19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը շատ դիպուկ նկարագրում էր իրեն, իր լրատվամիջոցն ու նախկին իշխանությունների հետ շանտաժի միջոցով իր աշխատաոճը. Սաթիկ Սեյրանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղիղ եթերը երկու անգամ եմ լսել. առաջին անգամ ականջներիս չէի հավատում, երկրորդ անգամ՝ աչքերիս, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետևյալ խոսքերին՝ «Լրատվամիջոցների 99%-ը և լրագրողների 70%-ն իշխանություններից փող են ստացել։ Հիմա չի ստանում և ամբողջ լրատվական դաշտը կատաղած ա, որ հիմա փող չի ստանում: Ուրիշ տեղերից էլ որ ստանում են, վախվխելով են ստանում՝ կարո՞ղ է ինչ-որ տեղ ինչ-որ բան բացահայտվի, խայտառակ լինեն»։

«Եթե ուրիշ մարդ խոսեր, ես կփորձեի ըմբռնումով մոտենալ, հասկանալ՝ ինչու է նման բան ասում, պատճառները վերլուծել, լեքսիկոնը, ջղային շարժուները հասկանալ: Բայց քանի որ այդ ամենը Նիկոլ Փաշինյանն էր ասում, ակամայից հիշում էի այն դեպքերը, որոնք տեղի էին ունեցել իր մեքենայի, իր խմբագրության շուրջ, իրենց ընտանիքի սեփականությունը հանդիսացող լրագրողների գործունեության շուրջ: Նիկոլ Փաշինյանը երեկ խոսում էր ինքն իր մասին, իր լրատվամիջոցի գործունեության մասին: Բոլոր տարիների ընթացքում իր ղեկավարված լրատվամիջոցը հենց այսպես է աշխատել: Ինքը շատ դիպուկ նկարագրում էր իրեն, իր աշխատաոճը:

Մի տարբերությամբ միայն. ինքը հույսը դրել էր այն բանի վրա, որ իր նախկին գործընկերներն այնքան բարոյականություն ունեն, որ իրեն չեն հիշեցնի բազմաթիվ դեպքեր: Ինքը մի բան էլ է մոռանում. որ շատ հաճախ նաև շանտաժի միջոցով էր փորձում ինչ-որ բաներ կորզել նախկին բոլոր տարիների իշխանություններից:

Նիկոլ Փաշինյանն ինչ խոսում է, կամ իրականությանը չի համապատասխանում, կամ լեքսիկոնում գործածած ածականները հենց իր մասին են, ցավալիորեն: Երկրի վարչապետին նման լեքսիկոնն ուղղակի հարիր չէ: Նա չի դադարել լինել որոշակի տեսակի, որոշակի սեգմենտի սպասարկող լրատվամիջոցի հոդվածագիր», – ասաց Սաթիկ Սեյրանյանը:

Հիշեցնենք, որ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը թեմայի շուրջ հանդես է եկել  հայտարարությամբ, որտեղ վարչապետին հորդորում է չպիտակավորել իր նախկին գործընկերներին և օդում կախված լուրեր չհայտնել։

«Կոչ ենք անում վարչապետին հրապարակել բոլոր այն լրագրողների և լրատվականների անունները, որոնք գումար են ստացել։ Այդպիսով` Նիկոլ Փաշինյանը կօգնի հայրենական լրատվությանը, հակառակ դեպքում ստացվում է, որ վարչապետը անհիմն է պիտակավորում լրատվականներին և լրագրողական համայնքին։ Նման գործելաոճը չի բխում ազատ խոսքի իրավունքի շահերից և, փաստացի, կանխակալ վերաբերմունք է ստեղծվում այս կամ այն լրատվականի համար», – նշված է հայտարարության տեքստում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ