19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պարզապես պետության ղեկավարին ոչ սազական հայտարարություն էր, եթե հասցեական խոսեր՝ հաստատ կլինեին դատական հայցեր իր դեմ. Արմինե Օհանյան

«Շատ դժվար է կոռեկտության սահմաններում պատասխանել նման հայտարարությանը, որովհետև սա այն դեպքն է, որ ասում են՝ «սելը ճռռալու փոխարեն՝ սելվորն է ճռռում»: Մենք գիտենք, որ տարիներ շարունակ «Հայկական Ժամանակն» է եղել այս երկրի առաջատար լրատվամիջոցներից մեկը, եթե չեմ սխալվում՝ երկար տարիներ անվերադարձ պայմանագիր է ունեցել  «Պրեսս Ստենդ» կազմակերպության հետ, որը կապվում էր հայտնի անձանց անվան հետ: Այսինքն, եթե կարելի է խոսել մնացած 99 տոկոս լրատվամիջոցների մասին թեական և առանց ապացույցների, փաստերի ու հիմնավորումների, ապա «Հայկական Ժամանակի» դեպքում հստակ փաստավորված է պետության կողմից, այսպես կոչված, աջակցության փաստը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը՝անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ կապված լրատվամիջոցների հետ:

Հիշեցնենք, որ վարչապետը երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ խոսել էր նախկինում լրատվամիջոցների կառավարման ձևերից և նշել.«Լրատվական դաշտն ինչպե՞ս ա կառավարվել: Լրատվամիջոցների 99%-ը և լրագրողների 70%-ը իշխանությունից կոնկրետ փող ա ստացել, փող ա ստացել: Տենց ա կառավարվել: Հիմա չի ստանում էդ փողը, և ամբողջ լրատվական դաշտը կատաղած ա, որ իրանք փող էին ստանում, հիմա չեն ստանում:

 

Հիմա, եթե ստանում են, ուրիշ տեղերից, վախվխելով են ստանում՝ կարող ա ինչ-որ տեղ, ինչ-որ բան բացահայտվի, և խայտառակ ըլնեն: Եվ տեղի ա ունենում էս ամեն ինչը»:

Արմինե Օհանյանի դիտարկմամբ՝ եթե ընդհանուր առմամբ անդրադառնա լրատվամիջոցների հասցեին վարչապետի կողմից հնչեցրած մեղադրանքներին, ապա յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է իր անունից խոսել, քանի որ դժվար է ամբողջ լրատվական դաշտի կողմից հերքել:

«Բայց այստեղ մեկ բան պարզ է, պարզապես պետության ղեկավարին ոչ սազական, ոչ մի ձևով իր կարգավիճակից չբխող հայտարարություն էր, եթե հասցեական խոսեր,  հաստատ կլինեին դատական հայցեր իր դեմ, պարզապես, երբ անհասցե է խոսել և որևէ լրատվամիջոցի անուն չի հնչեցրել, ստիպված ենք ենթադրել, որ կոնկրետ լրատվամիջոցի, այդ թվում՝ «Հրապարակին» չի վերաբերում, և այս առումով զերծ ենք մնում որևէ իրավական քայլեր անելու մտքից»,- նշեց նա:

Հարցին՝ նման հայտարարություններով, որոնք, ի դեպ, վարչապետը հաճախ է անում, ընդդիմադիր մամուլին լռեցնելու միտումներ տեսնո՞ւմ է, Արմինե Օհանյանը պատասխանեց, որ լրատվական դաշտի նկատմամբ շանտաժը, տեռորը և ներկայիս իշխանություններին քննադատողներին նախկինների հետ կապելն արդեն ավանդույթ է դարձել երկրում:

Ըստ նրա՝ իշխանությունների կարծիքով՝ այնպես է ստացվում, որ ով քննադատում է իրենց՝ ունի որոշակի շահեր և կապված է նախկին ռեժիմների հետ, ինչն Արմինե Օհանյանի կարծիքով՝ մեծ վիրավորանք է բոլոր նորմալ ու առողջ քննադատող մադկանց, քաղաքական ուժերի  և լրատվամիջոցների հասցեին:

«Պարզապես վերջին երկու տարվա ընթացքում այնքան անապացույց, չփաստակված, տգեղ ու տհաճ հայտարարություններ ենք լսել, որ մենք էլ մի տեսակ իմունիտետ ենք ձեռք բերել այդ ամենի նկատմամբ, շատ հաճախ ո՛չ զայրանում ենք, ո՛չ արձագանքում»,- հավելեց նա:

Հաջորդ հարցին՝ ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ վարչապետը լրատվամիջոցներից վախենալու որևէ բան ունի՞, քանի որ ժամանակ առ ժամանակ նրանց թիրախավորում է, Արմինե Օհանյանը պատասխանեց, որ չի ցանկանում վարչապետի տեսանկյունից նայել դեպքերին, ուստի այդ հարցին պետք է վարչապետը պատասխանի, որպեսզի հասկանալի լինի, թե ինչն է նրան առաջնորդում, որ պարբերաբար հաթաթաներ է տալիս, սպառնալիքներ է հնչեցնում, դավադրությունների տեսություններով առաջնորդվում, վիրավորում տարբեր մարդկանց:

«Պետք է հասկանալ, թե սա ինչ հոգեբանական խնդիրների հետ է կապված»,- շեշտեց նա:

Հարցին՝ նման հայտարարություններն ազդո՞ւմ են լրատվամիջոցների աշխատանքի վրա, մեր զրուցակիցը պատասխանեց, որ, եթե երբևէ իշխանություններից պետք է ակնկալեն, որ իրենց կաջակցեն կամ ինչ-որ ձևով պետք է նպաստեն իրենց աշխատանքին, ապա որևէ մեկը չէր աշխատի, և չէին ունենա այն լսարանը, որն այսօր ունեն:

«Մենք մեր ամբողջ կյանքում աշխատել ենք ի հեճուկս իշխանությունների և այն մթնոլորտի, որը ստեղծվել է երկրում, ինչը մեզ համար նորություն չէ: Չեմ բացառում, որ կան երիտասարդ լրագրողներ կամ ինչ-որ լրատվամիջոցներ, որոնք կարող են նման հայտարություններից ազատ խոսքին չնպաստող հետևություններ անել, կարող են լինել: Կոնկրետ ինձ համար, մեր լրատվամիջոցի ու լրագրողների դեպքում նման հայտարարություններն ավելի են տրամադրում, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք և պետք է շարունակենք աշխատել այնպես, ինչպես մինչև օրս աշխատել ենք»,- եզրափակեց Արմինե Օհանյանը:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ