19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մենք կուսակցամոլ չենք, վերմակը միայն մեր վրա չենք քաշում, իսկ կոնսոլիդացիայի կենտրոն պետք է լինի Հայաստանի փրկության գաղափարը. Էդուարդ Շարմազանով

365news.am-ը զրուցել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուրադ Շարմազանովի հետ:

-Իշխող խմբակցության ներկայացուցիչներն ասում են, որ Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործերը իրավական հարթությունում է պետք դիտարկել: Ինչպե՞ս կմեկնաբանեիք երեկ տեղի ունեցած դեպքերը:

-Հայաստանի Հանրապետությունում Նիկոլի իշխանազավթումից հետո՝ երկու տարի շարունակ քաղաքական հետապնդումները սկսվել են, նոր չի քաղաքական հետապնդումը: Քաղաքական հետապնդում եղել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, նա քաղբանտարկյալ է, դրա մասին Հանրապետական կուսակցությունը հստակ գնահատական հնչեցրել է, քաղաքական հետապնդում եղել է, և շինծու քրեական գործ եղել է Սերժ Սարգսյանի նկատմամբ, եղել է բազմաթիվ հանրապետականների նկատմամբ: Քաղաքական հետապնդում եղել է, և շինծու գործեր կարվել են Հրայր Թովմասյանի վրա, Միքայել Մինասյանի վրա և այդպես շարունակ:

-Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ Արթուր Վանեցյանի և այլ ընդդիմադիր կուսակցությունների նախագահների հետ հանդիպում են ունեցել և քննարկել են նաև արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը: Չհիշատակվեց սակայն ՀՀԿ-ի անունը:

-Նախ, առաջինը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին առաջինը խոսել է Հանրապետական կուսակցությունը, ես՝ դեռևս 2018 թվականին: Արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ նույնպես առաջինը խոսեցինք ես և Արմեն Աշոտյանը դեռևս 2019 թվականին: Այսինքն՝ այդ հարցերը քաղաքական օրակարգ բերել է Հանրապետական կուսակցությունը: Ընդդիմության համախմբման, կոնսոլիդացիայի վերաբերյալ, ազգային գաղափարախոսության, Արցախի, ազգային-ավանդական արժեքների շուրջ՝ բացառությամբ ահաբեկչական գործիչների և գրանտակերների, էլի խոսել ենք մենք: Այսինքն՝ այդ հարցերը մեր օրակարգում են մեկ տարուց ավել:

Չմանրամասնեմ՝ կայինք, չկայինք, ում հետ ենք հանդիպում, ում հետ չենք հանդիպում: Ասեմ, որ այս երկու տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչները շատ ակտիվ հանդիպումներ են ունեցել, ունենում և կունենան տարբեր քաղաքական ընդիմադիր գործիչների և կուսակցությունների հետ: Ինչպես նաև ակտիվ կապերի մեջ ենք մեր օտարերկրյա գործընկերների հետ:

Իսկ ինչու չենք եղե՝ ես չեմ կարծում, որ սա վերջին հանդիպումն է: Հանդիպումներ էլի կլինեն, հանդիպումներ կլինեն, որ մենք չենք լինի, հանդիպումներ կլինեն, որ մենք կլինենք՝ մյուսները չեն լինի կամ էլ կլինեն հանդիպումներ, որտեղ միգուցե բոլորս ներկա կլինենք: Հիմա ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը արտախորհրդարանական ամենաազդեցիկ քաղաքական ուժն է, և 2018 թվականի ատելության մթնոլորտում կազմակերպված ընտրությունների արդյունքում ամենաշատ ձայն ստացած արտախորհրդարանական ուժն է և չորրորդ քաղաքական ուժն է հենց իրենց սարքած ընտրություններում: Մենք կուսակցամոլ չենք, մենք վերմակը միայն մեր վրա չենք քաշում, կոնսոլիդացիայի կենտրոնը պետք է լինի գաղափարը՝ Հայաստանի փրկության, Հայաստանը այս ձախողումներից ու այս կառավարությունից ազատելու, հակաճգնաժամային կառավարություն ստեղծելու գաղափարը, Հայաստանն առանց քաղբանտրակյալների և առանց վարչապետի, որը Ալիևին կառուցողական և կիրթ է համարում:

-Այս պահին, երբ կորոնավիրուսի համավարակի ագրեսիվ շրջանն ենք ապրում, արդյո՞ք արտահերթ ընտրություններ անցկացնելու միտքը լավ գաղափար է:

-Քաղաքական պայքարում մենք որդեգրելու ենք և որդեգրել ենք բացառապես օրինական միջոցները: Ակնհայտ է, որ վարչակարգը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ամեն ինչ անում է երկարացնելու արտակարգ դրությունը, և դրա պատճառը, իմ խորին համոզմամբ, ոչ այնքան կորոնավիրուսի դեմ պայքարն է, որովհետև կորոնավիրուսի դեմ պայքարը պարոն վարչապետն ու իր ապիկար թիմը պարտվել են, տապալել են խայտառակորեն, ինչը փաստերով է՝ համեմատեք Վրաստանի տվյալները կամ իր անլուրջ վերաբերմունքը հիշեք կորոնավիրուսի հետ կապված…Այս կառավարությունը, փաստորեն, բացի դիմակներ կրելու կոչից, ոչինչ չի արել: Եթե դիմակներ դնելու համար էր այս արտակարգ դրությունը, կարելի էր կառավարության որոշումով շատ հանգիստ դիմակների դնումը պարտադիր դարձնել: Մեր խնդիրը երբեք չի եղել ինքնանպատակ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, մեր խնդիրը եղել է հանուն Հայաստանի… և այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը «սեր» ասեց, բայց դագաղներ և սև լենտեր բերեց, մերժեց Արցախի հերոսներին, բայց գովաբանեց Ալիևին, կարծում եմ՝ շատերի համար պարզ դարձավ, որ նա չի կարող լինել ո՛չ գլխավոր գերագույն հրամանատար, ո՛չ էլ երկրի վարչապետ:

Հայաստանի ընդդիմադիր դաշտի քաղաքական խմորումները, քաղաքական զարգացումները չեն կարող ընթանալ առանց ամենաազդեցիկ արտախորհրդարանական ուժի՝ Հանրապետական կուսակցության: Դրական եմ վերաբերվում բոլոր այն միավորումներին, որոնց առանցքը ազգային պետության կառուցումն է, արցախյան հարցում պրոհայկական լուծման հասնելու գաղափարն է, Հայաստանում սևերի և սպիտակների վերացումը, և այդ ատելության քարոզը ավարտելու գաղափարն է և ի վերջո նորմալ երկիր ունենալու գաղափարն է, որտեղ քաղաքականությամբ կզբաղվեն ոչ թե ճոռոտախոսներն ու պոռոտախոսները, այլ կզբաղվեն նորմալ պրոֆեսիոնալներ, որոնք ունեն կենսագրություն, այդ կենսագրության հետ կապված նաև թերություններ, բայց ունեն լիքը ձեռքբերումներ:

Ինչպես ասում են հայտնի ասացվածքում՝քաղաքականությունը ոչ թե զազրախոսություն է, այլ արդյունավետություն: Մեզ բոլորիս համար, դժբախտաբար, այդ կառավարությունն այս երկու տարվա ընթացքում ձախողել է ամեն ինչ:

Զրուցեց Հայկա Ալոյանը

365news.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ