24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հիմա Փաշինյանն այլևս ոչ մի արդարացում չունի

YerevanToday.am-ը գրում է. 

Վաղուց արձանագրված դիպոկ ու իմաստուն դիտարկում է՝ «Երբ ասում են` հարսանացուն շատ լավ դաշնամուր է նվագում, նշանակում է` պետք չէ խոսել նրա բարեմասնությունների մասին»։ Արդեն 2 տարի է՝ մեր երկրի տնտեսությունը նույն այդ հարսնացուի վիճակում է։ Հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասկացնում են, որ իր ղեկավարած տնտեսությունը զուրկ է որևէ բարեմասնությունից, նա արդարանում է, թե` «զա տո» կոռոպցիա չկա։ Մինչդեռ. իբր կոռուպցիան վերացնելու համար երկրի ողջ տնտեսությունը կործանելը շատ նման է գլխի թեփոտությունը վերացնելու համար գլուխը կտրելուն։

Վարչապետ Փաշինյանին հիմա, արդեն, ամեն քայլափոխի են հիշեցնում տնտեսական հեղափոխության, կյանքի բոլոր ոլորտներում աննախադեպ թռիչքաձև աճի, արտաքին ներդրումային հոսքերը բազմապատկելու, արտագաղթը ներգաղթի վերածելու, հարկային բեռը նվազեցնելու, հազարավոր աշխատատեղեր ստեղծելու, աղքատությունը վերացնելու, ժողովրդի կենսամակարդակը շեշտակի բարելավելու… մասին իր խոստումները։ Իսկ նա հակադրվում է ճիշտ ու ճիշտ հակառակ պատկերը հաստատող նույնիսկ պաշտոնական վիճակագրության տվյալներին, աչքաթող է անում տնտեսության վատթարագույն վիճակն ու երկամյա սովորության համաձայն` մատնանշում է կոռուպցիայի դեմ իր կազմակերպած իբր պայքարը և պնդում, թե իր կառավարությունում իբր ոչ ոք ու նաև ինքը կաշառք չեն վերցնում։

Մինչ վորոնեժ-գեյթն ու ադամանդների, սիգարետի, զենք-զինամթերքի մաքսանենգության ու իրեն վերագրվող այլ փաստարկված մեղադրանքները` նա ուղղակիորեն խուսափում էր անդրադառնալ տված խոստումները չկատարելու փաստերին։ Նույնիսկ չէր էլ փորձում հերքել քայքայվող, փլվող տնտեսության մասին հիմնավորումները, բայց իր իսկ հնարած անհիմն արդարացումներով, ըստ էության, հաստատում էր իր գործած սխալներն ու թերացումները։ Հիմա Փաշինյանն այլևս ոչ մի արդարացում չունի։

Օրերս հիմնավորված և որևէ փաստարկով չհերքված լուր կախվեց օդում (այս մասին հրապարակումներ են ունեցել գրեթե բոլոր լրատվամիջոցները, որ անգամ իր կեցավայրը` կառավարական դաչան հիմնանորոգելու, վերանորոգելու և կահավորելու համար պետբյուջեից տրամադրված մոտ 2 միլիոն դոլարի զգալի մասը` առնվազն 500 հազար դոլար, յուրացվել է, աշխատանքներն էլ կատարվել են կոռուպցիոն սխեմաներով։ Ըստ այս հրապարակումներ` քրօրի 179-րդ հոդվածի III մասի I կետով` առանձնակի խոշոր չափերի յուրացում կամ վատնում և 308-րդ հոդվածի I մասով` պաշտոնական լիազորությունների չարաշահում հանցակազմով հարուցված քրեական գործը քննում է ՀԿԳ գլխավոր վարչությունը։

Լրատվական հրապարակումները տեղեկացնում են նաև,աշխատանքներում ՊՎԾ-ն բազում չարաշահումներ է գտել։ Նախ. վարչապետի աշխատակազմին հատկացումը կատարվել է` վարչապետի ընտանիքի կեցավայր-առանձնատունը ժամանակավոր կենվորների երազած տեսքին բերելու և կահավորելու, նաև օրինակ` վարչապետի տիկնոջ ու դստեր ճաշակով անձնական խնամքի սրահ-վարսավիրանոց կառուցելու համար։ Ապա նաև. նշված հատկացումը հնարավոր է դարձվել պետական բյուջեից վերաբաշխում կատարելու միջոցով պետք եղած գումարը բյուջեով նախատեսված ինչ-որ ծրագրի չտրամադրելու, ինչ-որ մեկից այն խլելու եղանակով։ Եվ ամենակարևորը. կառավարության նիստի ընթացքում այդ գումարը հատկացնելու որոշումը կայացվել է «գաղտնի» և «չզեկուցվող» գրիֆներով։ Այսինքն. ընդունվել է մի որոշում, որը չի զեկուցվել և որի նախագծի II, III, IV և V կետերը գաղտնի են պահվել։

Ստացվում է, որ բյուջեով նախատեսված ու ԱԺ որոշմամբ հաստատված միջոցառումներից մեկը անկարևոր են համարել և «գաղտնի» ու «չզեկուցվող» կրավորական որոշմամբ այլ ծրագրի համար նախատեսված գումարը տրամադրել են վարչապետի ընտանիքի քմահաճույքը բավարարելու գործին։ Անհնար է հերքել, որ սա շատ նման է զինվորից հացն ու զենքը խլելուն, տասնյակ ու հարյուրավոր անգամ ավելի վնասակար ու վտանգավոր է տուշոնկա գողանալուց։ Բայց սա դեռ ողջ իրողությունը չէ։   

ԶԼՄ-ների հաղորդուգրությունների համաձայն, նշված` «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրինությունը 2020-ի հունվարի 13-ին ստանձնել է Արուսյակ Մանավազյանը, ով նաև Փաշինյանի ընտանեկան «Հայկական ժամանակ» թերթի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր հաշվապահն է, նաև ՔՊ անդամ։ Նրանից առաջ` 2018-ի դեկտեմբերի 18-ից մինչև 2020-ի հունվարի 10-ը տնօրենը եղել է Արեգ Սավգուլյանը։ Նրա պաշտոնավարման օրոք էլ հենց կատարվել է հանցագործ «վերանորոգումը»։ Իսկ իշխանափոխությունից հետո և մինչև 2018-ի դեկտեմբեր այս ՊՈԱԿ-ի տնօրենն էր Հակոբ Սիմիդյանը, ով հետո պատգամավոր է նշանակվել ու դարձել «Իմ քայլը» խմբակցության քարտուղարը։

Ըստ իրազեկ աղբյուրներից ստացված լրագրողական հրապարակումների` ՊՈԱԿ-ի իրական տեր-տիրականը մնում է հենց Հակոբ Սիմիդյանը։ Նրան վերահսկում ու հովանավորում է վարչապետ Փաշինյանի աներորդին` պատգամավոր նշանակված դերասան Հրաչյա Հակոբյանը։ Դե` նա էլ ամեն ինչ անում է քրոջ բարձր հովանու ներքո։ Քույրն էլ` Աննա Հակոբյանը… (հասկանալի է)։ Հենց նրանց համագործակցությամբ էլ հնարավոր է դարձել «վերանորոգմանը» հատկացված բյուջետային գումարների թալանը։ Մասնավորապես. բոլոր գնումները կատարվել են մեկ աղբյուրից` առանց մրցույթ հայտարարելու։ Այսինքն` շրջանցել են օրենքով սահմանված կարգը և իրենց հայեցողությամբ կամ շահադիտությամբ են որոշել լավագույն պայմաններ ապահովող ընկերությանը։ Իսկ սա շահադիտական հովանավորչություն է` ինչը կոռուպցիոն հանցագործության դրսևորումներից մեկն է։

Զավեշտալին այն է, որ երբ մամուլի և կայքերի հրապարակումների միջոցով հանրությանը հայտնի դարձան կատարված այս կոռուպցիոն հանցագործության որոշ մանրամասներ, վարչապետ Փաշինյանն իր հերթական լայվով ցույց տվեց կատարված «վերանորոգման» անտեսանելի մնացած արդյունքները և հավաստիացրեց, թե` ընդամենը 200 հազար դոլար է ծախսվել։ Եվ ոչ մի խոսք, օրինակ, խնայված կամ չօգտագործված գումարը պետական բյուջե վերադարձնելու մասին։ Եթե Փաշինյանը ասել է ճշմարտությունը, թեև լայվի ընթացքում չի ցուցադրել ո՛չ նորակառույց վարսավիրանոցը, ո՛չ էլ նոր կահավորված 3 կամ 4 սանհանգույցները, հետևաբար, նշանակում է, որ հատկացված 2 միլիոն դոլարից յուրացվել է ոչ թե ենթադրվող 500 հազարը, այլ 90%-ը` 1 միլիոն 800 հազար դոլարը։

Մինչդեռ սա ևս վարչապետական ընտանիքի կոռուպցիոն գործունեության մասին հայտնի դարձած ամբողջական պատկերը չէ։ Հանցակազմը գրեթե ամեն օր լրացվում է նոր փաստերով։ Օրինակ, antifake.am-ի հրապարակումից պարզվում է, որ վարչապետ Փաշինյանի սեփական «Հայկական ժամանակ» թերթը ագիտպրոպից բացի` նաև բացառիկ շահութաբեր բիզնեսի գործիք է։ Բանն այն է, որ իշխանափոխությունից հետո բոլոր պետական գերատեսչություններին, կարծես, ընդհանուր հրահանգ է տրվել` բոլոր տպագրական ծառայությունների պատվերները տրամադրել «Դարեսկիզբ» ՍՊԸ-ին, որը նույն «Հայկական ժամանակի» առևտրային անվանումն է։ Եվ որի տնօրենը նույն` արդեն հայտնի Արուսյակ Մանավազյանն է։

Այսինքն. պետական գերատեսչությունները գնումներ են կատարում վարչապետի ընտանիքին պատկանող ՍՊԸ-ից։ Եվ որպես կանոն, դարձյալ դա անում են առանց մրցույթի, տենդերի` մեկ անձից գնում կատարելու միջոցով ու այդ ծառայության համար սովորաբար վճարվող արժեքից անհամեմատ ավելի թանկ գնով։ Ստացվում է, որ կառավարությունը ղեկավարելուն զուգահեռ ու նախևառաջ` վարչապետ Փաշինյանը նաև «հաջողակ» բիզնեսմեն է։ Մինչդեռ այս «բիզնեսը» շատ նման է պետական հովանավորչության, ինչը կոռուպցիայի ձև է։

Օրերս էլ politik.am-ը որ իշխանափոխությունից հետո վարչապետ Փաշինյանի հրահանգով նախկին իշխանավորներին պատկանող ձեռնարկություններում կատարված «ստուգումների» և բնակավայրերում իրագորված խուզարկությունների ժամանակ ու այդուհետ ոչ միայն խոշոր չափերի գումարներ, այլ նաև առնվազն 200 կիլոգրամ ոսկի է առգրավվել։

Ըստ «Ժամանակ» օրաթերթի հրապարակման էլ, ուշագրավ տեղեկատվություն հրապարակեց, միայն գեներալ Մանվել Գրիգորյանին ձեռբակալելու ժամանակ նաև ձեռքի հետ ոսկու մոտ 50 կիլոգրամ ձուլակտորներ են «հայտնաբերվել ու բռնագրավվել»։ Մինչդեռ ո՛չ «բռնագրավված» գումարների, ո՛չ էլ ոսկու և թանկարժեք իրերի մուտքագրում պետական բյուջե որևէ պաշտոնական փաստաթղթով առայսօր չի արձանագրված։ Կարելի է չէ` ենթադրել, որ դրանք ո՛չ մի տեղ չեն կորել, այլ հարմար տեղավորվել են ոմանց գրպաններում, օֆշորային գաղտնի պահվող բանկային հաշիվներում կամ «բարեգործական» նկրտումներով փոխանցվել են միանգամայն որոշակի հիմնադրամների։ Սա արդեն` պետական ռեկետ է, ինչը ևս կոռուպցիայի աղաղակող դրսևորում է։

Հետևաբար, Փաշինյանի հոխորտալից «հիմա էլ ղալաթ կանի մեկը, որ կասի՝ կառավարությունը կոռումպացված է» պնդումը պարզ խաբեություն է: Իբր «նոր Հայաստան» կառուցողները ընդամենը մեծ արագությամբ կոռոպցիոներների իրենց համատիրությունն են ստեղծել։ Եվ, ինչպես ընդդիմադիր Փաշինյանը կասեր, լծվել են գռփելու ու լափելու խիստ շահավետ գործին։ Այնպես որ. պարզ ու ուղղակի սուտ է, թե Փաշինյանը պայքարում է կոռուպցիայի դեմ։ Նա չի կարող պայքարել ինքն իր դեմ։ Նա իրոք պայքարում է, բայց միան այն նկրտումով, որ կոռուպցիան գլխավորի ոչ թե ինչ-որ մեկ ուրիշը, այլ ինքը ու միայն ինքը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ