29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Դու տեղեկանք չունե՞ս, զեկուցող չունե՞ս, գենշտաբ չունե՞ս, ռազվեդկա չունե՞ս, ի՞նչ է նշանակում՝ տպավորություն ստացա». Աշոտյանը՝ Փաշինյանին

Ի աջակցություն ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանի՝ Ոստիկանության Արտաշատի բաժանմունք է այցելել նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Հիշեցնենք, Ն. Մալյանին և, ըստ ոստիկանության տվյալների՝ թվով 48 անձանց առավոտյան բերման էին ենթարկել Խոր Վիրապի տարածքից:

Ն. Մալյանն ավտոերթ էր նախաձեռնել դեպի Երևան՝ ի նշան բողոքի արտակարգ դրության երկարաձգման, դրա ընթացքում առանց հանրային քննարկման օրենքների ընդունման և Հայ Առաքելական եկեղեցու շուրջ կատարվող իրադարձությունների դեմ։

 Ակցիայի մեկնարկից առաջ Մալյանին բերման ենթարկեցին, երթը չկայացավ:

Արմեն Աշոտյանը մինչ լրագրողների հարցերին պատասխանելն իր քաջալերանքն ու պարծանքը հայտնեց երեկ ողջ գիշեր ադրբեջանական ագրեսիային դիմակայող մեր զինվորներին: Աշոտյանը նշեց, որ հայության մեծ մասը գրեթե ամբողջ գիշեր չի քնել, քանի որ սպասում էր լուրերի, և ՀՀԿ-ն էլ, իր հերթին, միջազգային գործընկերներին փորձել է տեղյակ պահել ադրբեջանական գործողությունների մասին:

«Առավոտյան, երբ արթնացանք, առաջին լուրը, որ փնտրում էինք՝ «Լուրեր ռազմաճակատից» էին, բայց ստացվեց այնպես, որ այսօրվա իշխանությունը անբարոյականության մեջ գերազանցեց ինքն իրեն: Զարմանալու ոչինչ չկա, ես ակամայից հիշեցի  90-ականները, երբ  90-ականների սկզբին այդ ժամանակվա իշխանությունը, օգտվելով նաև ռազմաճակատային իրավիճակից, երբեմն նաև՝ ի հեճուկս այդ իրավիճակի, ներքաղաքական զարգացումների համար դիմում էր ճնշումների: Ոչինչ չի փոխվել  Հայաստանում այդ իմաստով, և ես ցավով եմ արձանագրում, որ մենք վերադարձել ենք խավարամիտ միջնադար, ժամանակահատված, որտեղ  Եվրոպայի խորհրդի անդամ պետությունը, որը հայտարարված և չհայտարարված պատերազմի մեջ է Ադրբեջանի հետ, որի զինվորներն այսօր խրամատներում պահում են Հայաստանի դիրքերը, տարածքը, հպարտությունը, այդ իշխանությունը Կառավարության նիստին վարչապետի շուրթերով կարող է փորձել ադրբեջանական ներխուժումն արդարացնել, թե իբր մոլորվել էր ՈՒազը և այլն, գիշերվա կեսին իր չքնաղ երեխայի տեսանյութը գցել, փոխանակ  զբաղվեր  հարյուր-հազարավոր հետևորդներին և Հայաստանի քաղաքացիներին ստույգ ինֆորմացիա, դուխ՝ իրական դուխ, և ոգեշնչում փոխանցելով, և այսօր սա է իրենց դեմքը, այս իշխանությունն ավելի շատ վախենում է  իր քաղաքական ընդդիմախոսներից, քան ադրբեջանական ագրեսիայից, ավելի շատ պատրաստ է սևեռվել երկրի ներսում ընդդիմությանը ճնշելու, քաղաքական դժգոհությունների ալիքը չեզոքացնելու վրա, քան զբաղվել իրականում ազգի համերաշխության և միասնականության կերտմամբ»,- ասաց Աշոտյանը:

 

ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ ինքը գիտեր Մալյանի նախաձեռնած այսօրվա բողոքի ակցիայի մասին, և ՀՀԿ մի շարք երիտասարդներ միանալու էին: Աշոտյանի խոսքով՝ այդտեղ որևէ վտանգավոր և պարսավելի բան չկար, քանի որ մարդիկ այդ կերպ իրենց դժգոհությունն էին արտահայտում հատկապես արտակարգ դրության երկարաձգման վերաբերյալ:

«Ինչ որ այսօր կատարվեց այստեղ և Խոր Վիրապում, ապացույցն է, որ այս իշխանությունների համար համաճարակն ընդամենը պատրվակ է՝ ճնշելու, խեղդելու սոցիալական և քաղաքական դժգոհությունը, նաև քաղաքակրթական դժգոհությունը, որն ունի հայ ժողովուրդն այսօրվա անհայրենիք, իշխանությունից կառչած և անբարո մարդկանցից»,- ասաց Աշոտյանը:

Ոստիկանության Արտաշատի բաժանմունքի առջևից բերման էր ենթարկվել նաև ՀՀԿ երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Արմեն Աշոտյանը նշեց, որ այս ավտոերթը որևէ հանրային վտանգ չէր ներկայացնում, սոցիալական հեռավորությունը պետք է պահվեր, դիմակ կկրեին, եթե մեքենայում մեկից ավելի մարդ լիներ, պարետատան բոլոր, այդ թվում՝ «աբսուրդ» որոշումները պահվելու էին:

«Կանխել այս ավտոերթը՝ նշանակում էր՝ կանխել Երևան փոխանցվող, և Երևանում, գիտեք, որ Երևանն այսօր շատ ավելի ընդդիմադիր է, քան մարզերը, և հատկապես Երևանում իշխանության դիրքերը շատ ուժեղ են սասանվել, երևի նրանք վախենում էին, որ Երևան քաղաքում, այն էլ այս օրով, երբ որ արտակարգ իրավիճակի երկարաձգման որոշում պետք է քննարկվեր, այդ դժգոհությունը կարող էր վերածվել հանրային մեծ ալիքի դժգոհության: Խանգարեցին, բերման ենթարկեցին, մեր մյուս տղերքը եկան այստեղ, որ սպասեն, ոնց որ հիմա ես եկա, որ սպասեմ, մինչև մերոնք դուրս գան, մնացած տղերքը դուրս գան: Ես ինչքան հասկացա՝ Մամիջանյան Հայկի վրա մուռ ունեին դեռևս Կառավարության Վորոնեժ-Կրասնոդար ակցիայից, երբ չհասցրին բերման ենթարկել, ես տեսել եմ կադրերը, լուսանկարները, թե ինչպե՞ս էին ակցիայից հետո ոստիկանները խմբվել մեր կուսակցության մուտքի մոտ, ամեն պահի պատրաստ էին ներխուժել գրասենյակ, որ բերման ենթարկեն ակցիայի մասնակիցներին: Երևի չգիտեմ՝ ում մոտ վերջին պահին խելքի մի ծալք աշխատեց, որ ներխուժել ընդդիմադիր ամենախոշոր կուսկացության գրասենյակ այն պատրվակով, որ ակցիայից մի ժամ հետո բերման ենթարկեն ակցիայի մասնակիցներին, դա լրիվ «ադրբեջան» կլիներ, իրենք հասկանում են, որ այդպիսի խայտառակություն չէին մարսի: Հայկի վրա սև «մետկեն», բիծը դրել էին, ինչպես որ տարան Հայկին այստեղից, վկայում է այդ մասին, մեր Ոստիկանությունն էլ է կրակն ընկել իշխանության ձեռքը»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը:

Աշոտյանը նշեց, որ չնայած նրան, որ ոստիկանները հրաման են կատարում, դա վերահաս իշխանափոխությունից հետո չի փրկելու իրենց պատասխանատվությունից: Աշոտյանը կրկին անդրադարձավ վարչապետի՝ Կառավարության նիստի ընթացքում հնչեցրած մտքերին.

«Այսօրվա Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ որպես վարչապետի, գրված խոսքն ուրիշ էր, երևի ԱԳՆ-ն ու ՊՆ-ն նստել գրել են տեղեկանքները, որ հանկարծ ուրիշ բան «չբլթցնի», այդ տեղեկանքները նորմալ կարդացել է վարչապետը, հենց հերթը հասել է ազատ ոճի, ազատ խոսքի, իր սեփական մտքերը շարադրելուն, այ տենց հարցերով «բլթացրել ա»: Բա զավեշտ չի՞: Բա վարչապետը՝ երկրի պոտենցիալ գերագույն գլխավոր հրամանատարը, Աստված չտա՝ պատերազմական իրավիճակում, ասում է, որ իմ մոտ տենց տպավորություն էր ստեղծվել: Տղա ջան, դու քո առաջին կարդացած տեքստը չես հասկացե՞լ, հասկացա, դու չես գրել, հասկացա, ուրիշը գրել՝ տվել ա ձեռդ, մի քիչ պետականասիրություն ունեցող մարդիկ գրել-տվել են ձեռդ, որ հանկարծ աշխարհի դեմը խայտառակ չլինես, մեզ խայտառակ չանես, դու որ ընթերցել ես, չես հասկացե՞լ՝ այնտեղ ինչ է գրված, որ նման հիմար տպավորություններով, եթե նման տպավորություն իրոք կա, իսկ իրականում չգիտեմ՝ ո՞ւմ, ի՞նչ մեսիջներ էր ուղարկում, ես էլ այդպիսի տպավորություն ստացա, որ ինչ-որ արդարացման հիմքեր է փնտրում: Տպավորություն ես կարամ ստանամ, ես չեմ տիրապետում ռազվեդկային, ի պաշտոնե չունեմ դոստուպ ծառայողական փաստաթղթերին, գենշտաբն ու հետախույզները չեն զեկուցել ինձ, ես ու դուք կարանք տպավորություններով առաջնորդվենք, որովհետև շարքային քաղաքացիներ ենք, ախր դու վարչապետ ես, ի՞նչ է նշանակում՝ ստացա տպավորություն, դու տեղեկանք չունե՞ս, զեկուցող չունե՞ս, գենշտաբ չունե՞ս, ռազվեդկա չունե՞ս, ի՞նչ իրավունք ունես տպավորություններով խոսելու, այն էլ՝ այնպիսի կարևոր հարցի շուրջ, որի վրա սևեռել ենք միջազգային հանրության ուշադրությունը»:

Աշոտյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի գործողությունների պատճառներին:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Անահիտ Հովհաննիսյան

168.am

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ