24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանի նախագահը շնորհավորել է ֆրանսիացիներին

Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Հանրապետության նախագահը տոնի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Անրի Ռենոյին, դեսպանատան աշխատակիցներին եւ ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին:

 Նախագահ Սերժ Սարգսյանը նաեւ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի առթիվ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

“Մեծարգո պարոն Նախագահ,

Ջերմորեն շնորհավորում եւ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ եւ ֆրանսիացի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի` Հուլիսի 14-ի առթիվ:

Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության վրա խարսխված Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, սերտ փոխգործակցությունը երկկողմ ձեւա-չափով, եվրոպական կառույցների շրջանակներում եւ միջազգային ասպարեզում, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում հաստատված  տնտեսական սերտ կապերը, միջխորհրդարանական եւ ապակենտրոնացված արդյունավետ համագործակցությունն ավելի կամրապնդվեն եւ նոր լիցք կստանան՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարեկամության խորացման:

Օգտվելով առիթից՝ վերստին շնորհակալություն եմ հայտնում այն կարեւոր առաքելության համար, որ իրականացնում է Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ ի նպաստ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման եւ հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության, կայունության, անվտանգության եւ համագործակցության հաստատման:

Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների՝ հակամարտության խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը, որոնց եւս մեկ արտահայտությունն էր Ձեր, Ռուսաստանի Դաշնության եւ Միացյալ Նահանգների Նախագահների կողմից հունիսի 19-ին Լոս Կաբոսում արված համատեղ հայտարարությունը:

Մեծարգո պարոն Նախագահ,

Մենք մեծապես կարեւորում ենք Ֆրանսիայի շարունակական աջակցությունը Եվրոպական միության հետ Հայաստանի մերձեցմանը եւ համագործակցության ընդլայնմանն ու խորացմանն ուղղված ջանքերին:

Կրկին շնորհավորում եւ մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին` երջանկություն եւ բարօրություն”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ