28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Զգուշացնում էինք, որ Նիկոլ Փաշինյան կոչվող քաղաքական չոռը հերթով չոքելու է բոլորի դռանը. Աշոտյան

image_750x_5ee8547f71869

Հարցազրույց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ

– Պարոն Աշոտյան, հետեւե՞լ եք կիրակի օրվա իրադարձություններին, ի՞նչ գնահատական ունեք։

– Իհարկե, հետեւել ենք երեկվա իրադարձություններին, նաեւ սոցցանցերի տիրույթում, արձանագրել եմ, որ իրավապահ համակարգի կողմից գործադրված միջոցները վկայում են այն մասին, որ համակարգի նոր ղեկավարները՝ ոստիկանության եւ ԱԱԾ-ի, անձնական հավատարմության երդում են տվել Նիկոլ Փաշինյանին եւ պետական համակարգի 2 կարեւոր ինստիտուտ դարձրել են նրա քաղաքական քմահաճույքների ձեռքի խաղալիքը։ Դատապարտել եմ նաեւ այն բիրտ ուժի կիրառումը ցուցարարների եւ ԱԺ պատգամավորների նկատմամբ, որի ականատեսը եղանք։ Եվս մեկ անգամ այս ամենն ապացուցում էր, որ արտակարգ դրությունը երկարացվել է բացառապես քաղաքական ընդդիմախոսների հանրային դժգոհությունները ճնշելու համար։ Հիշեցնեմ, որ այս ճնշումների մասին Փաշինյանն անձամբ է ազդարարել օրերս ԱԺ-ում:

 
 – ՀՀԿ-ն պատրաստվո՞ւմ է հայտարարությամբ հանդես գալ՝ Գագիկ Ծառուկյանի ու նրա թիմի նկատմամբ իշխանությունների գործողությունների առնչությամբ։

– ՀՀԿ-ին քաջ ծանոթ են Նիկոլ Փաշինյանի բռնապետական իշխանության «բարիքները», քաղաքական հետապնդումների կիզակետում հայտնվել է այս 2 տարիների ընթացքում ինչպես մեր կուսակցությունն ամբողջությամբ, այնպես էլ բազմաթիվ գործիչներ՝ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանից սկսած, վերջացրած ինձանով, մեզ ծանոթ է բռնապետություն հաստատող պոպուլիստի ձեռագիրը։ Ինչ վերաբերում է կուսակցական գնահատականներին, ապա մենք գերադասում ենք գնահատականներ տալ երեւույթներին եւ ոչ թե իրադարձություններին, ուստի այս պահի դրությամբ, կանխատեսելով, որ իրադարձությունները դեռեւս ամբողջությամբ չեն սպառվել, գնահատական տալու անհրաժեշտություն չենք տեսնում, բայց անհատական մակարդակով այս խնդրին անդրադարձել ենք եւ անդրադառնալու ենք։

– Դուք այս ամենի մեջ քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ եք, ինչպես հայտարարեց Ծառուկյանը։

– Դեռ 2 տարի առաջ զգուշացնում էինք, որ Նիկոլ Փաշինյան կոչվող քաղաքական չոռը հերթով չոքելու է բոլոր այն մարդկանց ու քաղաքական ուժերի դուռը, որոնք ժամանակի ընթացքում իրենց թույլ կտան քննադատել գործող վարչակազմին, եւ, ինչպես տեսնում ենք, մենք իրավացի ենք դուրս եկել։ Եթե կես տարի առաջ որոշ շրջանակների թվում էր, որ դա վերաբերելու է միայն արտախորհրդարանական ընդդիմությանը, իսկ խորհրդարանական ընդդիմությունը լինելու է պաշտպանված, ապա այս վերջին զարգացումները՝ սկսած «Լուսավոր Հայաստանի» նկատմամբ դահլիճում ցուցաբերված ճնշումներից, վիրավորանքներից, վերջացրած ԲՀԿ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացներով, վկայում են այն մասին, որ խորհրդարանի պատերը եւ մանդատը չունեն պաշտպանիչ զորություն Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ եւ անձնակենտրոն իշխանատենչության դեմ։ Իհարկե, այս ամենն ունի քաղաքական ենթատեքստ՝ իմ խորին համոզմամբ։ Իշխանության ներկայացուցիչների այն մանկամիտ պնդումները, թե քրեական գործերը վաղուց էին հարուցված, եւ պրոցեսը կապ չունի ԲՀԿ-ի վերջին հայտարարությունների հետ, քննադատության չեն դիմանում, որովհետեւ Փաշինյանի համար նման քրեական գործերը խավիարի զակատի բանկեքի նման են՝ նա պահեստավորում է, զակատ է անում այդ գործերը եւ բացում է ըստ սեփական քաղաքական անհրաժեշտության։ Այդպիսին է, օրինակ, իմ նկատմամբ ձեռնարկված քաղաքական գործընթացը:

– ԲՀԿ-ականների մոտ երեկվա իրադարձությունները դեժավյու էին առաջացրել, նրանք հիշում էին, որ 2015-ին էլ ձեր իշխանությունն էր Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնում, եւ Սերժ Սարգսյանի հրահանգով նրա նկատմամբ  հետապնդումներ սկսվեցին։ Դուք նմանություն տեսնո՞ւմ եք այս իրադարձությունների միջեւ։

– Գիտե՞ք, մեր ԲՀԿ գործընկերների որոշ հայտարարություններ, որոնք միտված էին զուգահեռներ տանելու 2015 թ․ իրադարձությունների հետ, ես բացատրում եմ էմոցիոնալ վիճակով։ Բայց այդ զուգահեռներն անտեղի են, որովհետեւ նման իրադարձություններին նախընթաց զարգացումները, բուն իրադարձությունների խորքը եւ անգամ երեւացող մասը որեւէ հիմնավորված զուգահեռ անցկացնելու հիմքեր չեն տալիս։ Ավելին ասեմ․ մեզ համար վիրավորական է համեմատվել այսօրվա վարչակազմի պահվածքի հետ, եւ ես կհորդորեմ մեր գործընկերներին այդ զուգահեռները չանցկացնել, քանզի դրանք հետո օգտագործվում են բացառապես Նիկոլ Փաշինյանին սպասարկող քարոզչամեքենայի կողմից։ Զավեշտալի էր հետեւել, թե ինչպես է փաշինյանական քարոզչամեքենան հորթի հրճվանքով տարածում մեր հին ելույթները: Այո, 2015 թ․ կար սուր ներքաղաքական պայքար, կար էմոցիաների ավելցուկ, կար տհաճ եւ կոշտ բառամթերք, բայց մենք երբեք թույլ չենք տվել մտնել մարդու տեղաշոր, անձնական կյանք, օջախ, եւ այդ զուգահեռները մեզ համար վիրավորական են, այսօրվա իշխանությունների անբարոյական կեցվածքը քաղաքական տարբեր ընդդիմախոսների հանդեպ որեւէ զուգահեռի տեղ թողնել չի կարող։ Որպես 2015 թ․ իրադարձությունների մասնակիցներից մեկը՝ պետք է ասեմ, որ կյանքը, իրականում, բումերանգ է, թող իմքայլականները դա հիշեն, թեպետ արդեն ուշ է, եւ ես կարող եմ ասել, որ իմ քաղաքական գործունեության բումերանգը ես ստացել եմ, ինչպես ասում են՝ շուտով դրա տարոսը կլինի նաեւ ՔՊ-ականներին։

– ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, այլ քաղաքական ուժեր այս օրերին կոնսուլտացիաներ են ունենում, որին ՀՀԿ-ն չի մասնակցում, դատելով նրանց հայտարարություններից՝ չեն ուզում, որ ՀՀԿ-ն միանա իրենց։ Ինչո՞ւ ՀՀԿ-ին չեն ներգրավում այդ հանդիպումներին, եթե առաջարկ լինի, կմիանա՞ք։

– Ես վաղուց եմ հայտարարել, որ Հայաստանում գործող որեւէ ընդդիմադիր ուժ, առանձին վերցրած, ի զորու չէ հաղթել այսօրվա հրեշին՝ Նիկոլ Փաշինյանին։ Եթե առաջ «հրեշ» բառը չակերտների մեջ կարելի էր դնել ու գրել «քաղաքական հրեշ», ապա այսօր ամենայն պատասխանատվությամբ կարելի է այդ բառը Փաշինյանի հանդեպ օգտագործել առանց չակերտների։ Եվ հրեշին հաղթելու համար պետք է միավորվեն բոլոր այն ուժերը, որոնք մտահոգված են երկրի ներկայով եւ ապագայով։ Ինչ վերաբերում է հարաբերություններին այլ ընդդիմադիր ուժերի հետ, ապա հայտնեմ, որ ՀՀԿ-ն մշտապես աշխատանքային ինտենսիվ փոխհարաբերությունների մեջ է եղել եւ կա տարբեր ընդդիմադիր քաղաքական ուժերի եւ գործիչների հետ, դրանք շատ աշխատանքային են ու բովանդակային։ Ինչ վերաբերում է ընդհանուր քաղաքական պլատֆորմի ձեւավորմանը, ապա՝ այո, դա  օրհասական է դառնում։ ՀՀԿ-ն վերջին անգամ այս իշխանությունների կողմից մանիպուլացված ու էյֆորիկ միջավայրում անցկացված ընտրությունների արդյունքում չորրորդ քաղաքական ուժն է, ստացել է 60 հազար քվե 2018-ի դեկտեմբերին։ Ակնհայտ է, որ մենք մեր կայուն տեղն ունենք ընդդիմադիր քաղաքական դաշտում։ Եթե կան ուժեր, որոնց մոտ կստացվի այդ օրակարգի մշակումը եւ իրագործումն առանց ՀՀԿ-ի, ապա ռուսերեն ասած՝ «կառտի վ ռուկի»։ Իրականում, ո՛չ քաղաքական միավորումը պետք է լինի ինքնանպատակ, ո՛չ էլ ընդդիմադիր դաշտում պառակտումները կամ նախկին տարաձայնությունները պետք է դառնան պարարտ հող Նիկոլ Փաշինյանի համար՝ երկարաձգելու սեփական իշխանությունը։ ՀՀԿ-ն որեւէ հավելյալ ամբիցիաներ չունի, բայց մենք գիտենք մեր արժեքը, ուստի պատրաստ ենք աշխատել նաեւ ինստիտուցիոնալ ձեւաչափերում՝ հարկ եղած դեպքում նաեւ առողջ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ։

– Բայց այդ ուժերը կարծես թե չեն ցանկանում Ձեզ հետ գործ բռնել։

– Ուզում եմ նշել, որ նախկիններին դեմոնիզացնելու նիկոլական միֆը հօդս է ցնդում նույն երկրաչափական արագությամբ, որով ցնդում է Նիկոլ Փաշինյանի սրբադասման միֆը։ Հետեւաբար՝ «վայ, նախկինների կողքը չերեւանք» երբեմնի կոմպլեքսները՝ որոշ քաղաքական ուժերի եւ գործիչների, կա՛մ արդեն մաշվել են վաղուց եւ վերացել, կա՛մ վերանալու եզրին են։ Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի գործունեությանը՝ Ծառուկյանի գործի հետ կապված, ապա վերջին իրադարձությունների մասին ամփոփ տեղեկություն ենք հաղորդելու մեր միջազգային գործընկերներին ե՛ւ Բրյուսելում, ե՛ւ այլ քաղաքական մայրաքաղաքներում։

Վահե Մակարյան

hraparak.am

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ