: Իսկ լուծումը, ինչքան էլ որ Ձեզ կարող է տարօրինակ թվալ, կախված է երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի, ղեկավարների գործողություններից՝ քաղաքական գործընթացներից: Թեև Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան և այլ երկրներն ունեն լրջագույն միջնորդական դեր ու նշանակություն, այնուամենայնիվ, գերիների վեադարձը մեծապես կախված է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համագործակցությունից և պայմանավորվածություններից: Ցավոք սրտի, այս հարցում Կարմիր Խաչը ևս ունի կարևոր, բայց միայն միջնորդական առաքելություն:

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, ստեղծված իրավիճակի պատճառը ոչ թե իրավական կարգավորումների բացակայությունն է, այլ այն, որ մեր պետության ղեկավարությանը, անձամբ Նիկոլ Փաշինյանին ոչ ոք, կրկնում եմ, ոչ ոք, լուրջ չի վերաբերվում: Ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանին լուրջ չի վերաբերվում և նույնիսկ ծաղրում է Ադրբեջանի ղեկավարությունը, ում հետ առաջինը պետք է քննարկվեն գերի ընկած և անհետ կորած մեր զինվորների հետ կապված հարցերը: Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը լուրջ չի վերաբերվում և նրանց փոխարեն Կարմիր Խաչը բոլոր հարցերը քննարկում է ռուսական կողմի հետ: Այս շարքը կարելի է անվերջ շարունակել:

Հետևաբար` հարգելի մշակութային գործիչներ, իհարկե հասկանալի են Ձեր ջանքերը՝ չքաղաքականացնել այն կարևոր աշխատանքը, որ այսօր Դուք փորձում եք կատարել, բայց խնդրում եմ նկատի ունենալ, և վստահ լինել, որ հարցի լուծումը բացառապես քաղաքական լուծում ունի և, ցավոք սրտի, կախված է մեկ անձի, այս դեպքում՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական կշռից, և արտաքին քաղաքական հարթությունում նրա հեղինակությամբ և կարողությամբ: Ասվածս, վստահ եմ, զարմանալի չի թվա, քանի որ Ձեզանից յուրաքանչյուրը կարող է փաստել, որ, ինչպես Ձեր մասնագիտական և գործունեության ոլորտներում, այնպես էլ՝ միջազգային իրավական և քաղաքական հարթակներում, բազմաթիվ հարցեր լուծվում են բանակցող կողմի անձնական ինտելեկտուալ կարողությունների, հմտությունների և տվյալ հարթությունում ունեցած հարգանքի և կշռի ազդեցությամբ: Իսկ այդ առումով, մի բան հստակ է, Հայաստանն այս պահին ունի ղեկավար, ով իրավական բոլոր հիմքերը ունենալով՝ չի կարողանում որևէ արդյունքի հասնել գերիների ու անհետ կորած մեր զինվորների հարցով, հակառակ դեպքում՝ գերիներն արդեն իսկ պետք է փոխանակված լինեին:

Հետևաբար, հարգելի մշակութային գործիչներ, ողջունելով Ձեր ներդրած ջանքերը գերեվարված և անհետ կորած մեր հայրենակիցների վերադարձի ապահովման առնչությամբ, հավատացե՛ք, անգամ եթե ամեն օր հանրահավաքներ կազմակերպեք Հայաստանում տեղակայված բոլոր դեսպանատներում, միևնույն է, դա արդյունավետ չի կարող լինել, և հարցը պետք է լուծվի բացառապես Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երկխոսության և պայմանավորվածությունների եղանակով: Ընդ որում, բոլոր այն դեպանատները, որոնց Դուք դիմում եք, ելնելով դիվանագիտական էթիկայի կանոններից, զերծ են մնալու Ձեզ պատասխանել, որ հարցի լուծման միակ տարբերակը երկրի ներսում քաղաքական փոփոխություններով է պայմանավորված, քանի որ իրենք լավ հասկանում են, որ միայն երկու հակամարտող կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցություններով է պայմանավորված հարցի լուծումը, քանի որ դա է պահանջում միջազգային պրակտիկան և դեռևս 1950թ. ուժի մեջ մտած կոնվենցիոն իրավակարգավորումները: Ուստի, նկատի ունենալով Հայաստանի ներկայիս վարչապետի անկարողությունը, անհրաժեշտ է  քաղաքական միջամտություն, և որքան շուտ, այդքան լավ՝ գերիների վերադարձը շուտ կազմակերպելու համար: Վստահ եղեք, որևէ այլ եղանակ չկա, և մենք այլընտրանք չունենք:

ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆ

Իրավաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ