28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

«25 տարի է՝ Անդրանիկ Քոչարյանը Գյումրիում չէ, բայց 25 տարի է՝ ժողովուրդն իրեն հիշում է, և հիշում է այն ժամանակ իրեն կնքած «Հրեշ Անդո» անվամբ». Կարապետ Պողոսյան

pizap.com15970691911482

Մարդու իրավունքների ոլորտի փորձագետ, Աղետի գոտու 1994-96թթ. թալանն ուսումնասիրող փաստահավաք խմբի ներկայացուցիչ Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան էջում մի քանի հարցադրումներ էր հղել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին:

«1. Աղետի գոտում, Ձեր լիազոր ներկայացուցիչ աշխատած ժամանակահատվածում ի՞նչ հանգամանքներում «Ուռալ Սիբ Շին» կազմակերպության տնօրինության տակ գտնվող մոտ 800 վերամբարձ կռունկները հայտնվեցին ՀՀ տարածքից դուրս։

 

2. Ըստ օդում կախված լուրերի՝ տվյալ ժամանակահատվածում առևանգել են վերոնշված կազմակերպության տնօրեն ՝ «Սևուկ» մականունով Լյովա Հարությունյանի որդուն, ապա ավտոմեքենան հրդեհել։

3. «Սևուկը» «ատամներով» պահում էր կազմակերպության գույքը։ Ի՞նչ առնչություն ունեք դուք այս ամենի հետ։

4. Ըստ օդում կախված լուրերի՝ Ձեր լիազոր ներկայացուցիչ աշխատած ժամանակահատվածում աղետի գոտուն հատկացված արհեստական շնչառական ապարատները հայտնվել են Թուրքիայում։ Ի՞նչ առնչություն ունեք դուք այս ամենի հետ։

5. Տվեք պարզաբանում՝ ի՞նչ հանգամանքներում «Գյուղշինտրեստ»-ում աղետի գոտու շինաշխատանքների համար պահեստավորված մոտ 120 տոննա ամրանները և երկու գերմանական «Լիդնեռ» մակնիշի ավտոկռունկները անհետացան աղետի գոտուց։

6. 1996թ. ՆԳՆ Շիրակի օդանավակայանի բաժնի պետ է աշխատել Ա.Վարդանյանը (Պանել Աշոտ, ով հանդիսացել է Ձեր հովանավորյալը)։ Ըստ օդում կախված լուրերի՝ Ձեր պաշտոնանկությունից մի քանի օր առաջ ՀՀ ՆԳՆ Շիրակի մարզային վարչության պետի միջնորդությամբ վերջինս ազատվել է աշխատանքից, և նրա փոխարեն նշանակվել է Ս.Պողոսյանը(Գմբ)։ Վերջինիս պաշտոնում նշանակվելուց ժամեր անց, ըստ ավագ գյումրեցիների (ականատեսների), մի քանի ժամ շարունակ ինքնաձիգներից կրակահերթեր է արձակվել ՆԳՆ Շիրակի մարզային վարչության ուղղությամբ։ Ի՞նչ առնչություն եք ունեցել դուք այդ կրակոցների հետ։

(Ըստ օդում կախված լուրերի՝ ՆԳՆ Շիրակ օդանավակայանի բաժինը Ձեզ ամենաշատ «նալոգ» ապահովող կառույցն է եղել)։

5.1 Ըստ օդում կախված լուրերի՝ ակտիվ կրակողներից մեկը եղել է Ձեր թիկնապահ ոմն Արթուրը։ Արդյոք նրա նկատմամբ իրականացվե՞լ է քրեական հետապնդում։

5.2 Նույն օրը արյունահեղությունը կանխելու նպատակով Գյումրի էր ժամանել ՆԳ նախարարի առաջին տեղակալ Հայկ Հարությունյանը։ Ձեր մեկնաբանությունը։

5.3 Ըստ օդում կախված լուրերի՝ նույն օրը Ս.Պողոսյանը իր ընտանիքին թաքցրել է Երկաթգծի Գյումրու կայարանի բանվորների հերթափոխային սենյակում՝ «Լետուշկա»։ Ս.Պողոսյանի ընտանիքին ի՞նչ վտանգ էր սպառնում։

5.4 Հայկ Հարությունյանը երկու օր Գյումրիում մնալուց հետո հեռացել է։ Նույն օրը, գիշերը ժամը երեքին, դուք ձեր շրջապատով Շիրակի մարզի Մարալիկ-Սառնաղբյուր խաչմերուկում դիմավորել եք սպարապետ Վազգեն Սարգսյանին, ով մեքենայից իջնելով Ձեզ ապտակել է։ Հարց՝ ի՞նչ հայհոյանք տվեց Ձեզ սպարապետը և ինչո՞ւ։

Ըստ ականատեսների՝ դուք նրա մեքենայի հետևից շարժվել եք Երևան և այլևս չեք վերադարձել։ Շարունակելի…»,- գրել էր նա:

Քանի որ գրառումը լայնորեն տարածվում էր լրատվամիջոցներում և հասարակական տարբեր շրջանակներում իրարամերժ գնահատականների տեղիք էր տվել, 168.am-ը կապ հաստատեց Կարապետ Պողոսյանի հետ՝ տեղեկանալու՝ արդյո՞ք Անդրանիկ Քոչարյանը որևէ կերպ արձագանքել է բարձրաձայնված հարցադրումներին, նա ասաց. «Անդրանիկ Քոչարյանի կողմից որևէ արձագանք չի եղել.  սա ինչ-որ իմաստով և՛ սպասելի էր, և՛ սպասելի չէր: Կարծում եմ՝ ինքը որևէ բան չունի ավելացնելու,  կամ գուցե սպասում է մեր հետագա գործողություններին, քայլերին»:

Հարցին, թե ի՞նչ քայլերի մասին է խոսքը, Կ. Պողոսյանը պատասխանեց. «Հակիրճ ներկայացնեմ՝ կոնկրետ մեր նպատակը ինչն էր. Քանի որ Անդրանիկ Քոչարյանին ի պաշտոնե վստահված էր Ապրիլյան քննիչ հանձնաժողով ղեկավարել, մեզ համար էլ շատ կարևոր էր՝ հասկանալու՝ Անդրանիկ Քոչարյանը, որպես նախկին և ներկա պաշտոնյա,  արդյո՞ք ունի համապատասխան բարոյական և մասնագիտական որակներ, որպեսզի քննի Ապրիլյան դեպքերը, և  մենք որոշեցինք ուսումնասիրություններ անցկացնել:

Ասեմ, որ առաջիկայում՝ երևի թե սեպտեմբերին, մենք հանդես կգանք հակիրճ և բովանդակալից զեկույցով, որտեղ հասարակության իրարամերժ շատ հարցերին կտրվեն հստակ պատասխաններ»:

Մեր զրուցակիցը նշեց, որ իրենց խնդիրն է՝ հասարակությանը ներկայացնել պաշտոնյաների մասին իսկությունը, ապա արձագանքելով մեր դիտարկմանը, թե ինչ ազդեցություն, հետևանք կունենա նշվող զեկույցը, նկատեց.

«Մի հետաքրքիր բան ասեմ․ մոտ 25 տարի է՝ Անդրանիկ Քոչարյանը Գյումրիում չէ, բայց 25 տարի է՝ ժողովուրդն իրեն հիշում է, և հիշում է այն ժամանակ իրեն կնքած «Հրեշ Անդո» անվամբ:

Այսինքն՝ եթե 25 տարվա մեջ Անդրանիկ Քոչարյանը որևէ հետևություն չի արել, թե իրեն ինչու են էդպես կոչում, կարծում եմ՝ ոչ իր ինքնասիրությունը կվիրավորվի այս ամեն ինչից, ոչ էլ սրանից կոնկրետ ազդեցություն կլինի իր վրա: Դա մեր խնդիրը չէ. մեր խնդիրն է, որպեսզի այսօր հասարակությունը հասկանա, թե իրենց հրամցված պաշտոնյաները՝ նոր և հին, ովքեր են եղել և առհասարակ ինչ են արել»:

Ըստ Կ. Պողոսյանի՝ նախատեսվող զեկույցում կլինեն շատ հետաքրքիր տեղեկություններ, որոնք գուցե կհետաքրքրեն իրավապահ մարմիններին:

Մեկնաբանություն ստանալու ակնկալիքով 168.am-ը զանգահարեց նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին, ով չլսեց մեր հարցը՝ նկատելով, որ հեռախոսով հարցազրույց չի տալիս, և մեկնաբանություն ստանալու համար պետք է զանգահարենք իր աշխատակազմ և իր համաձայնության դեպքում՝ գնանք և ստանանք մեկնաբանությունը:

Զարուհի Դիլանյան

168.am

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ