24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Չեմ կարող կիսել պարոն Լավրովի պնդումը, որ Հայաստանի համար գազի գինը երբևէ եղել է շուկայականից երկու-երեք անգամ ցածր. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Լուրերի»հարցին ի պատասխան անդրադարձել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը: Լավրովը նշել էր, որ համաձայնագրերը կնքելու ժամանակ Հայաստանի համար գազի գինը շուկայականից ցածր է եղել: Նաև գործընկերության համատեքստում հիշատակել է «Հարավկովկասյան երկաթուղում» հնարավոր չարաշահումների առիթով հարուցված քրեական գործը:

«Համաձայն եմ, որ համեմատության մեջ սահմանին գազի գինն առանձին ժամանակահատվածներում եղել է շուկայականից ցածր, սակայն չեմ կարող կիսել պարոն Լավրովի այն պնդումը, որ Հայաստանի համար այն երբևէ եղել է շուկայականից երկու-երեք անգամ ցածր: Հարկ եմ համարում ընդգծել ևս մեկ հանգամանք՝ գազի գնի շուրջ մեր դիմումի առաջնային շարժառիթը եղել է նախևառաջ սակագնի բարձրացման ռուսական կողմի ցանկությունը, ոչ թե էներգակիրների միջազգային գների կտրուկ անկումը: Այսինքն՝ միտքը, որ մենք իրավիճակից ելնելով օգտվում ենք գների անկման հանգամանքից, այնքան էլ տեղին չէ:

Ինչ վերաբերում է ռուսական կապիտալով կամ ընդհանրապես որևէ օտարերկրյա կապիտալով ընկերությունների գործունեությանը Հայաստանում, ապա մեր Կառավարությունը գործել և գործում է տնտեսավարողների համար առավելագույն բարենպաստ պայմանների ապահովման սկզբունքով:

Օտարերկրյա, այդ թվում՝ ռուսական կապիտալով ընկերությունները նախևառաջ հայաստանյան ռեզիդենտ ընկերություններ են, հանդիսանում են գործատու ու հարկատու, և մենք առնվազն ոչ պակաս շահագրգռվածություն ունենք դրանց բնականոն և արդյունավետ գործունեության համար ստեղծել և ապահովել նպաստավոր պայմաններ: Միևնույն ժամանակ, Կառավարությունը չի հանդուրժի, որ որևէ հանգամանքով պայմանավորված որևիցե ընկերություն գործի օրենքից դուրս, և այս մասով ռուսաստանյան մեր գործընկերների հետ կա փոխըմբռնում քաղաքական ամենաբարձր մակարդակով», – ասել է նա:

 

Ավելի վաղ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ երբ գազի գինը, որն այժմ գործում է Հայաստանի և Բելառուսի համար, շուկայականից երկու-երեք անգամ ցածր էր, ընկալվում էր, որ դա այդպես էլ պետք է լինի։

«Եվ ոչ ոք չէր ասում՝ դա քաղաքականություն է: Բոլորն ասում էին, որ մեզ այդպես է հասնում», – ասել է Լավրովը:

«Ես կարծում եմ, որ դաշնակիցներն, իհարկե, պետք է ստանան տնտեսական առավելություններ: Բայց երբ գինը հասել է այնտեղ, որտեղ այժմ է, կան որոշակի պայմանագրային պարտավորություններ: Համոզված եմ, որ դիմումների քննարկման ընթացքում, իսկ դրանք վերջին շրջանում ստացվել են ինչպես բելառուս, այնպես էլ՝ հայ գործընկերներից, հաշվի են առնվում, իհարկե, մեր դաշնակցային հարաբերությունները: Բայց, կարծես, սխալ է հիշել դրա մասին միայն այն դեպքում, երբ իրավիճակը տրամագծորեն հակառակ է դառնում այն իրավիճակին, որը երեք-չորս տարի առաջ էր», – ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը

«Եթե խոսում ենք դաշնակցային հարաբերությունների մասին, ապա դրանք պետք է դրսևորվեն բոլոր ոլորտներում: Եթե խոսենք տնտեսության մասին, ապա մենք մեծ հույս ունենք, որ վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում սկսված դատական գործընթացները համատեղ ձեռնարկությունների դեմ, այդ թվում`«Հարավկովկասյան երկաթուղու», կկարգավորվեն առանց դրանց խառնելով բաներ, որոնք անհամատեղելի են դաշնակցային հարաբերություններին», – ասել է նա:

«Եվ ես այս մասին շատ անկեղծ եմ խոսում, քանի որ զարգացել են մի քանի բարդ իրավիճակներ, որոնցում հայտնվել են ռուսական ընկերությունները: Հուսով եմ, որ մենք կկարգավորենք այս բոլոր խնդիրները փոխադարձ հարգանքի պայմաններով», – ասել է Լավրովը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ