24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նախարարությունն ասաց` աշխատեք, լավ կլինի

Տրանսպորտի եւ կապի  նախարար Գագիկ Բեգլարյանը հուլիսի 12-ին, կառավարության նիստից հետո անդրադառնալով “Քինգ դե լյուքս” ընկերության վարորդների գործադուլին` ասել է, որ կառավարության համար կարեւորը, որ այսօր նրանք աշխատում են, իսկ մնացած հարցերը քննարկման փուլում են:

Henaran.am-ը կեսօրին մոտ զրուցեց Երեւան-Աբովյան թիվ 259 երթուղու վարորդներից մեկի հետ: Հասկանալի պատճառով, անունը չենք նշում: Վերջինս ասաց, որ նրանք դեմ էին աշխատանքի դուրս գալուն: “Երեկ տնօրինությունը ասաց, որ տրանսպորտի նախարարությունից են զանգել, խնդրում են, որ աշխատենք, հարցերը կլուծվի”,-ասաց նա: Թե ով է կոնկրետ զանգել` վարորդը չգիտեր: “Ես դեմ էի, ասենք սաղս էին դեմ: Ասի, սկսել են խնդրել, ուրեմն մի բան էն չի: Շարունակենք գործադուլը”,-ասաց վարորդը: Նրա պատմելով մի քանի օրվա վառելիքը տվեցին եւ ասացին պիտի երթուղի դուրս գանք:

Հիշեցնենք, որ վարորդները բողոքում են “Գագիկ Ծառուկյան” բարեգործական հիմնադրամից, որը անվճար մեքենաներ է շահագործում  ընկերության կողմից մրցույթում շահած երթուղիների ուղղությամբ:

“Քինգ դե լյուքս”-ի գործադիր տնօրեն Արթուր Դալլաքյանը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ շատ զանգողներ կան: “Որ մեկի մասին հիշեմ”,-ասաց Դալլաքյանը: Երբ մեկ անգամ եւս շեշտեցինք, որ մեզ տրանսպորտի եւ կապի նախարարություն է հետաքրքրում, նա ասաց. “Զանգեցին, հավաստիացրին, որ ընթացքում է մեր դիմումի քննարկումը, միայն պետք է գործադուլ չարվի”,-ասաց Դալլաքյանը:

Մեր զրուցակից վարորդի սրտով չէր տնօրինության հորդորը, բայց եւ այնպես աշխատել պետք է: Երբ նրան ասացի, որ ըստ ԲՀԿ հայտարարության, բոլոր վարորդներին կտեղավորեն աշխատանքի` ասաց .”Ես երեկ լսեցի էդ ընկերության անունները: Պետք չի գնանք այնտեղ աշխատենք: Դրանք իրանց գծերն ա, Աբովյանի քաղաքապետինը, իրանց դեպուտատներինը: Եթե էդքան մտածում են մեր մասին, թող իրանց գծերի վրա դնեն բարեգործությունը: Մենք կմնանք մեր տեղը: Բա, էդքան բա՞րդ ա”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ