29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ղարաբաղյան կարգավորման նոր պրոբլեմները․ 168.am

A12790BF-4A90-492B-B036-443150EB902C

168.am գրում է․ «Ղարաբաղյան հարցի լուծման համար միջազգային հանրությունը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ խորացնում է «բլիթի և մտրակի» քաղաքականությունը։ Այս անգամ բլիթը Միացյալ Նահանգների ձեռքում է։ ԱՄՆ Պետքարտուղարությունը Հայաստանում փորձում է արձանագրել առաջընթաց և «Freedom House» կազմակերպության սանդղակներում Հայաստանի ցուցանիշի բարձրացումը մեկով փորձում է ներկայացնել՝ որպես լուրջ առաջընթաց։ Իր հերթին՝ ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ակտիվորեն ներգրավված է գործընթացի մեջ՝ օգնելով կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկխոսությունը, որի հիմքում է խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակը՝ հիմնվելով Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, հավելելով, որ Ռուսաստանի արտգործնախարարը վերջերս մի շարք ոչ օգտակար հայտարարություններ է արել։

Այս ամենին բլիթի իր կտորն ավելացրեց Հայաստանում Միացյալ նահանգների դեսպան Լին Մ. Թրեյսին՝ ավետիս տալով,  որ կորոնավիրուսի դեմ պայքարի համար ԱՄՆ կառավարության՝ Հայաստանին հատկացված աջակցությունն արդեն կազմում է 5 միլիոն 400 հազար դոլար։ Իհարկե, սա շատ փոքր բլիթ է, քանի որ ԱՄՆ-ը այդպես էլ չի պատրաստվում մի բարձր կամ կիսաբարձր մակարդակի հանդիպում կազմակերպել Հայաստանի ղեկավարության հետ, անգամ չի պատրաստվում շարունակել Արցախում ականազերծման ծրագիրը, իսկ  դեսպանի նշած գումարն այնպիսին է, որ, ըստ Նիկոլ Փաշինյանի հաշվարկների՝ դա կարելի է ստանալ հայաստանցի կես օլիգարխի գրպանները թափ տալուց, բայց, այնուամենայնիվ, լավ ժեստ է և հաճելի է։

Իր հերթին՝ Ռուսաստանը բավականին կոշտ մտրակ է վերցրել ձեռքը՝ սկսած Լավրովի հայտարարությունից ղարաբաղյան բանակցությունների վերաբերյալ, որով նա փաստացի Նիկոլ Փաշինյանին մեղադրեց ստախոսության մեջ, մինչև գազի գնի բարձրացում ու պահանջներ «Պուտինի ընկերոջը»՝ Ռոբերտ Քոչարյանին բանտից ազատ արձակելու։ Ռուսական մեդիան ու իրավապահներն էլ անընդհատ նորանոր մաքսանենգ սիգարետներով ինքնաթիռներ են հայտնաբերում, որոնք, ենթադրաբար, Հայաստանի ղեկավարությունն է ուղարկում։

Այս պարագայում խիստ կարևորվում է իրավիճակի բալանսավորման երրորդ ուժային կենտրոնի՝ Եվրամիության դիրքորոշումը, ինչն այժմ Հայաստանի օգտին չէ և գնալով ավելի է խստանում։ Օրերս Դավիթ Շահնազարյանը հայտնեց, որ Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունվել է բանաձևի նախագիծ, որն իրենից ներկայացնում է Եվրոպական խորհրդարանի հանձնարարականները Եվրոպայի խորհրդին, Եվրահանձնաժողովին, ԵՄ հատուկ հանձնակատարին՝ Արևելյան գործընկերության երկրների նկատմամբ ԵՄ քաղաքականության հետ կապված: Մինչդեռ, այնտեղ չեն մանրամասնվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքները։ Ավելին, երբ Փաշինյանն Ադրբեջանին անվանեց «կառուցողական», այս նախագծում ավելացել է մի կետ, որտեղ կոչ է արվում Արևելյան գործընկերության երկրների տարածքային ամբողջականությունն իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում իրականացնելու համար ամբողջապես պարտադրել հակադրելուն ուղղված նրանց ջանքերը։ Սա՝ դիվանագիտական լեզվով, իսկ եթե ավելի պարզ, սա նշանակում է, որ ԵՄ-ն կսատարի Ադրբեջանին կոշտ միջոցներով, այդ թվում և՝ ռազմական ճանապարհով ղարաբաղյան խնդիրը լուծելու հարցում։ Ավելին, Դավիթ Շահնազարյանը շեշտել է, որ բանաձևի նախագծում տեղ գտած ՝ «մերժում է ուժի կիրառումը կամ ուժի սպառնալիքը», ինչպես նաև «խաղաղ կարգավորումը» վերաբերում է այն հակամարտություններին, որոնցում Ռուսաստանը կողմ չէ,  իսկ դա միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է։ Այսինքն, ըստ Եվրոպայի խորհրդարանի վերոհիշյալ բանաձևի նախագծի` «ուժի կիրառման և սպառնալիքի մերժման» ու «խաղաղ կարգավորման» սկզբունքները Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա չեն տարածվում:

Բայց սա դեռ ամենը չէ, նշված նախագծի տեքստից դուրս է մնացել մի կետ, որն ընդգծում էր, թե ԵՄ-ն Հայաստանում սատարում է, մասնավորապես, դատական բարեփոխումներին ու հակակոռուպցիոն ծրագրերին։

Չնայած կոշտ հակահայկական մոտեցմանը՝ խոսքը դեռևս գնում է Եվրոպական խորհրդարանի հանձնաժողովի ընդունած բանաձևի նախագծի մասին, որը քննարկվելու և ընդունվելու է հունիսի 16-17-ին Եվրոպայի  խորհրդարանի լիագումար նիստում։ Այսինքն՝ մինչև եվրոպական քաղաքականության փաստաթուղթ դառնալը դեռևս 2-3 շաբաթ ժամանակ կա, և Հայաստանի իշխանություններն ու պառլամենտականներն ամբողջովին չեն սպառել գործելու հնարավորությունը։ Հիմա շատ ավելի դժվար կլինի փոխել բանաձևը, սակայն որոշ փոքր հնարավորություն կա, որը պահանջում է եվրոպական կառույցներում ծայրահեղ ինտենսիվ աշխատանք։

Այս խնդրին անդրադարձել է ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, որն ասում է, թե իրենք աշխատում են  այս ուղղությամբ, որ աշխատանքները կրում են պարբերական բնույթ և առաջիկայում էլ կշարունակվեն։ Միաժամանակ, նա չի նկատում այս փաստաթղթի ընդունմամբ պայմանավորված վտանգներ։

Իր հերթին՝ Արմեն Աշոտյանը, դիտարկելով ԵԱՀԿ ԽՎ-ում մեր խորհրդարանականների աշխատանքը, COVID-19-ի խնդիրներին նվիրված հեռավար միջոցառումը, նկատել է, որ, այսպես կոչված, Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչ Թուրալ Գյանջալիևի սադրիչ, հակահայ ելույթը մնաց անպատասխան Հայաստանի ներկայացուցիչների կողմից։ Պարզվեց, որ Հայաստանի ԱԺ պատգամավորները պարզապես ներկա չեն եղել այդ նիստին։ Մեր պատգամավորների բացակայության ամենահավանական պատճառ է նկատվում այն, որ հեռավար միջոցառումները չեն ենթադրում ուղևորություններ, թանկարժեք հյուրանոցներ ու օրապահիկներ, ինչի հետևանքով նրանց հետաքրքրությունը նմանատիպ ժողովների նկատմամբ կտրուկ պակասել է, եթե ոչ՝ զրոյացել։

Ցավալի է նկատել, որ, եթե համավարակի պատճառով շարունակվի եվրոպական կառույցների հետ հեռավար աշխատանքի ֆորմատը, ապա, անգամ անսպասելի ամենատաղանդավոր արտաքին քաղաքական մարտավարության դեպքում, ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ մենք ունենալու ենք ծանր բանաձևեր Եվրոպայի կողմից զուտ այն պատճառով, որ մեր իշխանավորները դրա համար օրապահիկներ չեն ստանում։

Աղասի Ենոքյան

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ